Պատմական համաձայնությունը կայացավ։ Վիեննայում երկար տեւած բանակցությունների արդյունքում Իրանի ու վեց երկրների (Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) միջեւ ձեռք բերվեց Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ամփոփիչ փաստաթղթի դրույթների վերաբերյալ համաձայնություն։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է համաձայնության ձեռքբերումը.
«Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարեւոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության ամրապնդման։
Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»։
Իրանի եւ «վեցյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Արցախը եւս գնահատում է որպես մեծ ներդրում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ «ԼՂՀ ԱԳՆ—ն ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ որպես էական ներդրում տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման գործում»,–հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
Ըստ Իրանի եւ «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնության՝ ենթադրվում է, որ երկրի տարածքում միջուկային բոլոր օբյեկտները շարունակելու են գործել, եւ դրանցից ոչ մեկը չի փակվելու կամ ոչնչացվելու։
Նշվում է նաեւ, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգների հիմնական մոդելների ուսումնասիրությունն ու արտադրությունը։
Գործարքի շնորհիվ վերացվել են ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի, ԱՄՆ—ի եւ Եվրամիության կողմից ավելի վաղ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները՝ բացառությամբ զենքի վաճառքի էմբարգոյի, որը շարունակելու է ուժի մեջ մնալ 5 տարի, եւ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում ՄԱԿ—ի կիրառած պատժամիջոցների, որոնք ուժի մեջ են մնալու 8 տարի։
Համապարփակ համաձայնագրի կնքումից հետո ԵՄ—ն Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները կսառեցնի մինչեւ տարեվերջ, որի ընթացքում կհամաձայնեցվեն բոլոր հարցերը՝ դրանց լիարժեք չեղարկման համար։ Իսկ Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության հարցերի պարզաբանումից հետո պատժամիջոցներն ամբողջությամբ կհանվեն։
Պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց Իրանը պարտավորվում է 15 տարի միջուկային վառելիքի վերամշակման գիտափորձեր չկատարել։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանում ցածր հարստացված ուրանի պահուստները 15 տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 300 կգ—ն։
«Իրանը վստահեցնում է, որ ոչ մի պարագայում չպետք է ձգտի մշակել, տնօրինել միջուկային զենքի ցանկացած տեսակի»,–ասվում է համաձայնագրի նախագծում։
Իրանի կողմից այդ պարտավորությունները խախտելու դեպքում պատժամիջոցները ՄԱԿ—ի ԱԽ—ում քվեարկության միջոցով կարող են նորից հաստատվել։
Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ուղարկվելու է ՄԱԿ՝ Իրանի ու «վեցյակի» ներկայացուցիչների կողմից ստորագրվելուց հետո։ Այն ուժի մեջ կմտնի ԱԽ—ի համապատասխան բանաձեւից հետո 90—օրյա ժամկետում։
«Միջնորդ երկրների «վեցյակի» հետ համաձայնագրի կնքումը նշանավորում է Իրանի զարգացման կարեւորագույն կետը»,–ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին։
«Ռամազանի այս ամիսը մեզ լավ լուր բերեց. լավ համաձայնագրի կնքում։ Այսօր մենք գտնվում ենք մեր պետության զարգացման կարեւորագույն կետում, որը պսակում է իրանական միջուկային դոսիեի առիթով աշխարհի տերությունների հետ բանակցությունների 12—ամյա պատմությունը»,–ասել է Իրանի նախագահը։
Աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները եւս անդրադարձել են այս ուշագրավ իրադարձությանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Վիեննայում Իրանի հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցներն ընտրություն են կատարել կայունության օգտին։
«Իրանը հնարավորություն կստանա ԱԷՄԳ վերահսկողության եւ դրան հաջորդող պատժամիջոցների չեղարկման պայմաններում զարգացնելու միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը։ Դա կարեւոր է Ռուսաստանի եւ Թեհրանի միջեւ խաղաղ ատոմի հարցով համագործակցության մասշտաբային պլանների իրականացման առումով»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս փոխել Թեհրանի նկատմամբ հարաբերությունների ուղղությունը, հայտնում է BBC—ի ռուսական ծառայությունը։
«Մենք շատ տարբերություններ ունենք։ Չի կարելի հաշվի չառնել մեր երկրների պատմական զարգացման տարբերությունը։ Գործարքը հնարավորություն է տալիս շարժվել նոր ուղղությամբ, ու մենք պետք է այն օգտագործենք»,–ասել է Օբաման։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված իր ամենամյա ելույթի ընթացքում ողջունել է նաեւ Իրանի եւ «վեցյակի» պետությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունը։
«Մենք շատ կարեւոր համաձայնագիր կնքեցինք. աշխարհն առաջ է շարժվում։ Այժմ Իրանի առջեւ ֆինանսական նոր հնարավորություններ կբացվեն, քանի որ այլեւս պատժամիջոցներ չեն լինելու։ Մենք պետք է ծայրահեղ զգոնություն պահպանենք Իրանում հետագա զարգացումների հարցում»,–հայտարարել է Օլանդը։
Ֆրանսիայի նախագահը նշել է նաեւ, որ Իրանը պետք է այժմ ցույց տա իրենց, որ պատրաստակամ է Սիրիայի հակամարտության լուծման գործընթացում իրենց օգնելու հարցում։
Անդրադառնալով համաձայնագրի կատարման ընթացքին՝ Օլանդը հավելել է. «Ինչ—որ խախտումներ նկատելու դեպքում մենք հնարավորություն ունենք վերականգնել նախկինում կիրառված պատժամիջոցները»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը նշել է, որ համաձայնագիրը կլինի ավելին, քան Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի լուծում. «Դա մի կարեւոր իրադարձություն է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ։ Դա կարող է լինել առաջին մեծ քայլը խաղաղ Մերձավոր Արեւելք ստեղծելու ճանապարհին»։
Ճապոնիայի կառավարությունը եւս ողջունում է համաձայնագիրը։ «Համաձայնագիրը կամրապնդի կայունությունը Մերձավոր Արեւելքում»,– ասել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիշիդան։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Իրանին միջուկային ծրագրի գործարքի կապակցությամբ՝ համաձայնությունը «մեծ հաղթանակ» անվանելով։
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին համաձայնագիրը որակել է որպես «հույսի նշան ամբողջ աշխարհի համար»։ Նա ասել է. «Միջուկային բանակցությունների ամփոփման նպատակով Իրանի եւ «վեցյակի» երկրների այսօր կայացրած որոշումը միջազգային հարաբերությունների դաշտում նոր եզրեր է բացելու եւ հույս է ներշնչելու բոլորին։ Այսօր ընդունած որոշումները ոչ միայն առնչվում են Իրանի միջուկային ծրագրին, այլեւ միջազգային հարաբերությունների դաշտում նոր եզրեր են բացելու»։ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսքերով, այսօրվա որոշումներն ապացուցում են, որ դիվանագիտությունն ու համագործակցությունը հաղթելու են տասնամյակների լարվածությանը։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, անդրադառնալով կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնագրին, նշել է, որ վիթխարի աշխատանք է կատարվել, որը կարող է կարեւոր ներդրում ունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ կայունության եւ խաղաղության հաստատման համար։
Ի դեպ, Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ համաձայնության լուրերից հետո նկատվել է նավթի համաշխարհային գների անկում, հայտնում է «Վեստին»։
Լավ հնարավորություն Հայաստանի համար
Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է գործելու միջազգային հարաբերություններում եւ կարող է ձեռնտու լինել նաեւ Իրանի հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Հայաստանի համար կանխատեսելի են բազմաթիվ դրական փոփոխություններ, այդ թվում՝ Իրան—Հայաստան—Եվրոպա էներգետիկ համագործակցություն, տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի դերի նվազում, նավթի եւ գազի գների անկում եւ այլն։
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից»,–ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
Նա նաեւ նկատել է, որ Իրանի համար արդեն իսկ մեծ հնարավորություններ են ստեղծվել ԵՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելու եւ բազմաթիվ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։ «Հայաստանն այս պարագայում կարելի է դիտել որպես Իրանի համար դարպաս ԵՏՄ մուտքի համար։ Բացի այդ, նկատի ունենալով, որ արդեն սկսված են Իրան—ԵՏՄ բանակցություններն ազատ առեւտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանն այս հարցում լավագույն կարգավորող օղակը կարող է լինել։ Հաշվի է պետք առնել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը եւ Իրանը պատմական եւ մշակութային ընդհանրություններ ու նաեւ տնտեսական հարաբերությունների որոշակի փորձ ունեն, որը քիչ կարեւոր չէ բանակցություններում փոխըմբռնման հասնելու ճանապարհին։ Իհարկե, մենք նաեւ գիտակցում ենք, որ նման լուրջ խնդիրների լուծման ժամանակ Հայաստանին առաջնային դեր հատկացնելու գործում խիստ կարեւոր է բոլոր կողմերի, այդ թվում՝ Իրանի դրական վերաբերմունքը»,–եզրափակել է դեսպանը։
Իրանագետ Ռուդիկ Յարալյանի խոսքով, Իրանը Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները զսպող գործոն է եղել եւ է, ուստի այդ համատեքստում նրա դերակատարման հնարավոր ակտիվացումը տարածաշրջանային գործընթացներում հարկավոր է դրական համարել մեզ համար։ ԻԻՀ եւ «5+1» երկրների փոխհամաձայնությունը կարող է խթանել Իրան—Հայաստան ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, բանկային գործարքների ընդլայնմանը, Իրան—Հայաստան երկաթգծի եւ «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու նախագծերի շուտափույթ իրականացմանը։ Մյուսը Հայաստանի՝ որպես իրանական էներգակիրների համար տարանցիկ երկիր դառնալու հեռանկարն է, որի մասին հնարավոր կլինի առավել առարկայական խոսել այն ժամանակ, երբ Իրանն սկսի բանակցել այդ ուղղությամբ Արեւմուտքի հետ։
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|