ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Բարեփոխումների հիմքում՝ եվրոպական փորձը /Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի պատասխանները /
16:42
Բարեփոխումների հիմքում՝ եվրոպական փորձը /Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի պատասխանները /

Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերություն.
 –Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին եւ Եվրոպական խորհրդի նախագահին. Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ՝ բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին։ Եվ արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն։ Հարցս հետեւյալն է՝ արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան—Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը եւ ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները։
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ.
–Նախ դուք բոլորդ վկաներն եք եւ կարող եք հանգիստ հաստատել, որ արեւելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին։ Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են արեւելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում։ Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա։ Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետեւ այդ ընդհանրությունը հատկանշական չէ։ Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ՝ եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ, թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը։ Եկեք ա՛յս ոլորտում մենք համագործակցենք։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի եւ օժանդակության։ Ուստի մենք, անդամակցելով ԵԱՏՄ—ին, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ։ Այո՛, կարծում եմ, եւ պարոն Տուսկն իր ներածական խոսքում ասաց ու մեր հանդիպման ժամանակ էլ ասաց, թե եկել է հաստատելու, որ՝ այո՛, մենք սկսելու ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Բայց, կարծում եմ, իր տեղեկատվությունը ավելի հավաստի կլինի, ուստի այս երկրորդ ենթահարցի վրա ես շատ ժամանակ չծախսեմ, խոսքը փոխանցեմ պարոն Տուսկին։ Նա այս մասով, թերեւս, ավելի հանգամանորեն կասի։
Դոնալդ ՏՈՒՍԿ.
–Շատ շնորհակալություն, պարո՛ն նախագահ։ Շնորհակալություն հարցի համար, որովհետեւ այն կապված է նաեւ իմ սեփական պատմության եւ անձնական ներգրավվածության հետ։ Իմ կառավարությունը Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից էր, եւ ես խորապես հավատացած եմ, որ այդ գաղափարը իսկապես կարեւոր էր ոչ միայն Եվրամիության, այլեւ արեւելյան գործընկերության 6 պետությունների համար։ Կարծում եմ՝ սա կարելի է եվրոպական մասնագիտացում համարել օգնելու մեր հարեւաններին՝ չպարտադրելով մեր առաջարկները եւ մեր լուծումները։ Ահա, դրանով եմ ես այդքան հպարտ, որ ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը միշտ պատրաստ է օգնել առանց գաղափարական, տնտեսական ագրեսիայի, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ, բայց կարծում եմ՝ բավական պարզ ասացի։ Իմ մտադրությունն է այսօր ընդգծել, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ես կարող եմ կրկնել, որովհետեւ կարծում եմ, որ սա կարեւոր է ձեզ համար. մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, եւ մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ։ Իհարկե, դա որոշ հետեւանքներ է առաջացնում, օրինակ՝ մեր ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան մեր նախկին առաջարկն էր՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին (ԽՀԱԱԳ), բայց ես կարծում եմ, որ ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Հայաստանը լիովին գոհ եւ բավարարված կլինեն, երբ մենք ավարտենք մեր աշխատանքը այս նոր համաձայնագրի շուրջ, եւ համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ են արեւելյան գործընկերության մեջ որոշ փոփոխություններ, որովհետեւ արեւելյան գործընկերությունը եղել է եւ ապագայում պարտավոր է լինել հարմարավետ ձեւաչափ ոչ միայն նախաձեռնողների համար, օրինակ՝ ինձ, այլեւ առաջին հերթին դրանում ընդգրկված պետությունների, օրինակ՝ Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ մենք լավագույն մոտեցումը կգտնենք, որպեսզի ուժեղացնենք մեր համագործակցությունը նաեւ արեւելյան գործընկերության շրջանակում։
Հովհաննես ՔՈՍՅԱՆ՝ «Ինտերֆաքս» գործակալություն.
–Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին եւ Եվրոպական խորհրդի նախագահին. փաստ է, որ Ադրբեջանում անցկացված եվրոպական խաղերի օրերին շփման գծում եւ հայ—ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում, եւ հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին։ Սակայն խաղերից անմիջապես հետո ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսման։ Ավելին, խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիեւը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները՝ մեղադրելով, թե եվրոպական կառույցներին եւ թե առանձին երկրների, օրինակ՝ Գերմանիային, եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի եւ նմանատիպ այլ բաներում։ Կխնդրեի Ձեր մեկնաբանություններն այս առնչությամբ։
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. 
–Ձեր հարցը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասի վերաբերյալ ես անկեղծորեն եմ ասում՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով եվրոպական խաղերը Բաքվում եւ այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ— ադրբեջանական սահմանին։ Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության եւ կայունության խաբկանք։ Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետեւ սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, եւ ո՞ւմ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը։ Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն՝ ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում եւ ո՞վ է պաշտպանում։ Երբ այդ հավասարության նշանը կա, եւ երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են։ Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսեւորում։
Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի։ Զավեշտական չէ՞, որ մարդ, ով նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ նախագահ դառնալու մեջ։ Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային եւ ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ։ Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային եւ Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ։ Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան եւ Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային եւ Հայաստանին մեղադրում է իսալամաֆոբության մեջ։
Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, եւ ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաեւ եվրոպական կառույցներում եւ Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաեւ խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի։ Հակառակ պարագայում, եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաեւ քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին եւ ասենք՝ ժողովուրդ, ինչ—որ տեղ, ինչ—որ բան այն չէ։
Շնորհակալ եմ։
Դոնալդ ՏՈՒՍԿ.
–Նախ եւ առաջ՝ ե՛ւ Հայաստանին ե՛ւ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած հանձնառությունները։ Երկրորդ՝ երկու կողմերը պետք է պատրաստակամություն դրսեւորեն գնալու փոխադարձ զիջումների, մտնելու երկխոսության մեջ եւ ձեռնպահ մնալու որեւէ հռետորաբանությունից կամ այլ գործողություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը։ Կասկած չունեմ, որ խաղաղ լուծմանը այլընտրանք գոյություն չունի, եւ եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծման հասնել, ապա մենք պարտավոր ենք խուսափել՝ բոլոր կողմերը, բոլոր սուբյեկտները, բոլոր դերակատարները այս շատ ռիսկային խաղում, պարտավոր են ձեռնպահ մնալ ագրեսիվ խոսքերից եւ ագրեսիվ հռետորաբանությունից, որովհետեւ, ինչպես գիտեք, խոսքերը եւ հռետորաբանությունը քաղաքականության մեջ ունեն հետեւանքներ եւ ժամանակ առ ժամանակ դրամատիկ հետեւանքներ։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ երբեմն լռությունը գերադասելի է, քան խոսքը, մասնավորապես՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Ուստի ես միանշանակորեն վստահ եմ, որ սա կոչ է այս հակամարտության բոլոր կողմերին եւ քաղաքական գործիչներին։
Շնորհակալություն։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ երեկ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1.5 մլն նահատակների հիշատակին։ Ծիծեռնակաբերդում պատվիրակությանը դիմավորել են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի առջեւ, որից հետո շրջայց կատարել նոր վերանորոգված թանգարան—ինստիտուտում։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Դոնալդ Տուսկին նվիրել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» եւ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքերը։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024