Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել էր ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները, խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «SANA» գործակալությունը։
Ասադը նշել է, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ եւ Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով եւ անուններով։
«Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, ով տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, ով իրականացնում է այդ հանցագործությունները»,–ասել է Սիրիայի նախագահը։
Հիշեցնենք, որ 1916 թվականի մայիսի 6—ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում եւ Բեյրութում մահապատժի ենթարկվեցին 6 արաբ ազգայնականներ։ Ամեն տարի նույն օրը Սիրիայում եւ Լիբանանում նշվում է Նահատակների օրը։
|