Անցյալ շաբաթ հայ—ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը կրկին լարված էր։
Հուլիսի 24—ին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին եւ Տավուշի մարզում։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից։
«Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցել է 160—ը։ Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության եւ հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,–նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաեւ ավելացրել է, որ «ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին։ Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա։ Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,–ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով։
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց։
«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են»,–ասված է ԼՀՂ ՊՆ հաղորդագրությունում։
Ադրբեջանն իր սպառազինության բարձր մակարդակով փորձում է որոշակի շանտաժի միջոցով բանակցային գործընթացում միջավայր ձեւավորել, որպեսզի իր հետ հաշվի նստեն, ինչն, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հնարավոր չէ, քանի որ բանակցություններն ունեն տրամաբանություն, կետեր եւ սկզբունքներ։ «Արմենպրեսի» հետ զրույցում պատգամավորը հենց այդ հանգամանքով է պայմանավորել սահմանին իրավիճակի լարվածության մեծացումը։
Միաժամանակ, Զաքարյանը հիշեցնում է հակամարտության կարգավորման սկզբունքներից ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որի իրացումն անբեկանելի իրավունք է։ «Հակամարտության լուծումը տրվելու է՝ հաշվի առնելով հենց այդ իրավունքը, եւ Ադրբեջանը իր ներքին լսարանի եւ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու համար գնում է այդ ուղով, ինչն անթույլատրելի է երկու պայմանով։ Նախ, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքն իրականություն չի դառնա, որովհետեւ հայկական զինված ուժերը հսկում են իրավիճակը սահմանի ողջ երկայնքով։ Բացի այդ, բանակցային գործընթացը չի տրվում շանտաժի, քանի որ եռանախագահողները հստակ հասկանում են Ադրբեջանի լեզուն եւ լավ պատկերացնում են, թե ինչ է ցանկանում Ադրբեջանն ստանալ»,–շեշտել է Զաքարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը կարող է իր ակնկալիքները ստանալ միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Միաժամանակ, պատգամավորը ընդգծել է, որ այս առնչությամբ աշխատանքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը։
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում, որ Ադրբեջանին շարունակ պահի ուշադրության կենտրոնում եւ թույլ չտա, որ Ադրբեջանը խեղաթյուրի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում, որ աջակցի Մինսկի խմբի ձեւաչափին եւ մոլորության մեջ չհայտնվի Ադրբեջանի կեղծ գործողություներից։ Միջազգային հանրությունը, նրանք, ովքեր շահագրգիռ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, պետք է պարտադրեն Ադրբեջանին, որ այն պահպանի հրադադարի ռեժիմը, արկածախնդության չգնա եւ չսրի սահմանին իրավիճակը»,–ասել է նա։
«Բաքվում կայացած եվրոպական խաղերի ավարտից հետո ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները հակառակորդի կողմից սպասելի էին,–«Panorama.am»—ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։–Սպասելի էր, որ ադրբեջանական կողմը կրկին ապակայունացնելու է իրավիճակը պետական սահմանին։ Բայց, բնականաբար, Հայաստանի զինված ուժերը պատրաստ են նման զարգացումների»։
Իսկ թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից տարբեր չափի ականանետերի կիրառումը, Ջամալյանը նկատել է, որ դա սահմանային լարվածության նոր որակի մասին է վկայում։
«Հայկական կողմը հրադադարի հաստատումից ի վեր սկզբունքորեն ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառելուց։ Բայց եթե թշնամին գնացել է այդ քայլին, ապա, բնականաբար, մեր դիրքապահ ստորաբաժանումները չեն կարող պասիվ դիտորդի դերում մնալ։ Նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայկական բանակի ստորաբաժանումների դիպուկ կրակով հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացվել։ Եթե մեր այդ հակընդդեմ գործողությունները չլինեն, ապա պետական սահմանին իրավիճակը շատ ավելի կլարվի, քանզի թշնամին իրեն անպատժելի կզգա, եւ է՛լ ավելի սանձարձակ կդառնա»։ Նախարարի խորհրդականը նշել է, որ Հայաստանի հասարակությունը եւ, առավել եւս, հայկական բանակը պետք է պատրաստ լինի սահմանում լարվածության աճին, որպեսզի հակառակորդը սթափվի։
«Սահմանին իրավիճակի ապակայունացմանն ու ըստ այդմ՝ թշնամու ագրեսիային դիմակայելու պատրաստակամությունն ադրբեջանական կողմի ագրեսիվ նկրտումները զսպող կարեւորագույն գործոն է։ Տվյալ դեպքում շատ կարեւոր է անհրաժեշտության դեպքում արագ համախմբվելու ունակությունը։ Վստահ եմ, որ անցյալ օգոստոսին մեր հասարակության համախմբման փաստը, կամավորականների այցը մարտական հենակետեր աննկատ չի մնացել Բաքվում, եւ իր սթափեցնող ազդեցությունն ունեցել է։ Հետայսու նույնպես թշնամուն հարկավոր է պարբերաբար սթափեցնել՝ արժանապատիվ եւ հուսալի խաղաղություն ապահովելու համար»,–նկատել է Դ. Ջամալյանը։
Իսկ ադրբեջանական մամուլն արդեն սկսել է գրել պատերազմի մասին։
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքում անդրադարձել է դրան եւ գրել, որ երեկվանից որոշ ադրբեջանական թերթեր գրում են սահմանային ծանր կռիվների մասին. «Այսօր էլ գրում են՝ իբր հայկական կողմը 5 զոհ է տվել։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս նյութերի տակ ադրբեջանցիների մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, թե ինչքան է պրիմիտիվ քարոզչությունը զզվեցրել հասարակ մարդկանց։ Մարդիկ արդեն չեն հավատում կամ կասկածանքով են մոտենում նմանատիպ լուրերին։ Ինչպես ադրբեջանցի օգտատերերից մեկը գրել է՝ «Ղարաբաղը մեր թերթերն են հետ բերելու»։
Հայ—ադրբեջանական հարաբերություններում բանակցային գործընթացի ակտիվությունն ինչ—որ տեղ սպասելի էր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ այս փուլը կարեւոր է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար։ Երեկ այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ պատերազմի։
«Այդուհանդերձ, լուրջ զարգացումներ չեն լինի։ Հիմա ամենաշատը, որ կլինի, դա նախագահների հանդիպում կազմակերպելն է, ոչ ավելին։ Բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար հիմա համանախագահներին միայն հանդիպում կազմակերպելն է մնում, ինչը դժվար է ասել՝ նրանց կհաջողվի՞, թե՞ ոչ»։ Հրանտ Մելիք—Շահնազարյանի խոսքով, դա կախված կլինի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից։
Նրա խոսքով բանակցային գործընթացի ակտիվությունը մեծ հաշվով համընկավ տարածաշրջանային զարգացումներին։ Տարածաշրջանում ռուս—ամերիկյան համագործակցությունը նորից սկսում է աշխատել, եւ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի սահմանում իրավիճակը լարված պահի։
«Վստահեցնում եմ, որ Ադրբեջանին դա լավ հաջողվում է. երբ տարածաշրջանում ինչ—որ զարգացումներ են լինում, նա անմիջապես անցնում է գործողությունների»,–նշել է նա։
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, քաղաքագետն ասել է, որ Ադրբեջանի կողմից պատրաստակամություն չի տեսնում, նախեւառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան ռազմականորեն եւ տնտեսապես. «Սոցիալական խնդիրը շատ սուր է դրված Ադրբեջանում։ Արտաքին ազդակները նույնպես պակասում են, քանի որ նա աջակցություն չի ստանալու նույնիսկ իր ռազմավարական գործընկերոջից՝ Թուրքիայից։ Հետեւաբար, Ադրբեջանը ռազմական հաջողության հասնել չի կարող, ինչի շանսերն ունի հայկական կողմը»։ Այնպես որ Ադրբեջանին մնում է միայն սահմանին լարված իրավիճակ ստեղծել՝ այդպիսով քաղաքական դիվիդենտներ շահելով։
Ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով, ադրբեջանցիները կրակի հետ են խաղում՝ սահմանին լարվածություն ստեղծելով։ Նա կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շահեկան դիրքում չէ. «Կրակի հետ խաղացողը կարող է ինքն այրվել կրակի մեջ»։ Այվազյանը համոզված է՝ սահմանի լարվածությունը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ՝ արտագաղթածները պետք է երկկողմանի վերադառնան իրենց հայրենիք։ Նա չի բացառում, որ սահմանի լարվածությանը նպաստող հաջորդ հանգամանքն էլ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը լինի։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|