ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 2 » «Արմավիր» ՔԿՀ—ն՝ նոր պայմաններով ու մոտեցումներով /Բացվել է նորակառույց վարչական եւ առաջին բնակելի մասնաշենքը/
15:44
«Արմավիր» ՔԿՀ—ն՝ նոր պայմաններով ու մոտեցումներով /Բացվել է նորակառույց վարչական եւ առաջին բնակելի մասնաշենքը/

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29—ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։
Հանրապետության նախագահն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական եւ առաջին բնակելի մասնաշենք։ Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների եւ հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված այդ հաստատության պայմաններին։
Պատասխանատուների հավաստմամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթեւացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր։ Նախատեսվում է հիմնարկն ամբողջությամբ շահագործման հանձնել երկու փուլով։ Առաջին փուլով ներկայումս շահագործմանն են հանձնվում հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը եւ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը։ Երկրորդ փուլում՝ մինչեւ 2015թ. վերջը, շահագործման կհանձնվի եւս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը։
Ոլորտի պատասխանատուները քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման կարեւոր միջոց են դիտարկում ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսդրության արդիականացման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը թույլ կտա շուրջ 25 տոկոսով կրճատել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը՝ այլընտրանքային խափանման միջոցները եւ ազատազրկման հետ չկապված պատժատեսակների տեսակարար կշիռը ավելացնելու միջոցով։
Հայաստանում ներկայումս գործում է 11 քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է 3893 անձ։ Հայաստանում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են խորհրդային տարիներին, եւ շատերի շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
Նորակառույց ՔԿՀ—ի առաջին մասնաշենքը բաղկացած է երկու թեւից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նախատեսված է 4 դատապարտյալի համար։ Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16—17 քառակուսի մետր։ Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգարանով։ Հիմնարկն ամբողջությամբ նախատեսված է փակ եւ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար։
«Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիրի» առաջին մասնաշենքը։ Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները եւ կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել»,—ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Նրա տեղեկացմամբ՝ շուտով փակ եւ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող շուրջ 400 դատապարտյալներ տեղափոխվելու են «Արմավիր»։ Պատիժը կրելու ընթացքում նրանք հնարավորություն կունենան ընտանիքի անդամների հետ շփվել առավել պատշաճ եւ բարեկարգ պայմաններում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ունենալու է 201 ծառայող։ Բարեկարգ ՔԿՀ—ն նաեւ կնպաստի այնտեղի աշխատակիցների լավ աշխատանքին. «Պարոնայք սպաներ եւ աշխատակիցներ, դուք ձեր ժամանակի զգալի բաժինն անց եք կացնում այս ծառայության մեջ, բարդագույն եւ միգուցե երբեմն անշնորհակալ ծառայության, որը դուք պատվով եք կատարում։ Ուստի ձեր աշխատանքային պատշաճ պայմանները նույնպես մեր առաջնահերթությունների թվում են։ Հուսով եմ, որ բարեկարգ հիմնարկը կնպաստի ձեր աշխատանքի որակի բարձրացմանը։ Բարի ծառայություն եմ մաղթում ձեզ բոլորիդ»։ Նախարարը հավաստիացրեց, որ արդարադատության նախարարությունը եւ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը կանեն հնարավոր ամեն ինչ համակարգում իրավիճակը բարելավելու համար։
Արդարադատության նախարարի խոսքով, այս հիմնարկի բացմամբ լուծվելու է լրջագույն մի խնդիր եւս՝ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մեղմումը։ Հիմնարկի բոլոր երեք մասնաշենքերի շահագործումից հետո այդտեղ կտեղավորվեն ընդհանուր առմամբ 1200 դատապարյալներ։ Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրի լուծման ճանապարհներից է նաեւ պրոբացիոն ծառայության ներդրումը 2016 թվականից։
«Այս կառույցն իր բոլոր չափանիշներով՝ թե անվտանգության, թե պահպանման պայմանների, հավանության է արժանացել մեր եվրոպական գործընկերների կողմից, մասնավորապես Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի վերահսկողություն իրականացնող համապատասխան կոմիտեի կողմից, հաշվի են առնված այն չափանիշները, չափորոշիչները, որոնք մեր եվրոպական գործընկերներն առաջարկում են նման հաստատությունների համար։ Մեզ համար կարեւոր է նաեւ տեղական կազմակերպությունների կարծիքը։ Կարծում եմ՝ մենք շրջայց կկազմակերպենք այդ կազմակերպությունների անդամների համար»,–ասաց նա։
Նշենք, որ քրեակատարողական հիմնարկի հագեցման հարցում որոշակի աջակցություն է ցուցաբերել ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը՝ տրամադրելով համակարգչային եւ գրասենյակային տեխնիկա, անվտանգության ապահովման որոշակի սարքեր, ինչպես նաեւ կազմակերպել է կրթական ծրագրեր անձնակազմի համար։
«ԱՄՆ—ը շատ է կարեւորում Հայաստանի ոստիկանության, դատարանների, քրեակատարողական համակարգի հետ աշխատանքը»,—ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։
«Մենք հպարտանում ենք այս ոլորտում Հայաստանի արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցությամբ։ Մենք կարծում ենք, որ ոչինչ այնքան կարեւոր չէ, որքան Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները»,— հավելեց նա։
ԱՄՆ Վիսկոնսի նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլն ասաց, որ հայ մասնագետների համար կազմակերպել են կալանավայրերի կառավարման, աշխատանքի կազմակերպման թեմաներով դասընթացներ. «Գեղեցիկ շինություն է, բայց այն, ինչ հետո լինելու է, ինչպես է կազմակերպվելու այստեղ աշխատանքը, շատ էական է։ Քրեակատարողական համակարգի աշխատանքը գնահատում են ոչ թե նրանով, թե ինչքան մարդ է պահվում այնտեղ, այլ՝ թե ինչպես է կարողանում այդ համակարգն աշխատել, որ մարդիկ ազատվելուց հետո կրկին չվերադառնան։ Միացյալ Նահանգներում ծրագրեր են իրականացվում, որպեսզի ազատվելուց հետո դատապարտյալները կարողանան հանդես գալ որպես լավ քաղաքացիներ»։
Հովհաննես Մանուկյանն ավելացրեց, որ դատապարտյալների շրջանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու, հետագայում վերասոցալիզացիան արդյունավետ կազմակերպելու գործում կարեւոր է վերջիններիս աշխատանքով ապահովելը։ Այս հարցը եւս առաջնահերթություններից է։ Նախարարը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիմնադրամը» վերջին 6 ամսվա ընթացքում տարաբնույթ աշխատանքներում ներգրավել է լրացուցիչ 50 դատապարտյալի։
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ շարունակելու է համագործակցությունը եվրոպական կառուցների հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։
Մեր երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի նշանակում, որ համագործակցությունը դադարեցնելու ենք մեր հիմնական, հատկապես եվրոպական գործընկերների հետ։ Նմանատիպ մոտեցում ունեն նաեւ մեր գործընկերները»,—ընդգծեց արդարադատության նախարարը։
Հ. Մանուկյանի խոսքով, ներկայումս Հայաստանը համապատասխան ձեւաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ։ «Մենք բարեփոխումները շարունակելու ենք։ Դրանց ընթացքում մեր այն գործընկերները, ովքեր պատրաստակամություն կհայտնեն մեզ աջակցել եւ օգնել, որ ավելի արդյունավետ դարձնենք մեր առանձին համակարգերը, բնականաբար, մենք կհամագործակցենք իրենց հետ»,— ասաց Հովհաննես Մանուկյանը։
«Հայաստանում իհարկե արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կատարյալ չէ, բարեփոխումների կարիք ունի,—ասաց Ջոն Հեֆֆերնը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում։—Մենք կարծում ենք, որ Հայաստանում կան լավ կադրեր, ովքեր կարող են այդ բարեփոխումներն իրականացնել։ Մենք տեսնում ենք, որ կա հանձնառություն այդ բարեփոխումների կատարման ուղղությամբ»։ Դեսպանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը ԱՄՆ—ին դիտարկում է որպես գործընկեր այդ աշխատանքներում. «Այնտեղ, որտեղ նրանք մեր օգնությունը կցանկանան, մենք պատրաստ ենք օգնել»։
Ջոն Հեֆֆերնը նշեց, որ ԱՄՆ—ը Հայաստանի հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ աշխատանքներ է իրականացրել։
Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց կազմակերպվեց քրեակատարողական հիմնարկում։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024