ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 8 » «Աշխարհն առանց ցեղասպանությունների» /Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում/
09:50
«Աշխարհն առանց ցեղասպանությունների» /Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում/

 ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով՝ նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին։
Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին։
Լսումներին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ։ Ելույթներ են ունեցել նաեւ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ–ում բնակվող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ։
Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ հանցագործությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածության եւ փոխպայմանավորվածության հարցերը։
Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։ Անդրադարձ է կատարվել ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարին, ներկայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրության արդի կանոնակարգումները եւ քննարկվել են ժխտողականության հարցում առկա հիմնական մարտահրավերները։ Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնարավոր լուծումների կիրառման կառուցակարգերը։
Որպես ցեղասպանական քաղաքականության իրականացման հիմքեր՝ մատնանշվել են եւ դատապարտվել կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության, այլատյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան դրսեւորումներ։

Ցեղասպանությունը ժխտելը նույնքան հանցավոր է, որքան այն իրագործելը

ՀՀ Ազգային ժողովը նախապատրաստում է հայտարարության տեքստ, որը կդատապարտի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը զուգահեռ հույն ու ասորի փոքրամասնությունների ոչնչացումը, հայտնել է ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
«Ողջունում եմ այս խորհրդաժողովը, որը շատ կարեւոր է 2015 թվականի 100—րդ տարելիցի միջոցառումների ոգեկոչման տեսանկյունից։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հայերը, Հայաստանում ապրող փոքրամասնությունները, շատ լավ գիտակցում ենք՝ ինչ է ցեղասպանությունը։ Մենք պայքարում ենք, որ աշխարհի բոլոր անկյուններում լինի հստակ գիտակցումը՝ այլեւս երբեք։ Մարդկային հասարակությունը պետք է գիտակցի, որ ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիրներ են, ոչ թե մեկ առանձին ազգի։ Բայց նույնքան վտանգավոր է ժխտողականությունը, այն նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանություն իրագործելը»,–ասել է ԱԺ փոխխոսնակը։
Շարմազանովի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարությունը չի կարողանում հաշտվել իր պատմության հետ, քանի որ հայ—թուրքական հարաբերություններում անընդհատ դրվում են նորանոր նախապայմաններ։ «Ճշմարիտ են մեր գործընկերները, ովքեր նշեցին, որ գալու է ժամանակը, երբ ոչ միայն թուրք մտավորականներն են ծնկի իջնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ, գուցե նաեւ մեր հարեւան երկրում կլինեն լուսավոր օրեր, ու նրանց ղեկավարները կգիտակցեն, որ իրենց նախորդները ոչ միայն վնաս են հասցրել, այլեւ ցեղասպանել են ժողովուրդներին իրենց իսկ բնօրրանում»,–նշել է նա։
«Քանի դեռ Թուրքիան այսօր պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է բոլորս, մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, միասնական լինենք։ 
Անհրաժեշտ է չորս միասնություն՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության եւ մեր բարեկամ երկրների միասնությունը։ Այդ միասնությամբ պետք է թեւակոխենք 2015 թվականը ու ասենք՝ «այլեւս երբեք»,–եզրափակել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումն ու ցեղասպանությունների կանխարգելումը։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան նորանոր ճիգեր է գործադրում՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Ցեղասպանության ժխտումը, անպատժելիության մթնոլորտը ճանապարհ հարթեցին մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար»։
Ըստ ԱԳ փոխնախարարի՝ մի կողմից՝ գոյություն ունի ցեղասպանության փաստը, որը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, քանի որ այդ ցավը աշխարհի յուրաքանչյուր հայ պահում է իր մեջ մինչեւ այսօր, իսկ մյուս կողմից՝ պաշտոնական ու պարտադրված ցեղասպանության հերքումն է Թուրքիայի պետության կողմից։ «Իր ելույթներից մեկում Էդողանը ընդգծում էր, որ այն, ինչ տեղի է ունեցել 2015—ին, տեղի էր ունեցել անկախ կրոնից ու էթնիկ ծագումից։ Կարծես թե Անկարայում մոռացել են 1919 թվականին Թուրքիայի զինվորական դատարանի դատավճիռը, որն անհերքելի փաստերով ապացուցեց, որ հայերի ոչնչացումը պետական քաղաքականություն էր ու մահապատժի ենթարկեց հիմնական կազմակերպիչներին։ Ցեղասպանության եզրույթի մշակումը Ռաֆայել Լեմկինի կողմից աննկատ է մնացել Անկարայում»,–նկատել է Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ թուրք պաշտոնյաներն իրենց հայտարարություններով հավասարության նշան են դնում պատերազմի կորուստների ու հայերի համակարգված բնաջնջման միջեւ. «Կասկածից վեր է, որ հայերի ցեղասպանությունը կազմակերպվել է ցեղասպան մտադրությամբ, որի արդյունքում միլիոնավոր մեր նախնիներ կորցրին իրենց կյանքը, տներն ու ունեցվածքը, դա փորձ էր Օսմանյան կայսրությունում խախտելու միլինավոր հայերի կյանքի իրավունքը, ինչպես նաեւ նրանց անցյալը, ավելի քան 2000 մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին, իսկ ողջ մնացած մարդիկ տեղահանվեցին իրենց տարածքներից»։
ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ—մայոր Հայկ Քոթանջյանը զեկույցում մասնավորապես նշել է, որ ցեղասպանության չճանաչումը, որպես կանոն, ունի քաղաքական աստառ. «Որպես նախադեպ պետք է դիտել Ողջակիզման ճանաչումը ԳԴՀ իշխանությունների կողմից, որոնք սկզբունքորեն իրենց տարանջատեցին նախկին ֆաշիստական Գերմանիայի ցեղասպանական իշխանություններից։ Հայտնի է, որ այդ հիմքերի վրա, Կոնրադ Ադենաուերի կառավարությունը Իսրայելի կառավարության եւ Գերմանիայի նկատմամբ նյութական պահանջատիրության հարցերով համաժողովի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որով պարտավորվեց տուժած կողմին վճարել փոխհատուցում։ Ժամանակակից Թուրքիայի իշխանություններից ակնկալվում է ազգությամբ հայ իրենց 1.5 մլն քաղաքացիների նկատմամբ կատարված ցեղասպանության կապակցությամբ տարանջատում Սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի ցեղասպանական վարչակարգերից՝ վնասի համար փոխհատուցման համաչափ պատասխանատվության ստանձնմամբ։
Ինչպես համարում են որոշ իսրայելցի փորձագետներ, ժամանակին Իսրայելը, հաշվի առնելով արաբա—իսրայելական հակամարտության դինամիկան եւ ձգտելով արաբական պետություններին այլընտրանքային աշխարհիկ Թուրքիայի հետ կառուցելու եւ պահպանելու գործընկերային հարաբերություններ, ստիպված եղավ հրաժարվել հայերի ցեղասպանության ճանաչումից, որպեսզի չգրգռի Անկարային»։
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում, որ հայությունը սահմանի պահանջները, որոնք դրվելու են Թուրքիայի առջեւ՝ պատասխանատվության կանչելիս։ «Ցեղասպանության դեմ ՄԱԿ—ի 1948 թվականի կոնվենցիան կարեւոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ու մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։ Դրանում կա ակնարկ պետական պատասխանատվության մասին։ Կարծում եմ, սակայն, որ այդ պատասխանատվությունը, թողնված լինելով միջազգային արդարադատությանը, եւ, փաստացի լինելով շատ քիչ դեպքերում կիրառված, պատճառ է դարձել, որ ցեղասպանություն գործողները համարձակ շարժվեն։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ անհրաժեշտ է, որ մենք՝ հայերս, սահմանենք, թե ինչ ենք պահանջում թուրքերից պատասխանատվության կանչելու համար»,–ասել է Կիրո Մանոյանը։
Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ՄԱԿ—ի ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիային, շեշտել է, որ ինքը եւս կոնվենցիայի մի շարք կետերի կարգավորումների շուրջ ունի հարցադրումներ. «Առաջին հերթին՝ դա վերաբերում է ցեղասպանությունը հերքելու, հավանություն տալու, արդարացնելու խնդիրներին։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք ինքներս նախաձեռնենք այս կոնվենցիայի նոր արձանագրություն, որով կարող ենք անդրադառնալ բոլոր այն հարցադրումներին, որոնք կապված են ցեղասպանության հանցագործությունը հերքելու հետ։ Կան անելիքներ, որոնց ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ակտիվ լինի»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 458 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024