Չինաստանի մայրաքաղաք Պեկինից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա գնացքով կարելի է հասնել երկու շաբաթում, իսկ մնացած արեւմտաեվրոպական երկրներ՝ ավելի երկար ժամանակում։ Գտնվելով գլոբալացման գործընթացից դուրս՝ միեւնույն է դրան զուգահեռ երկիրն իր ուրույն զարգացումն է ապրում։ Մարդկային ռեսուրսի առկայության եւ այդ նույն մարդկանց աշխատասիրության շնորհիվ երկիրը հավակնում է դառնալ աշխարհում առաջինն իր տնտեսությամբ։ Ապշեցնում են սնկի նման աճող բազմահարկ շինությունները, որոնք մեծաթիվ շինարարների արագ աշխատանքի արդյունքն են։
Չի կարելի գնալ Չինաստան եւ չայցելել «Չինական մեծ պարիսպ» եւ «Արգելված քաղաք»։
Չինական մեծ պարիսպի շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ. թ. ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ Այն անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է։ Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաեւ աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ—անհամար շինարարներ մահացել են տաժանակիր աշխատանքից։
«Արգելված քաղաքը» Չինաստանի եզակի ճարտարապետական համալիրներից է, որը հայտնի է ողջ աշխարհին։ Քաղաքի պատմությունը սկսվում է XIII դարից, իսկ ավելի ուշ այն պարզապես անվանվում է Գուգուն՝ Հին պալատ։ XV դարից այս համալիրը հանդիսացել է Մին եւ Ցին դինաստիաների կայսրերի նստավայր։ Երբեմն այն անվանում են Մանուշակագույն կառույց, քանի որ ըստ հնագույն չինական պատկերացումների՝ տիեզերքի կենտրոնը մանուշակի գույն ունեցող աստղն էր։ Մանուշակագույն քաղաք հասարակ մահկանացուն մտնել չէր կարող։ Քաղաքը շրջապատված է 10 մ հաստություն ունեցող պատերով, որոնք զարդարված են ռելիեֆներով։
Իրականում այն նախկինում բաց էր միայն ազնվականների, կայսեր ընտանիքի եւ նրա սպասավորների ու ներքինիների համար, սակայն այժմ քաղաքի դռները բաց են բոլորի առջեւ.... համալիրը կարող է տեսնել ցանկացած մահկանացու։
Պակաս «տեսարժան» վայր չէ նաեւ չինական թերթի խմբագրությունը, որտեղ անձնակազմի «վերջը չի երեւում»։
Հեղինակություն, հայտնիություն եւ հավաստիություն։
Այս երեք սկզբունքներն են ընկած «Ժենմին ժիբաո»—ի՝ Չինաստանի ամենախոշոր թերթի եւ կայքի աշխատանքի հիմքում, ՅՈՒՆԵՍԿՕ—ի տվյալներով, այն համարվում է աշխարհի 10 ամենահեղինակավոր եւ ազդեցիկ թերթերից մեկը։ Բացի Չինաստանից, թերթը լուսաբանում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ «Ժենմին ժիբաոն» ավելի քան հազար լրագրող ունի, որոնք աշխատում են աշխարհի տարբեր ծայրերում։ Դրա առցանց տարբերակը կարելի է ընթերցել չինարեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ արաբերեն։ Կայքը կարելի է ընթերցել ավելի քան 200 երկրում եւ այն Չինաստանը ճանաչելու լավ պատուհան է։ Կայքը շուրջօրյա օպերատիվ կերպով ներկայացնում է նորություններ եւ տեղեկատվական հաղորդագրություններ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում կատարվող իրադարձությունների մասին։
Մեկ այլ ներկայանալի հաստատություն էլ, որը կարող է ապշեցնել իր մաքրությամբ եւ աշխատանքի կազմակերպման ձեւով «Xuzhou Construction Machinery Group» (XCMG) Չինաստանի շինարարական տեխնիկա արտադրող առաջատար ընկերությունն է։ Թեպետ ստեղծվել է 1989 թվականին, սակայն կարողացել է կարճ ժամանակահատվածում աշխարհի 169 երկրներում հայտնի դառնալ։ Այս ընկերության շինարարական տեխնիկան մեծ հռչակ է վայելում Եվրոպայի, ԱՄՆ—ի, ՌԴ—ի եւ նույնիսկ Աֆրիկայի շուկաներում։ Վերջին տարիներին այն դարձել է շինարարական տեխնիկայի աշխարհի ամենախոշոր արտադրողներից մեկը, որի տարեկան շրջանառությունը կազմում է 2 տրիլիոն դոլար։ Ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությունը անընդհատ փնտրում է արեւմտյան ներդրողներ եւ ներմուծում ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ 26 դուստր ընկերությունների հետ միասին զբաղվում են հիդրավլիկ կռունկների, բուլդոզերների, ամբարձիչների, բետոնամղիչների եւ շինարարական այլ մեքենաների արտադրությամբ։ Անհրաժեշտ է նշել, որ, չնայած ընկերության արտադրանքի բարձր որակին, գինը բավականին հարմար է։
Մեծ տպավորություն է գործում նաեւ Լյանյունգան քաղաքը, որը տեղակայված է ՉԺՀ–ի արեւելյան հատվածում՝ Դեղին ծովի ափին։ Մեծ դեր ունի քաղաքի նավահանգիստը, որտեղից բեռնավորված նավերը ուղեւորվում են տարբեր երկրներ։ Քաղաքի բնակչության թիվը ընդամենը 5.2 մլն է։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Պեկին—Երեւան
|