Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր եւ համաժողովի մասնակիցներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում եւ հայտնել անկեղծ գոհունակությունս երկրի առջեւ ծառացած սոցիալ–տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական եւ քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար։ Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկումով եւ որ առանձնահատուկ կարեւորում եմ, անշահախնդիր մասնակցության եւ կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից։
Վերջին շրջանում կառավարության գործունեության եւ, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝
Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում եւ տարածում։
Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների եւ այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը։
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են։
Անդադար նվնվոցով եւ հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, եւ Հայաստանը բացառություն չի կարող լինել։ Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում եւ սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես եւ կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել եւ չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ։
Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է նաեւ բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը։ Տարածաշրջանային զարգացումները, նավթի եւ հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը եւ բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ։
Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար։ Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն։ Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի։
Ես ամենայն լրջությամբ եւ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված։ Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը եւ ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ եւ շտկումներ մտցնել։
Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարեւոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը։ Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է։ Առճակատումներով եւ առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի։ Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ–տնտեսական իրավիճակին, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ եւ գիտելիքների պաշարով, գիտական եւ հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի։
Ես կողմնակից եմ մտածված ու հետեւողական աշխատանքի։ Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում։ Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը եւ ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները։
Համաժողովի օրակարգը բավական հագեցած է եւ համապարփակ։ Այսօր մենք մտքերի ակտիվ փոխանակության հնարավորություն կունենանք տնտեսության հիմնական ոլորտների եւ ճյուղերի, տնտեսական աճի հիմնական շարժիչների մասով։
Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից։
Այս նպատակով էլ մակրոտնտեսական տեսակետի հետ մեկտեղ այսօրվա համաժողովի օրակարգային թեմաներից է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումը։ Համոզված եմ՝ տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ։ Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձեւավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ՝ բարեկեցիկ եւ կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ։
Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում։ Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ։ Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, եւ այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ–ը կուտակել են մեծ չափով պարտքեր, եւ նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետեւանքների։
Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թ. օգոստոսի 1–ից սահմանվել են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ։
Սա մեր կարեւորագույն խնդիրներից է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու եւ դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար։ Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության եւ լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ։ Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել։
Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016–2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական եւ հանրային քննարկման։ Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն եւ վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովին ձեր մասնակցության համար եւ մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ»։
Հայաստանը շարունակում է տնտեսական աճ ապահովել
Կառավարության 2015 թվականի գործունեության առաջնահերթությունները, տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը, ներդրումային դաշտի եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը, առաջիկա քայլերը, ինչպես նաեւ մեր երկրի հարկաբյուջետային քաղաքականությունն են ներկայացրել կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարները։ Մասնավորապես, զեկույցներով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեության, տնտեսական բարեփոխումների, արտաքին մարտահրավերների ընդհանրական վիճակը երկրում։
«Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ գործարար եւ մասնագիտական շրջանակների հետ անկեղծ եւ կառուցողական գործընկերային փոխհարաբերությունն արդեն իրողություն է։ Մասնագիտական մոտեցումների բազմազանության պայմաններում այս աննախադեպ ձեւաչափով քննարկումների կազմակերպումը, կարծում եմ, հիմնավորված լավատեսություն կհաղորդի նաեւ նոր զարգացումներ ապահովելու եւ մարտահրավերներին համարժեք եւ արդյունավետ արձագանքելու՝ մեր հետագա համատեղ քայլերը հաջողելու գործում»,–նշել է Վաչե Գաբրիելյանը։
Չնայած միջազգային ասպարեզից եկող բացասական ազդակներին՝ ըստ նախարարի, Հայաստանը շարունակում է պահպանել տնտեսական աճը, ու թեեւ նախորդ տարվա զարգացումները եղել են ոչ բարենպաստ տարածաշրջանի համար, այնուամենայնիվ մեր երկրին հաջողվել է տնտեսական աճ ապահովել։ Հիմնական բացասական ազդեցությունը, որ կրել է տնտեսությունը, ըստ Վաչե Գաբրիելյանի, եղել է տրանսֆերտների նվազումը, որով պայմանավորված՝ կրճատվել են նաեւ սպառման ծառայությունների եւ առեւտրի ծավալները։
Փոխարենը՝ դրական դինամիկա է արձանագրվել տնտեսության այլ ճյուղերում, մասնավորապես ոսկեգործության, պղնձի արտահանման ոլորտներում։ Առաջին 5 ամիսների ընթացքում էապես կրճատվել է ներմուծումը, որը դրական ազդեցություն է թողել առեւտրի հաշվեկշռի վրա։ Ինչ վերաբերում է ՌԴ—ից Հայաստան եկող տրանսֆերտների կրճատմանը, ապա բանախոսը հարկ համարեց նշել, որ այդ գործոնը պայմանավորված է եղել ՌԴ—ի տնտեսական անկմամբ, սակայն ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստան–Ռուսաստան առեւտրային հարաբերություններում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Կարեւորելով երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացումը, փոխվարչապետը նշեց, որ արտահանողների համար կբացվեն նոր հնարավորություններ, իսկ տնտեսական կապերը կզարգանան արտոնյալ պայմաններով։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա, ըստ բանախոսի, այս տեսանկյունից վիճակն անբարենպաստ է առհասարակ ողջ տարածաշրջանում, կապված անորոշությունների հետ, սակայն դա չի նշանակում, թե ներդրումները երկրում բացակայում են։
Օրակարգում է գիտելիքի վրա կառուցված տնտեսությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը անդրադարձել է տնտեսության մի շարք ոլորտների եւ բնագավառների՝ ներկայացնելով հետագա զարգացումներ ապահովելու գործընթացների առնչությամբ պատկերացումները եւ հիմնական սկզբունքները, որոնք առանցքային են ճյուղային, կառուցվածքային, ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականությունների մշակման եւ իրականացման համար։ Նա նշել է, որ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիոն սահմանափակումները, ինչպես նաեւ բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ լինելը Հայաստանին պարզապես պարտադրում են հիմնվել հասարակության մտավոր կարողությունների վրա, կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն՝ շարունակաբար խորացնելով գլոբալ տնտեսությանը ինտեգրվելու գործընթացներն ու աշխարհին առաջարկելով մեր մտավոր կարողությունների արգասիքը։
Ներկայացնելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, նախարարը տեղեկացրել է, որ 2014—ին ՀՆԱ—ն կազմել է 3,5 տոկոս։ ՀՆԱ—ի կառուցվածքում ավելացել են ծառայությունների եւ հարկերի տեսակարար կշիռները, գյուղատնտեսության եւ արդյունաբերության տեսակարար կշիռները պահպանել են 2013թ. մակարդակը, նվազել են շինարարության եւ առեւտրի ոլորտների տեսակարար կշիռները։ 2015 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՆԱ—ն աճել է 2,2 տոկոսով։ Ըստ ԱՎԾ տվյալների, 2015թ. հունվար—մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2,7 տոկոս։ Նույն ժամանակահատվածում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ առեւտրաշրջանառության։ Արդյունաբերության ծավալն աճել է 4,5 տոկոսով, գյուղատնտեսության ծավալը՝ 6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 3,8, իսկ շինարարության ծավալը՝ 0,4 տոկոսով։
Նախարարը, սակայն, շտապել է փաստել, որ տնտեսական աճի այս ցուցանիշները դեռեւս գոհացնող չեն, ինչը վկայում է վերոնշյալ միջոցառման կազմակերպումը։
«Ձեռներեցությունն է հարստության աղբյուրը, նորարարությունն է առաջընթացի գրավականը, իսկ արդյունավետ աշխատանքն ու կառավարումը՝ հաջողության հիմքն են»,–շեշտել է նախարարը՝ վստահեցնելով, որ իրենց գործունեությունը հանգելու է այնպիսի պայմանների ապահովմանը, որտեղ անձը կարողանա մտավոր եւ ֆիզիկական կարողությունները լիարժեք իրացնել եւ դրա դիմաց համարժեք նյութական, բարոյական փոխհատուցում ստանալ։ Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարության ընթացիկ աշխատանքում առաջնորդող գաղափարը գործարարի կողքին կանգնելն ու առհասարակ գործարար միջավայրի բարելավումն է։
Տնտեսության անընդհատ արդիականացման, խոշոր ներդրումներ ներգրավելու համար նոր հնարավորություններ ստեղծելու մեջ է զարգացման գրավականը։ Տնտեսական աճի տեմպերը վերականգնելու եւ կայուն դարձնելու համար, ըստ նախարարի, կա կարիք ապահովելու նոր ներդրումային հոսքեր, որոնք եւ կնպաստեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը։ Այս պարագայում կարեւոր են նաեւ ԱՏԳ—ները եւ ներդրումային որոշ խոշոր ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսել են էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական աճի վրա։ Մասնավորապես, մեկնարկել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով, ինչի արդյունքում տարեկան արտադրվելու է ավելի քան 190 մլն դոլարի պղնձի եւ մոլիբդենի խտանյութ։ Կյանքի է կոչվում խոշորագույն ներդրումային ծրագիրը՝ Որոտանի ՀԷԿ—ում։ Ամերիկյան ընկերությունների կողմից ներդրվելու է 180 մլն դոլար ՀԷԿ—ի մուտքի արտոնագրային ռեժիմի աշխատանքի հեշտացման համար։
Նախարարը բավական տպավորիչ է համարել նաեւ ջերմոցային տնտեսությունների զարգացման դինամիկան։ Կառավարությունը պատրաստվում է կրկնապատկել, նույնիսկ՝ եռապատկել տնտեսավարողներին ուղղված աջակցության ծավալները, որոնք այս պահի դրությամբ կազմել են 30 մլրդ դրամ։
Պետք է զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր զեկույցում նշել է, որ վերջին ժամանակաշրջանում կառավարության գործունեությունն ուղղված է եղել օրենսդրական փոփոխությունների միջոցով տնտեսության աշխուժացմանը։
Նախարարը կարեւորել է պետական բյուջեի ծախսային մասերի եւ հավաքագրման թափանցիկության ապահովումը, վկայակոչելով միջազգային փորձը։ Բյուջետային համակարգի ճիշտ ծրագրավորումը եւ նպատակային ծախսերը եւս տնտեսության զարգացման կարեւորագույն գործոններ են։ Նախարարը շեշտել է, որ կառավարության կարեւոր գերակայություններից է եղել նաեւ ՓՄՁ ոլորտի աջակցությունն ու ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովումը եւ ներդրումային միջավայրի ու արտադրական գործընթացների բարելավումը։ «Տնտեսության զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, ուստի կառավարության ուշադրության կենտրոնում է կապիտալ ներդրումների ծավալների մեծացումը»,–նշել է ֆինանսների նախարարը։
Պետական ֆինանսների կառավարման համակարգերի բարեփոխման իրականացման համար բավարար հիմքեր ստեղծելու եւ ծրագրավորված բյուջետավորման հաշվետվությունների համակարգը միջազգային կառույցների կողմից ստացել է բարձր գնահատական։ Պետական պարտքի կայունության ապահովման տեսանկյունից պարտքային բեռի մակարդակը գտնվել է կառավարելի շրջանակներում եւ չի գերազանցել պետական պարտքի մասին ՀՀ օրենքով սահմանված նորմատիվները։ կառավարությունը շարունակում է ներգրավել արտաքին ֆինանսական ռեսուրսներ արտոնյալ պայմաններով։
Նախարարը հիշեցրել է վերջին շրջանում հարկային ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները, մասնավորապես երկրի տնտեսության ակտիվությունը բարձրացնելու նպատակով վերացված ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ հետաձգման սահմանաչափը։ Այնուհետեւ նշել է, որ 2014թ. ամբողջությամբ անցում է կատարվել հարկային էլեկտրոնային համակարգին։ Այս գործընթացները, ըստ Գագիկ Խաչատրյանի, նպաստելու են հարկային եւ մաքսային մարմինների հետ շփումների բացարձակ կրճատմանը։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խոսել է երկրի դրամավարկային քաղաքականության մասին, նշելով, որ գլխավոր դրամատունը եւս իր առաջնությունը տալիս է մակրոտնտեսական կայունությանը, հատկապես գների եւ ֆինանսական կայունության պահպանմանը, ինչը, ըստ բանախոսի, երկարաժամկետ տնտեսության աճի կարեւորագույն անկյունաքարն է։ Նախորդ տարիներին ԿԲ—ն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն՝ նպաստելով մակրոտնտեսական կայունությանը։ 2015թ. տնտեսական աճը, ըստ ԿԲ ներկայացուցչի, կլինի 1,6–2,6 տոկոս, եւ 2016—ից տնտեսության աճը կվերականգնվի՝ պայմանավորված կառավարության կողմից արտահանմանն ուղղված մի շարք ծրագրերով։
Տնտեսական քաղաքականության եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը, տնտեսագետներ, փորձագետներ։ Համաժողովի առաջին հատվածում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն եւ հարցուպատասխան (տե՛ս էջ 5)։
Ամփոփելով համաժողովի առաջին նիստի աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հետաքրքիր մտքեր, գաղափարներ, առաջարկություններ ներկայացնելու համար։ Վարչապետը կարեւորել է նման համաժողովների անցկացումը, այդ թվում՝ տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ընդգրկուն կերպով ներկայացնել կառավարության ծրագրերը, մեր երկրում եւ ընդհանրապես տարածաշրջանում առկա խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման ուղիներն ու հնարավորությունները։ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ համաժողովի ընթացքում հնչած յուրաքանչյուր առաջարկություն կլինի կառավարության քննարկման առարկա։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ունի տնտեսությունն առաջ մղելու անհրաժեշտ ռեսուրս, եւ դրա ներդրման գործում կարեւորել միասնական ու նպատակային աշխատանքը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|