Եվ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները
«Aysor.am»—ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի նախօրեին արված հայտարարությունը, ասել է. «Ջեյմս Ուորլիքի մեկնաբանությունը պետք չէ կոնտեքստից հանել։ Ավելին, այդ հայտարարությունից իմ տպավորությունը լրիվ այլ է. Ուորլիքը բառացի ասում է, որ նաեւ կողմերը պետք է գան համաձայնության։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մերժում է գոնե երեք սկզբունքներից երկուսը եւ խոսում միայն տարածքային ամբողջականությունից»։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմի համար բանակցությունների հիմքը երեք հիմնարար սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում։ «Բացի այս, բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է շատ կարեւոր մի քայլ՝ Ղարաբաղի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացին, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հենց հանդիսանում է հակամարտության կողմ։ Եվ մեկ անգամ չէ, որ այդ մասին ասվել է»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
Ըստ Է. Շարմազանովի՝ կարիք չկա եւ անթույլատրելի է մի տարրն առանձնացնել ու բանակցել դրա շուրջ, քանի որ գործընթացը պետք է լինի փաթեթային, եւ հիշեցրել, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խնդրի լուծումը տեսնում են բացառապես բանակցությունների հիման վրա, այդ երեք սկզբունքների շրջանակներում. «Բնականաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող սակարկման առարկա դառնալ. Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշել իր ճակատագիրը, ինչն էլ հենց ամրագրված է ինքնորոշման իրավունքի իրացման մեջ»։
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ադրբեջանը մերժում է հիմնարար սկզբունքներից երկուսը եւ խոսում միայն տարածքային ամբողջականությունից։ Բայց Ադրբեջանի այդ հայտարարություններին հայկական կողմի պատասխանը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Իսկ բանակցությունների հիմք էլ ընդունում ենք համանախագահների առաջարկները, որոնք էլ հենց այդ երեք սկզբունքներն են ներառում։
Ինչ վերաբերում է վերջին երկու օրերին սահմանին իրավիճակի լարմանը եւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ավելի ինտենսիվ խախտմանը եւ հարցին, թե արդյոք այս ամենը կարո՞ղ է բերել իրավիճակի էսկալացիայի, ինչպես եղավ անցած տարի, Է. Շարմազանովն ասել է, որ քանի դեռ հաշտության պայմանագիր չկա, տեսականորեն լարվածությունը կարող է լինել։ Բայց հաշվի առնելով վերջին շրջանի թե՛ համանախագահների հայտարարությունները, թե՛ ՌԴ նախագահի կոնկրետ հայտարարությունը, որ Եվրասիական միության տարածքում նա, որպես կարեւոր խաղացող, միայն ու միայն խաղաղություն է տեսնում, բնական է, որ սա ուղերձ է նաեւ Ադրբեջանին։
«Եթե որոշ հարցերում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կա լարվածություն, կոնկրետ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը, ԱՄՆ—ն ու Ֆրանսիան ունեն միասնական դիրքորոշում՝ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Եվ Ուորլիքի հայտարարության միտքը դա է, որ, առաջինը, խնդիրն ունի բացառապես խաղաղ կարգավորում եւ երկրորդ՝ կողմերը պետք է ընդունեն այդ առաջարկները ու բանակցեն դրանց շուրջ։ Մենք ընդունում ենք այդ երեք սկզբունքները, իսկ Ադրբեջանը, փաստացի, ասում է ոչ ու երեք սկզբունքից երկուսը արհամարհում»,–նշել է Է. Շարմազանովն ու եւս մեկ անգամ կրկնել՝ բանակցությունները պետք է լինեն փաթեթի շուրջ, առանց որեւէ տարրի առանձնացման։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, ասել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարեւորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները։
«Եթե փորձ է արվում հետեւանքներին անդրադառնալ, առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու։ Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, սա պատերազմական պատճառների հետեւանք է, եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետեւանքներին»,–ասել է խոսնակը։
Նրա խոսքով, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ։
«Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ չենք քննարկել ցանկացած հարց, որ պատրաստ ենք քննարկել փախստականների խնդիրը, բայց դա պետք է լինի հավասար սկզբունքների հիման վրա։ Չի կարող ադրբեջանական փախստականը վերադառնալ, եթե հայ փախստականը չի վերադառնում Բաքու, Սումգայիթ եւ այլ քաղաքներ, այնտեղ, որտեղ ինքը ապրել է, արարել»,–նշել է Արցախի նախագահի ներկայացուցիչը։
Նա պնդել է, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել։
«Մենք ասել ենք բազմիցս՝ տարածքների վերադարձ չի կարող լինել, քանի որ Արցախը նախկին սահմաններով ի վիճակի չէ գոյատեւել, որովհետեւ չի կարող պաշտպանվել՝ լինելով անկլավային տարածք։ Եվ բացի այդ, գայթակղիչ է դառնում հակառակորդի համար ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու եւ նոր ցեղասպանություն իրականացնելու համար։ Սա փաստ է, պատմություն է, մենք տեսական բաներ չենք խոսում. 88 թվականից սկսած շրջափակել են, կոտորածներ են կազմակերպել նախկին ադրբեջանական ԽՍ ողջ տարածքում, սումգայիթյան կոտորած են կազմակերպել, հայաթափել են հյուսիսային Արցախը, հիմա ի՞նչ, այս ամենը մոռանանք ու վերադառնանք 88 թվականի սահմանների՞ն, որ վերջնականապես կոտորե՞ն մեզ։ Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է հակառակորդը նորից վերահսկողություն հաստատել Քարվաճառի վրա, որտեղ սկիզբ են առնում մեր գետերը, որտեղ սկիզբ են առնում Արփա, Որոտան գետերը եւ սնում Սեւանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է ապահովում։ Հակառակորդը թունավորելու է դա, ողջ Հայաստանը թունավորելու է, հաջորդ ցեղասպանությունն են կատարելու։ Մենք նախադեպն ունեցել ենք, տեսել ենք՝ 1990 թվականին նրանք դա արել են՝ թունավորելով Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը, բոլոր ընտանի կենդանիները ոչնչացվել էին, մեծ թվով մարդիկ տեղափոխվել էին հիվանդանոց»,–ասել է Դավիթ Բաբայանը։
Դիտարկմանը, թե նույն Ուորլիքը հարակից տարածքները վերադարձնելու մասին խոսելուց զատ, նշել էր ԼՂՀ անվտանգությունը ապահովելու համար խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին, Բաբայանն արձագանքել է. «Ուրեմն եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները։ Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների եւ շատ նորմալ, որեւէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»։
Անդրադառնալով հակառակորդի կողմից այս օրերին հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին՝ Արցախի նախագահի խոսնակը նկատել է, որ դա տարօրինակ երեւույթ չէ. «Ադրբեջանը միշտ էլ իրեն այդպես է պահել, ուղղակի մի տասը օր, օլիմպիական խաղերի հետ կապված, կարծես թե ինքն իրեն զսպեց՝ սեփական շահերից ելնելով։ Բայց դա չի նշանակում, որ փոխվել է։ Ադրբեջանը եղել է եւ մնում է ահաբեկչական եւ ֆաշիստական պետություն, եւ ուրիշ պահվածք իրենից սպասել, ակնկալել չենք կարող»։
|