Ինտեգրացիոն գործընթացներում հաջողություն ունենք
Հայաստանը 2014—ի ընթացքում հաջողությամբ ավարտել է ինտեգրացիոն գործընթացները։ «Այսօր Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցությունը փաստացի վավերացված, ավարտված է»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։ Ըստ քաղաքագետի՝ եթե որեւէ իրավիճակ, դետալներ ու անդրադարձներ չլինեն Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, ապա հունվարի 2—ից Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ։
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ այդ տեսանկյունից հայ—ռուսական հարաբերությունների սերտացումը բխում է մեր երկարաժամկետ հեռանկարից։ Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը եւ այդ քայլի շուրջ հնչող տարաբնույթ կարծիքներին, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը նշել է, որ ներկա պահին Ռուսաստանի տնտեսությունը թեեւ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում, սակայն միայն այդ պատճառով քաղաքական գծի փոփոխությունը սխալ է։
«Այնպես չէ, որ հիմա վատ է, եւ մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ»,–ասել է նա։ Արեւմուտք—Ռուսաստան հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, եւ զարգացման հեռանկարները շատ ավելի հստակ կլինեն։
Վերլուծաբանի խոսքով՝ այդ համատեքստում ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Արեւմուտք—Ռուսաստան հարաբերություններում, որտեղ կողմերը կարող են ձգտել գալ ընդհանուր հայտարարի։ ԼՂ հակամարտության սրումը բանախոսը ոչ հավանական է համարում այն առումով, որ աշխարհաքաղաքական խաղացողները չլուծելով առկա, մասնավորապես՝ Ուկրաինայի հարցը, չեն ցանկանա շահերի բախման նոր տեղեր ստեղծել։
Կ. Բեքարյանը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների՝ ԵՏՄ—ին անդամակցելու հնարավորությանը, հիշեցրել է, որ Վրաստանը ունի հստակ արեւմտյան կողմնորոշման քաղաքականություն, Հայաստանը, լինելով ՌԴ—ի ռազմավարական գործընկերը, ցույց է տվել իր այդ գերակայությունը, իսկ Ադրբեջանը առավել չեզոք է եղել. «Որեւէ կերպ չեմ բացառում, Ռուսաստանը եւ Ղազախստանը ցանկանում են, որ Ադրբեջանը անդամակցի ԵՏՄ—ին։ Սակայն Ադրբեջանը, լինելով էներգակիրներ արտահանող երկիր, հասկացել է, որ այստեղ ունենալու է այդ երկրների հետ բախվող շահեր»։ Քաղաքագետը հնարավոր է համարում, որ քաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանի մոտ ցանկություն առաջանա անդամակցելու ԵՏՄ—ին։
«Անդամակցելով ԵՏՄ—ին՝ Հայաստանը լուծեց «ե՛ւ—ե՛ւ» քաղաքականության առաջին «եւ»—ի հարցը, եւ այս պահին պետք է տեսնել՝ ինչ առաջընթաց կա երկրորդ «եւ»—ի՝ ԵՄ—ի ուղղությամբ»,–ասել է Բեքարյանը։
2015—ի գարնանը կլինի Հայաստան—ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան—ԵՄ նոր իրավապայմանագիրը, որն արդեն բանակցվածից գրեթե տարբերություն չի ունենա. «Թե դա ինչպես կկոչվի, կարեւոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ Հայաստան—Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Եվ հետեւաբար, քաղաքական մասի հետ պիտի շատ չնչին դետալներ լինեն, որոնք ինչ—որ նորացման կամ լրացման կարիք կունենան»։
Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա այստեղ Կարեն Բեքարյանը ներկայացնում է ապագայի մոդելը՝ ելնելով պարզ տրամաբանությունից, որ խնդիրները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի. հարցերի բլոկ, որոնցում Հայաստան—ԵՄ տնտեսական համագործակցության հարցում խնդիրներ չկան, եւ սրանք էլ պետք է դառնան Հայաստան—ԵՄ նոր իրավապայմանագրային մաս, հարցերի խումբ, որտեղ խնդիրներ կան եւ, հետեւաբար, չպետք է ներառվեն նոր փաստաթղթում, եւ երրորդ խումբ, որտեղ անգամ եթե կան հակասություններ, ապա կա տպավորություն, որ դրանք հաղթահարելի են բանակցությունների ներքո. «Սա բանակցային տեխնոլոգիան է, եւ իմ տպավորությունն է, որ այդ տեխնոլոգիայով էլ շարժվում են, իսկ դա նշանակում է, որ գործընթացը կարող է լինել բավականին արագ։ Արդեն 2015—ի գարնանը կարող ենք որպես այդպիսին ունենալ ԵՄ—ի հետ նոր իրավապայմանագրային ձեւաչափ»։
Նա նշել է, որ ԵՄ—ի հետ Հայաստանը ունենալու է տնտեսական համագործակցություն, եւ դա պետք է պարզ լինի Երեւանի բոլոր գործընկերներին. «ԵՄ—ի անդամ բոլոր երկրները, Ռուսաստանը եւ Հայաստանը նույնպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, եւ համագործակցության կետերը շատ են»։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի նախագահն ավելացրել է, որ Ռուսաստան—Արեւմուտք լարվածությունը կամ հակամարտությունը երկար շարունակվելու դեպքում չի կարող վնասակար չլինել Հայաստանի համար, որն իր արտաքին քաղաքական ուղեգիծը փորձում է կառուցել ուժային կենտրոնների շահերի ոչ թե բախման, այլ համալրման վրա։
Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին՝ Բեքարյանը նշել է, որ բանակցային գործընթացը համանախագահողների միջեւ յուրահատուկ կամուրջ է, եւ նրանց միջեւ հարաբերությունները խաթարված չեն։
Նա ընդգծել է, որ եթե համանախագահողները փորձեն ղարաբաղյան բանակցային գործընթացի հաշվին ինքնահաստատվել, դա չի կարող դրականորեն ազդել բանակցային գործընթացի վրա։
«Արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ—ը շահագրգռված են շարունակել եւ էլ ավելի սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները»,–անդրադառնալով ԱՄՆ—Ռուսաստան հարաբերություններին եւ այդ համատեքստում Հայաստանի համար հնարավոր հեռանկարներին՝ ասել է «Հայացք» կիրառական քաղաքագիտության եւ հետազոտությունների վերլուծության կենտրոնի վերլուծաբան Լիաննա Հովհաննիսյանը։
«Ամեն ինչ պետք չէ դիտարկել սեւ եւ սպիտակ հարթության մեջ»,–ասել է նա՝ մանրամասնելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցելու որոշումից հետո Արեւմուտքն ամենեւին չի փակել մեր երկրի հետ համագործակցության դռները։
Այս համատեքստում Լ. Հովհաննիսյանը մեջբերել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի այն խոսքերը, որ ԱՄՆ—ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|