ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 18 » Առավել կայուն եւ արդյունավետ /Նոր Սահմանադրության նախագիծը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի/
13:29
Առավել կայուն եւ արդյունավետ /Նոր Սահմանադրության նախագիծը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի/

Նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի առաջին յոթ գլուխների հրապարակումից հետո բավականին լայն արձագանք եղավ թե լրատվամիջոցներում, թե քաղաքագիտական շրջանակներում եւ թե հասարակության մեջ։ Հանրության եւ ԶԼՄ—ների ուշադրությունը հիմնականում սեւեռված է նախագծի՝ կառավարման համակարգին վերաբերող գլուխների վրա։ 
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը եւ Հրայր Թովմասյանը երեկ ասուլիսում անդրադարձան մինչեւ այժմ արտահայտված մտահոգություններին՝ հայտնելով իրենց տեսակետները։ Նրանք նախ փաստեցին, որ չեն կարծում, թե նախագիծը կատարյալ է։ Հետեւաբար, այն մաս—մաս հրապարակելը նպատակ է հետապնդում հնարավորինս շուտ հանրությանը փոփոխությունների մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ քննարկումների միջոցով առկա թերությունները բացահայտելու ու վերացնելու։ 
Քննարկման առարկա կարեւորագույն ուղղությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում երկրի կառավարումն է։ Նախագիծը սահմանել է, որ խաղաղ ժամանակներում զինված ուժերը գտնվում են կառավարության՝ որպես կոլեկտիվ մարմնի ենթակայության տակ։ Գործադիրն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ ժամանակատավածում՝ պաշտպանության նախարարի անմիջական ղեկավարությամբ։ Սակայն ԶՈւ ենթակայության մոդուսը փոխվում է այն ժամանակ, երբ իրավաբանորեն պատերազմական իրավիճակ է հայտարարվում։ Այդ դեպքում արդեն ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարությունն անցնում է վարչապետին, եւ նա իրավունք ունի այդ ժամանակատվածում նշանակելու ԶՈւ հրամանատար։
«ԶՈւ հրամանատարության ինստիտուտն այսօր արդեն իսկ ամրագրված է գործող Սահմանադրությունում, եւ մենք դա վերարտադրել ենք։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ պատերազմական ժամանակահատվածում, բնականաբար, քաղաքացիական անձը՝ վարչապետը, չի կարող պրոֆեսիոնալ կոմպետենտ լինել ռազմական գործողություններ պլանավորելու եւ իրականացնելու հարցում։ Նախագծում նախատեսված է նաեւ, որ գլխավոր շտաբի (ԳՇ) պետը, ըստ էության, դառնում է մի ինստիտուտ, որը հիշատակվում է հենց Սահմանադրության մակարդակում։ Ամրագրված է, որ ԳՇ պետն է ամենաբարձր զինվորական պաշտոնատար անձը ԶՈՒ կազմում»,–ասաց Վ. Պողոսյանը։
Հանձնաժողովի անդամը փաստեց՝ պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու դրույթները գրեթե անփոփոխ են մնացել։ Բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման հետ կապված նախագիծը նախատեսում է, որ համապատասխան առաջարկության պարագայում ՀՀ նախագահն է այդ բարձրագույն հրամանատարական պաշտոններին համապատասխան անձանց նշանակում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ՀՀ նախագահի այդ լիազորությունը սահմանափակված է նրա հիմնական՝ Սահմանադրության պահպանման գործառույթով, եւ նա բովանդակային առումով իրավունք չունի հակաճառել նշանակումներին։ Հակաճառությունները կարող են լինել միայն այն պարագայում, եթե համապատասխան պաշտոնի առաջարկվում է մի անձ, ով չի բավարարում կամ Սահմանադրությանը, կամ օրենքներին ներկայացվող պահանջները. «Հնարավոր վեճերի դեպքում մեխանիզմը նախատեսում է սահմանադրական վեճերի լուծման վարույթ։ Սահմանադրական դատարանի վերաբերյալ համապատասխան գլխում նշված է, որ ՍԴ—ն է իրավասու է նման վեճերի պարագայում լուծել այդ խնդիրը»։
Հրայր Թովմասյանի խոսքով, անվտանգության ու պաշտպանության այն համակարգը, որն առաջարկվում է նախագծով, ավելի կայուն ու արդյունավետ է, քան այն, ինչ կա գործող Սահմանադրությամբ։ Ներկայիս Սահմանադրության պարագայում անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նախագահի լիազորությունների մասին խոսելիս միշտ պատկերացնում ենք այն համադրությունը, երբ երկրի ղեկավարը մեծամասնություն ունի խորհրդարանում։ Սակայն կիսանախագահական կառավարման ձեւում չի բացառվում այնպիսի իրավիճակ, երբ երկրի նախագահը, ով գործող Սահմանադրությամբ պատասխանատու է անվտանգության եւ պաշտպանության համար, չունենա մեծամասնություն խորհրդարանում, հետեւաբար այն կառավարությունը, որը ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնության կողմից, չլինի ՀՀ նախագահինը։
«Այդ իրավիճակում, երբ ՀՀ նախագահը եւ կառավարությունը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, երկրի ղեկավարը, ով գործադիրի վրա ազդեցություն չունի, որպես գերագույն գլխավոր հրամանատար պիտի փորձի պատերազմական գործողությունների ժամանակ մոբիլիզացնել պետական բոլոր կառույցները եւ բոլոր լծակները։ Այս դեպքում անվտանգության ու պաշտպանության համակարգը շատ ավելի խոցելի կլինի, քան այն համակարգը, որ այսօր մենք ներկայացնում ենք։ Իսկ այդպիսի իրավիճակներից ոչ ոք չի կարող խուսափել։ Հատկապես, երբ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենում տարբեր ժամանակահատվածներում, միանգամայն նման համակեցություն կարող է ստեղծվել»,— ավելացրեց մասնագետը։
Նոր Սահմանադրության նախագծի դեպքում, ըստ Հ. Թովմասյանի, գործառույթ, լիազորություն եւ պատասխանատվություն եռամիսանությունը բավականին հստակ է։ Գործադիր իշխանությունը ձեւավորած քաղաքական ուժը պատասխանատու է ազգային անվտանգության եւ պաշտպանության համար։ Այս մոդելը նորություն չէ, եւ ոչ ոք չի կարող պնդել, որ խորհրդարանական հանրապետություններ հանդիսացող Իսրայելի, կամ Գերմանիայի պաշտպանության համակարգերը ավելի թույլ են, քան Բոլիվիայի, Ֆրանսիայի համակարգերը։


Շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները պահպանում են մանդատները
 

Հաջորդ թյուրըմբռնումը, ըստ մասնագետների, կապված է խորհրդարանական համակարգում Ազգային ժողովի մեծամասնության կայունության ապահովման հետ։ 
Վ. Պողոսյանը շեշտեց՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի նախատեսում, որ եթե ստեղծվել է կայուն մեծամասնություն, ապա այն պետք է հավերժ պահպանվի։ Հակառակը, նախագիծը ելնում է նրանից, որ երբ ընտրությունների արդյունքում ձեւավորվում է որեւէ կայուն խորհրդարանական մեծամասնություն, բնականաբար, Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում այն կարող է խարխլվել։ Քանի որ ամրագրվել է խորհրդարանական կառավարման համակարգ, ապա նախատեսվել է նաեւ, որ խորհրդարանում հնարավոր է կառավարության փոփոխություն։ Եթե ձեւավորվում է նոր մեծամասնություն, ապա այն իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին եւ միաժամանակ ընտրել նոր վարչապետ։
Հրայր Թովմասյանի խոսքով, խորհրդարանական մեծամասնության կայունության ապահովումը կարեւոր է, սակայն դա չի նշանակում, որ այդ ապահովումը պետք է հակասի որեւէ իրավական նորմի։ Սահմանադրությունը պետք է ապահովի կայունությունը օրգանապես, իր տրամաբանությամբ։ Գլխավոր խնդիրներից մեկն է կուսակցական կարգապահությունը կառավարման խորհրդարանական ձեւում։
«Սահմանադրությունն իր տրամաբանությամբ նպաստում է խորհրդարանական մեծամասնության կայունության ապահովմանը՝ որոշակի էլեմետների կիրառմամբ։ Առաջինը 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումն է, որի պարագայում կուսակցական կարգապահությունն էականորեն մեծանում է, ի տարբերություն մեծամասնականի։ Մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորը մեր իրականության մեջ առավելապես կարծում է, որ ինքն իր շնորհիվ է ընտրվել, եւ կուսակցությունն է իրեն պարտական, քանի որ կուսակցությունն իր միջոցով ձայներ է ստացել»,— նշեց Հ. Թովմասյանը։
Հանձնաժողովի անդամը փաստեց՝ կառավարման խորհրդարանական ձեւը հիմնականում քննադատում են անկայունութան էլեմենտի համար։ Բոլոր խորհրդարանական համակարգով երկրներն այս կամ այն կերպ խրախուսում են խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը՝ տարբեր մեթոդներով։ Նա հիշեցրեց՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին խոսելիս ՀՀ նախագահն առանձնացրեց երկու խնդիր՝ անվտանգությունն ու կայնությունը. արդյո՞ք մենք մեզ կարող ենք թույլ տալ 10 ամիսը մեկ անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ու նոր մեծամասնություններ ձեւավորել. «Այդ իսկ պատճառով կիրառվում են մի շարք էլեմետներ։ Օրինակ, կոնստրուկտիվ անվստահության էլեմենտը. հին վարչապետին հնարավոր է ազատել միայն նոր վարչապետ ընտրելու միջոցով։ Երկիրը չի կարող մնալ առանց վարչապետի։ Երկրորդը՝ սահմանում ենք, որ անվստահության պրոցեսը սկսելուց հետո հաջորդ նման պրոցեսը կարող է սկսվել վեց ամիս հետո, որպեսզի ամբողջ ընթացքում խորհրդարանը զբաղված չլինի անվստահության գործընթացով։ Սահմանվել է որոշակի շեմ, որը կարող է նախաձեռնել այդ անվստահությունը։ Այս ամենը կառավարման խորհրդարանական համակարգին տալու են կայունության էլեմենտներ»։
Սահմանադրությունը նախատեսում է նաեւ Ազգային ժողովի խորհրդի ձեւավորում, որն օգնելու է ԱԺ նախագահին խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու հարցում։ Փաստացի, ԱԺ–ի խորհրդին լիազորություն է տրվում հենց Սահմանադրության մակարդակով։ «Երբ պատգամավորը խախտում է անհամատեղելիության կանոնները, անհարգելի կերպով չի մասնակցում նիստերին, ապա պետք է լինի կառույց, որը կփաստի դրա մասին ու կպահանջի, որ նա զրկվի մանդատից։ Դա չպետք է լինի մեկ անձի, կամ միայն աշխատակազմի խնդիրը։ Խորհուրդը, որը բաղկացած է ԱԺ ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, այդ հարցի վերաբերյալ որոշում է ընդունում, իսկ վեճերի առաջացման պարագայում ՍԴ—ում են վիճարկվում դրանք»,–տեղեկացրեց Վ. Պողոսյանը։
Նա շեշտեց՝ Սահմանադրությունում նշված են ընտրական համակարգի միայն հիմնական ուղենիշները, ինչը ապահովում է համապատասխան ճկունություն հետագա ընտրական օրենսգրքի մշակման համար։ Ըստ էության դրանք կողմնորոշիչներ են ընտրական օրենսգիրքը մշակելու համար. «Կարեւորագույն ուղենիշն այն է, որ ընտրություններն անց են կացվում միայն համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորում։ Եթե առաջին փուլի արդյունքում նման մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անպայմանորեն անց է կացվում երկրորդ փուլ, որին մասնակցելու հնարավորություն են ստանում առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները։ Երկրորդ փուլի արդյունքում հաղթած կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնությունը»։
Վ. Պողոսյանի խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարում են արգելապատնեշը, պետք է իրենց ներկայացվածությունն ունենան խորհրդարանում։ Ակնհայտ է, որ այն ուժը, որը երկրորդ փուլում պարտվել է, նույնպես պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում։ Եւ այդ ներկայացվածությունը պետք է ամրագրվի առաջին փուլի արդյունքներով։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք առաջին փուլի արդյունքներով համամասնորեն ստանում են մանդատներ, պահպանում են այդ մանդատները. «Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Եթե առաջին փուլի արդյունքներով արդեն ձեւավորվում է մեծամասնություն, եւ երկրորդ փուլի կարիք չկա, ապա ԱԺ պատգամավորների թիվն ուղիղ հավասար է լինում 101—ի։ Եթե երկրորդ փուլ է անցկացվում, հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ, քանի որ ինքը մեծամասնություն է ստացել երկրորդ փուլի արդյունքներով։ Հավելյալ մանդատները նա ստանում է պատգամավորների թվի ավելացմամբ, ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները։ Դա է պատճառը, որ թիվը ֆիքսված չէ»։
Հ. Թովմասյանը հավելեց՝ խորհրդարանում լինելու են բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարած կլինեն արգելապատնեշը։ Տեսականորեն ամենամեծ թիվը կարող է լինել 198, իսկ գործնականում՝ 120—130 շրջանակներում։ Օրինակ, եթե որեւէ կուսակցություն առաջին փուլում ստանա, պայմանականորեն, ձայների 45 տոկոսը, իսկ երկրորդում հաղթի հենց այդ կուսակցությունը՝ հավաքելով 50+1 տոկոս ձայներ, ապա այս դեպքում կավելանա 6 տոկոս, այսինքն՝ 101—ի դեպքում 6 տոկոսը լինում է 6 մանդատի ավելացում։ Պատգամավորների թիվը կդառնա 107։


Ազգային միասնականությունն ապահովելով
 

Մասնագետներն անդրադարձան նաեւ նախագահի ինստիտուտի գործառույթներին։ Վ. Պողոսյանը նշեց, որ խորհրդարանական համակարգերում հանրապետության նախագահը կառավարման գործընթացների մեջ ուղղակի ներգրավվածություն չունի, նա, որպես կանոն, Սահմանադրության կանոնների պահպանման երաշխավորն է։ Իսկ Սահմանադրությունը վերկուսակցական փաստաթուղթ է, այն բոլորի համար է՝ քաղաքացու, քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության։
«Եթե նախագահի հիմնական ֆունկցիան Սահմանադրության պահպանմանը հետեւելն է, ուրեմն նա պետք է լինի անաչառ, չեզոք, վերկուսակցական, եւ եթե նա այդ ամենը իրականացնում է, ուրեմն նպաստում է հասարակության ինտեգրմանը։ Նա իրավունք չունի կողմնապահ լինել, դիրքորոշումների ժամանակ ակնհայտ քաղաքական նախապատվություն տալ որեւիցե քաղաքական ուժի եւ փորձել նսեմացնել մեկ այլ կուսակցության գործունեությունը»,–ասաց մասնագետը։
Խորհրդարանական համակարգում նախագահի ինստիտուտի առավելությունը այն է, որ նա, ձերբազատված լինելով քաղաքական պարտավորություններից, դրանով նպաստում է տվյալ պետությունում միասնականությանը եւ հիմնարար արժեքների շուրջ կոնսենսուսի. «Մնացած հարցերի վերաբերյալ թող կուսակցությունները խորհրդարանում վիճեն, կառավարությունն իր քաղաքականությունն իրականացնի իր ընտրած քաղաքական կուրսով։ Սակայն նախագահի խնդիրը մնայուն ու հիմնարար արժեքների պահպանմանը հետեւելն է, նաեւ՝ իր հրապարակային ելույթներում դրանց վերաբերյալ արտահայտվելը։ Նախագահը, չլինելով գործադիր իշխանության կրող ու իրականացնող, կարողանում է ներգործել բոլոր քաղաքական իշխանությունների վրա, իր անաչառությամբ ու վերկուսակցական մոտեցումներով ապահովում ազգային միասնականությունը»։
Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է, որ հանրապետության նախագահին ընտրելու է ընտրիչների ժողովը։ Հրայր Թովմասյանի խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովը նման որոշման է հանգել, որպեսզի նախագահը կախված չլինի խորհրդարանական մեծամասնությունից եւ ունենա լեգիտիմության ավելի բարձր աստիճան։
ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից եւ ԱԺ պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներից։
Համայնքների ղեկավարները կամ ավագանու անդամները ապագայում ընտրական օրենսգրքով նախատեսվող ընթացակարգով իրենցից կընտրեն ընտրիչների։ «Համայնքների ներկայացուցիչները համամասնորեն կբաժանվեն, ասենք՝ 50 համայնքից կընտրվի մեկ ընտրիչ, այսինքն՝ 50 համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները կհավաքվեն ինչ—որ մի տեղ ու կընտրեն այդ մեկ անձին, որը կլինի ընտրիչ՝ նախագահի ընտրությունների համար։ Այս մեկը գումարվելով պատգամավորներին՝ կընտրի հանրապետության նախագահին»,–ասաց Հրայր Թովմասյանը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024