Երեկ «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036 թվականը) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսի ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը իր ելույթում նշել է, որ հանդիպման նպատակն է հանրության լայն քննարկմանը ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչեւ 2036թ. զարգացման ռազմավարությունը, որը տրամաբանական շարունակությունն է էներգետիկայի զարգացման ռազմավարական բնույթի մինչեւ այսօր մշակված փաստաթղթերի, ինչպիսիք են 2005թ. եւ 2007թ. ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունները, 2013թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը» եւ 2014թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որոնք նպատակաուղղված են ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ։
«Մենք, գիտակցելով, որ զարգացման ծրագրերը կյանքի կարող են կոչվել միայն առողջ համակարգում, դեռ 2014թ. մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում։ Արդյունքում ձեւավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունը եւ հուսալիությունը»,–ասել է Ե. Զախարյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման եւ բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1—ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ում ֆինանսական վնասների ձեւավորումը։ Ե. Զախարյանի խոսքերով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ։ Մշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1—2 տարիների ընթացքում, նախնական գնահատմամբ, կհանգեցնի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը՝ 1,5—2%—ով։
«Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի եւ կայուն էներգետիկ համակարգ, անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրություն ներքին շուկայի եւ արտահանման համար, կայուն ֆինանսական վիճակ, կանխատեսելի սակագներ եւ կորուստների կրճատում, սպառողներին մատարակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացում, ինչը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը եւ բիզնեսի զարգացմանը»,–ասել է նախարարը։
Նա շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց նաեւ էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություններով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ատոմային էներգետիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցություն մասով։
«Այսքանով հանդերձ՝ դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ շարունակում ենք աշխատանքները։ Մենք պատրաստ ենք լսել ձեր կարծիքները եւ առաջարկները, ստանալ այն հաջող արդյունքը, որը թույլ կտա ունենալ կայուն եւ հուսալի էներգահամակարգ»,–նշել է Ե. Զախարյանը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել է մինչեւ 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը։
Նրա խոսքերով, այն մշակելիս հաշվի են առնվել մի շարք հիմնարար սկզբունքներ՝ երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ողջամիտ մակարդակի ապահովումը, էներգակիրների հուսալի մատակարարումը ներքին շուկայի սպառողներին՝ հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, շուկայում առկա արտադրման եւ սպառման տեխնոլոգիաները, ենթակառուցվածքային եւ տեխնոլոգիական սահմանափակումները։
Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայիս հնարավորությունների ու զարգացման հեռանկարների շուրջ կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մասնագետները մինչեւ 2036 թվականը զարգացման ծրագրում ուսումնասիրել են զարգացման տարբեր սցենարներ։ Բոլոր դիտարկված տարբերակներում գործող միջուկային բլոկի փոխարինումը 2027թ. նոր էներգաբլոկով տնտեսապես հիմնավորված է եւ անհրաժեշտ է՝ ելնելով երկրի ռազմավարական դրույթներից։ Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչեւ 2027 թվականը։
Առաջարկների մեջ կարեւոր տեղ ունի նաեւ նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքների կառուցումը, սկսած 2018 թվականից։ Այս հզորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Իրան—Հայաստան գազ—էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ—ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ։ Դիտարկվում է նաեւ 2027թ. հետո Իրան—Հայաստան գազ—էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացում՝ տնտեսապես հիմնավորված պայմաններով։
Ա. Գալստյանը նշել է, որ մինչեւ 2036 թվականը զարգացման ծրագրում հաշվի է առնվել էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը բոլոր բնագավառներում։ Վերականգնվող էներգետիկայի բնագավառում դիտարկվում է փոքր ՀԷԿ—երի կառուցում գումարային 150 ՄՎտ հզորությամբ, մինչեւ 2021թ.՝ հաշվի առնելով տեսակարար ներդրումների աճը եւ բնապահպանական պահանջների ապահովումը մասնավոր ներդրումների հաշվին։ Առաջարկվում է միջին հզորության ՀԷԿ—երի (Լոռիբերդ—66 ՄՎտ եւ Շնող—70 ՄՎտ) զարգացում եւ շահագործման հանձնում 2021թ., ինչը կավելացնի տարեկան արտադրանքը շուրջ 500 մլն կՎտժ՝ մասնավոր ներդրումների հաշվին։
Այդ շրջանակներում կարեւորվում է նաեւ հայ—իրանական Մեղրի ՀԷԿ—ի կառուցման համաձայնագրի իրականացումը՝ ակնկալելով, որ կայանը 2033թ. կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործընթացում դիտարկվում է նաեւ 40 ՄՎտ գումարային հզորությամբ արեւային ՖՎ կայանների կառուցումը մինչեւ 2021թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի համաֆինանսավորմամբ։ Հաշվի են առնված նաեւ մոտ 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունները՝ մասնավոր ներդրումների հաշվին։
Ա. Գաստյանն ասել է, որ մինչեւ 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրում որպես առաջարկ ներկայացված է նաեւ 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրական կայանի կառուցումը եւ շահագործումը 2024թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի աջակցությամբ։
Էներգահամակարգի ենթակառուցվածքների զարգացման գործընթացում առաջարկվում է Իրան—Հայաստան եւ Հայաստան—Վրաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, ինչի արդյունքում Հայաստան—Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ—ից կհասցվի 700 ՄՎտ—ի, իսկ Հայաստան—Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ—ից կհասցվի 1000—1200 ՄՎտ—ի, միաժամանակ կբարձրանա էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունը (Իրանի արտահանման զարգացման բանկ եւ KfW բանկ՝ վարկային միջոցներ)։
Առաջարկվում է նաեւ Այրում 350 ՄՎտ հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի երրորդ մոդուլի կառուցումը (2027թ.)՝ ելնելով շուկայի եւ տարածաշրջանային համագործակցության պահանջարկից։ Սա հնարավորություն կտա Հայաստան—Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնելու 1050 ՄՎտ—ի (KfW բանկ կամ այլ միջազգային բանկերի միջոցներ)։
Մասնագետների կողմից ներկայացված առաջարկների մեջ կարեւոր տեղ ունեն նաեւ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը, ոլորտի սակագների կառուցվածքի եւ մեթոդաբանության վերանայումը։
|