Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնությունը, որը ոմանք պատմական եւ ոմանք էլ դարի համաձայնություն են անվանում, խոշոր քայլ էր միջազգային հարաբերությունների ոլորտում։
Մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ խոսվում էր Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության մասին, շեշտվում, որ այլապես Իրանը տնօրինելու է միջուկային զենքին։ Հատկանշական է նաեւ, որ Արեւմուտքի ջանքերով Իրանի դեմ կիրառված տնտեսական միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները եւս, կարելի է ասել, ապարդյուն անցան, քանզի այդ ընթացքում Իրանը ուրանի հարստացման ոլորտում նոր հաջողություններ արձանագրեց եւ կտրուկ ավելացրեց նաեւ կենտրոնախույս սարքերի քանակը։ Մյուս կողմից, ռմբակոծելով Իրանի միջուկային օբյեկտները եւ երկիրը պատերազմի մեջ ներքաշելն անկանխատեսելի հետեւանքներ էին ունենալու տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար, ինչի պատճառով էլ խուսափում էին այդ քայլից, թեեւ շարունակ հնչեցվում էին սպառնալիքներ։
Միջազգային ԶԼՄ—ներում ու քաղաքական շրջանակներում այժմ լուրջ քննարկման առարկա է համաձայնության ճակատագիրը։ Հոռետեսները նույնիսկ չեն բացառում, որ պատմական համաձայնությունը կմնա թղթի վրա ու կանցնի պատմության գիրկը։ Այսուհանդերձ, արեւմտյան երկրները շտապում են Իրանի հետ փոխհարաբերությունները ժամ առաջ բարելավել, որպեսզի շուրջ 80 միլիոն բնակչությամբ ու էներգակիրներով հարուստ շուկայից անմասն չմնան, անգամ, ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ—ները, լուրջ մրցակցություն է սկսվել Եվրոպայի եւ ԱՄՆ–ի ներդրողների ու գործարար շրջանակների միջեւ։
Եվրոպացիները զգուշանում են Իրանում ԱՄՆ–ի ներդրումների հոսքից։ Դեռեւս ընթացիկ տարվա հունվարին Վաշինգտոնում ձեւավորվել է ԱՄՆ—Իրան տնտեսական հանձնաժողով, որը պետք է երաշխավորի ԱՄՆ 50 միլիարդ դոլար ներդրումները։ Հաշվի առնելով արդեն սկսված մրցակցությունը՝ վերլուծաբանները չեն բացառում, որ Եվրոպան Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները ԱՄՆ—ից ավելի շուտ վերացնի։ Թերեւս դա է վկայում եվրոպական խոշոր երկրների դիվանագիտական ու տնտեսական շրջանակների ակնհայտ աշխուժացումը։ Հուլիսի 20—ին Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը ժամանելու է Թեհրան արդյունաբերողների 65 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ։ Գերմանիան այդ առումով, թերեւս, արտոնյալ վիճակում է, քանզի Իրանի հետ տնտեսական կապերը պահպանել է, եւ երկու երկրների տնտեսական ծավալը կազմում է տարեկան շուրջ 2,5 միլիարդ եվրո։
Հուլիսի վերջին Թեհրան է այցելելու նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, որը բանակցությունների ընթացքում բավական կարծր դիրքորոշում է ցուցաբերել։ Բացի այդ, Իրան—Ֆրանսիա տնտեսական կապերի ծավալը տարեկան 500 հազար եվրո է կազմել, ուստի թվում է, թե Ֆաբիուսի բանակցությունները Թեհրանում հեշտ չեն լինելու։ Բայց եւ այնպես Թեհրանում գտնվող ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի թղթակիցը նշում է, որ ֆրանսիացի գործարարները եւ խոշոր ընկերությունները ոչ միայն չեն սպասել Ֆաբիուսի թեհրանյան այցին, այլեւ անգամ չսպասելով Վիեննայի համաձայնությանը, ակտիվ գործունեություն են սկսել Իրանի տնտեսության մեջ իրենց համար կարեւոր դեր ապահովելու նպատակով։ Նա նշել է, որ ֆրանսիական էներգակիրների «Տոտալ» ընկերությունից հետո, Իրանի մեքենաշնության ոլորտում լուրջ դերակատարություն ունեցող «Ռենո» եւ «Պեժո» ընկերությունների ներկայացուցիչներն են Թեհրան ժամանել՝ նախկին կապերը վերականգնելու նպատակով։ Վերջերս Թեհրանում են եղել նաեւ «Էյրբաս» եւ Ֆրանսիայի երկաթուղու ընկերությունները։ Վերջինս 7 միլիարդ եվրո արժողությամբ համաձայնագիր է կնքել Իրանի երկաթուղայինների հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ եւ հույս հայտնել, որ հնարավորինս շուտ Թեհրանում կվերաբացվի Բրիտանիայի դեսպանությունը։ Նշենք, որ 2011թ. իրանցի մի խումբ երիտասարդներ հարձակվել էին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ապա վերջինիս պատկանող այգու վրա։ Արդյունքում Լոնդոնը փակել էր դեսպանությունը եւ Իրանի դեսպանից պահանջել հեռանալ Բրիտանիայից։
Աշխուժություն է նկատվում նաեւ իսպանացի եւ իտալացի գործարարների շրջանում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւս հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ռուհանիի հետ եւ հույս հայտնել, որ երկու երկրների փոխհարաբերությունները պատժամիջոցների վերացումից հետո կընդլայնվեն։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|