ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 11:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Երեւանը՝ միջազգային կինոկենտրոն /«Ոսկե ծիրանը» 12—րդ անգամ ընթացքի մեջ է/
16:43
Երեւանը՝ միջազգային կինոկենտրոն /«Ոսկե ծիրանը» 12—րդ անգամ ընթացքի մեջ է/

Ծիրանից՝ ծիրան հետհաշվարկն արդեն ավարտված է, փառատոնն էլ ընթացքի մեջ է։ Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12—րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Մեկնարկին մասնակիցները եւ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին օրերս կյանքից հեռացած դերասան Օմար Շարիֆի հիշատակին։
Փառատոնի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։ Արդեն տասներկուերորդ անգամ Երեւանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների եւ իրականացնողների ձեռքբերումն է եւ բոլոր երեւանցիների կողմից սպասված մեծ տոն։
Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը։ Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգեւում։
Կարեւոր է նաեւ այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին։ Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու եւ նկարահանելու։ Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։
Հարգելի՛ բարեկամներ,
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային տասներկուերորդ կինոփառատոնը։ Վստահ եմ, որ այն լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջեւ, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին մաղթում եմ ապագայում եւս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ եւ կորով»։
Իսկ մինչ բացումը՝ կարմիր գորգի հանդիսավոր արարողությունն էր։ Մասնակցում էին փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին, նաեւ անվանի արվեստագետներ եւ հյուրեր։
Ըստ Օռնելլա Մուտիի ֆեյսբուքյան գրառման, նա անհամբեր է սպասել հայաստանյան այցին։ «Ոսկե ծիրանի» շրջանակներում դերասանուհու մասնակցությամբ տեղի կունենա «Սվանի սերը» կինոնկարի երեւանյան պրեմիերան։ Փառատոնի օրերին կլինի նաեւ Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Փառատոնի բացման արարողության ժամանակ Օռնելլա Մուտին եւ Նաստասյա Կինսկին արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին։ Մրցանակները նրանց հանձնեցին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ «Վիվասել ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Այս մրցանակները հանձնում ենք ձեզ՝ հույսով, որ ձեզ կրկին կտեսնենք մեր փառատոնում։ Փարաջանովը դրանք պատրաստել է բանտում եղած ժամանակ»,–նշեց Հարություն Խաչատրյանը։ Մուտին նշեց, որ հպարտ է Հայաստանում գտնվելու համար։ «Միշտ հիացել եմ Կինսկիով, հպարտ եմ, որ այստեղ եմ։ Սքանչելի փառատոն է, ինչ որ տեսել եմ՝ հոյակապ է։ Հույս ունեմ, որ այն կընդլայնվի»,–նշեց նա։ Նաստասյա Կինսկին էլ հայկական փառատոնին մասնակցելը բնորոշեց որպես քնքուշ երազ։ «Հրաշալի էր հանդիպել նաեւ Օռնելլային եւ ձեզ հետ կիսել այս օրը»,–նշեց նա։
Ի դեպ, դերասանուհիները Վարդավառի տոնի ժամանակ ջրվել են։ «Շատ զվարճալի սովորույթ է»,–նշեց Օռնելլա Մուտին։
«Փառատոնի «բախտը չի բերում»՝ մեր բացման օրերը համընկնում են Վարդավառի հետ։ Այսօր մեր բոլոր հյուրերին ջրեցին։ Նաստասյա Կինսկին, Օռնելլա Մուտին եւս ջրվեցին, բայց շատ ուրախացան։ Ամռանը շատ դժվար է կազմակերպել փառատոն, շոգ է, բայց, քանի որ Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է, երեւանցիները շատ լավ եւ բարի մարդիկ են, եւ շատ լավ են ընդունում հյուրերին, տոնը միշտ սպասված է։ Եկել են բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, բերել են լավ ֆիլմեր։ Մենք մեր հիմնական բարեկամների հետ շարունակում ենք կազմակերպել փառատոնը»,–ընդգծեց Հարություն Խաչատրյանը։
«2015 թվականը յուրահատուկ տարի է։ «Ոսկե ծիրանը» տարբեր երկրներում կազմակերպեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ։ «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի իրականացրել է ցեղասպանությանը նվիրված «Այլեւս երբեք» ծրագիրը»,–բացման ժամանակ նշեց ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Խաչիկ գյուղում ավարտել է իր ֆիլմի նկարահանումները։ Պատրիկ Շենեն ֆիլմի գլխավոր դերակատարն է։
Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած—ականատես Ավրորա Մարդիգանյանի պատմությունը. «Նա հերոսուհի էր, ով կարողացավ իր պատկերացրած ձեւով ոչ միայն օգնել իր ժողովրդին, այլեւ հարված հասցնել իրեն նեղացնողին»։
Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան)՝ Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» (Ֆրանսիա, 2015) ֆիլմի ցուցադրությամբ։ Իսկ ավարտը կլինի Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925) ֆիլմով՝ նվիրված առաջին հայկական կինոնկարի 90—ամյա տարելիցին։
Փառատոնի մեկնարկային ավանդական եւ կարեւոր միջոցառումներից է Ծիրանօրհնեքի արարողությունը։ Այդ իրադարձությունն այս տարի անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում։ Արարողությունը կատարվեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ. «Աստված օրհնի ձեզ։ Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների է հասնում։ Դա շոշափելի է։ Ամեն անգամ քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկում մեր երկրի կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ։ Նրանք էլ ծանոթանում են մեր մշակույթի հետ»։


Տասներկուերորդ կինոտոնի առանձնահատկությունները
 

Նույն խորագրով, բայց ամենազանազան բովանդակությամբ. «Ոսկե ծիրան» ամենամյա փառատոնն իր ամենամյա նորություններն ունի։ Հուլիսի 12—19—ն անցկացվող տասներկուերորդ կինոտոնի առանձնահատկություններն են հյուրերը՝ Մուտի, Կինսկի, Գեդիկյան… Փառատոնն աստղառատ է։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ, 12—րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ։ Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»։ Կցուցադրվեն, մասնավորապես, Ատոմ Էգոյանի «Արարատ», Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ», Հենրիկ Մալյանի «Նահապետ», Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» եւ բազմաթիվ այլ կինոնկարներ։
Այս տարի եւս «Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին։ Ցուցադրություններ կլինեն՝ նվիրված Հենրիկ Մալյանի եւ Հենրիկ Մարգարյանի 90, Լեւոն Աթոյանցի 85 եւ Հարություն Խաչատրյանի 60—ամյա հոբելյաններին։ Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լեւոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաեւ Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» (1988) ֆիլմերը։
Մրցութային ծրագրերն էլ բազմազան են։ Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից։ Ընտրված 76 ֆիլմից 12—ը կմրցեն միջազգային խաղարկային, 13—ը՝ միջազգային վավերագրական, 17—ը՝ «Հայկական համայնապատկեր», եւ 34—ը՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում։ Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս անգամ ընդգրկում է 26 երկիր։


Տասը նախագիծ՝ Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմում
 

Ֆիլմի արտադրության աջակցության մրցանակը՝ 10 հազար ԱՄՆ դոլար, կտրվի ընդամենը նախագծերից մեկին։ Բայց երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմի աշխատաժողովին 10 նախագիծ է մասնակցում։ Կինոպլատֆորմի համար ընտրվել են Բելգին Չենգիզի «Խաթուն», Սոնա եւ Մարինե Քոչարյանների «Մուրատ», Րաֆֆի Նիզիբլյանի «Ես Նիզիբից եմ», Գագիկ Ղազարյանի «Հոմֆուլ», Չանթալ Փարթամյանի «Ան—տարածքներ», Դիանա Մկրտչյանի «Լռություն», Սենեմ Գոկչեի «ԿոաՐ», Ավիվա Բարխուդարյանի «Պատահաբար», Սաբրի Ումու Բոզիյլի «Մի կաթիլ ջուր» եւ Հաջի Օրմանի «Օտարում» նախագծերը։ Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են։ Հայտերի ընդունման մասին հայտարարվել էր երկու ամիս առաջ։
Այդ միջոցառումը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ եւ նախագծերի ներկայացումներ։ Երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի խոսքերով, նախորդ աշխատանքային հանդիպումը կայացել էր ապրիլին՝ Ստամբուլում։ Նախագծերի 90 տոկոսը Հայոց ցեղասպանության թեմային էր նվիրված. «Դա վերաբերում է ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի ներկայացրած նախագծերին»։ Այս տարվա համար դա բնական է համարում։
Կինոպլատֆորմի կյանքի կոչման սկզբնական շրջանում շատերը հարցականի տակ են դրել այն՝ ինչի՞ համար են պետք այդ շփումները, ինչի՞ համար է պետք հայ—թուրքական երկխոսությունը։ Նպատակը, ըստ կինոքննադատի, երիտասարդ թուրք կինոգործիչներին ցեղասպանության թեմայի, Հայաստանի մասին տեղեկացելն է։
Այս աշխատաժողովին ընտրված են նախագծեր, որոնք նվիրված են ցեղասպանությանը։ «Հուլիսի 14—ին մենք սկսում ենք նախագծերի ներկայացումը։ Մեր հայ—թուրքական պլատֆորմի սրահում ազատորեն խոսվում է բոլոր խնդիրների մասին՝ թուրքերի մասնակցությամբ»,–ընդգծեց նա՝ վստահեցնելով՝ հայկական հարցը պետք է հնչի միջազգային հարթակներում, այդ թվում՝ Թուրքիայում։


Բոլորի սերն արտահայտող մալյանական աստղը
 

Շառլ Ազնավուրի հրապարակում այսուհետ «կփայլատակի» նաեւ հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղը։ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12—րդ կինոփառատոնի շրջանակում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ Հենրիկ Մալյանի անունը տալիս, միանգամից հիշում ենք «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» եւ նրա այլ կինոնկարները.«Այդ բոլոր ֆիլմերը մեր երկրի պատմությունն են։ Նա մաեստրո է, որի հետ մենք փորձում էինք ընկերություն անել։ Կյանքում շատ համեստ, ամաչկոտ մարդ էր։ Եթե այստեղ կանգնած լիներ, կամաչեր, գլուխը կիջեցներ»։
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն աշխատել է Հենրիկ Մալյանի հետ։ «Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել։ Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ։ Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,–նշեց Մանսուրյանը՝ ասելով, որ աստղը զարդարում է քաղաքը եւ արտահայտում բոլորի սերը վարպետի նկատմամբ։


Հարկավոր էր պատմել Հայոց ցեղասպանության մասին
 

Ռոբեր Գեդիգյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին։ Ասում է՝ հուզված է, որ փառատոնը «Խենթ պատմություն» ֆիլմով է սկսվում։ Նա Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմով ցանկացել է ներկայացնել հայերի հիշողությունը. «Միշտ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները, իսկ պարտվածներին մնում է միայն հիշողությունը, բայց այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով եւ նորից ստեղծվելու միջոցներ գտնել՝ մշակույթի, երբեմն էլ զենքի միջոցով»։
Նա հույս հայտնեց՝ իր ֆիլմը կօգնի, որ հայության պատմությունն ամբողջ աշխարհով պտտվելով հասցնի հանդիսատեսին այն, ինչը որ պետք է ընդունվի։ «Երկար ժամանակ ցանկացել եմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ։ Իրականում ցանկացել եմ նկարել այնպիսի ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ»,–ասաց ֆրանսիահայ կինոռեժիսորը։ Նա պատմեց, որ ֆիլմի սցենարի մի քանի տարբերակներ են եղել, ի վերջո կանգ է առել այս մեկի վրա. «Հարկավոր էր պատմել Հայոց ցեղասպանության մասին, հայ մոր կերպարի մասին, ով ֆիլմի մեջ ընդունում է իր որդու զոհողությունը, իսկ հետո մի փոքր գլոբալացնելով ֆիլմը՝ հայի պատմությունը դարձնել պատմություն մի ողջ ազգի»։
Հանդիպմանը ներկա Ռոբեր Գեդիգյանի կինը՝ դերասանուհի Արիան Ասկարիդը, ով ֆիլմում կերտել է մոր կերպարը՝ ասաց. «Մոր կերպարները շատ ծանր կերպարներ են։ Իսկ այս ֆիլմում մոր կերպարը առանձնահատուկ կերպար էր։ Հոգեբանորեն դժվար չէր կերտել այն։ Դա իմ գործն էր։ Ես ինքս էլ մայր եմ»։


Աստղային հյուրերը՝ Երեւանի կոնյակի գործարանում
 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող անվանի դերասանուհիներ Օռնելլա Մուտին եւ Նաստասյա Կինսկին այցելել են Երեւանի կոնյակի գործարան։
Հյուրերը շրջայց են կատարել «Արարատ» թանգարանում, մասնավորապես՝ այցելել են հնացման մառան, որտեղ ծանոթացել են հայկական «Արարատ» կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին, այնուհետեւ շրջել գործարանի նախագահական սրահում, որտեղ պահվում են տարբեր երկրների նախագահների այցերի պատվին հնացվող տակառներ։ Հյուրերի ուշադրությանը ներկայացվել է նաեւ հայկական «Արարատ» կոնյակի հնագույն նմուշների մշտական հավաքածուն։
Աստղային պատվիրակությունը կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի։ Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ։ Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Հյուրերը գրառում են կատարել գործարանի հուշագրքում։
Շրջայցի ավարտին Օռնելլա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին որպես նվեր են հանձնվել հատուկ պատրաստված կոնյակներ «Արարատի» բացառիկ հավաքածուից։


Ըստ Մուտիի…
 

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր՝ կինոյի ճանաչված եւ սիրված դերասանուհի Օռնելլա Մուտին (Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի) փառատոնին մասնակցելու հրավերն ընդունել է, քանի որ Հայաստանի համար այս տարին հատուկ տարի է։ «Ես ունեմ մի շատ թանկագին ընկեր, որն ամուսնացել է հայի հետ։ Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին։ Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետեւ գեղեցիկ է, այլեւ հոգեւոր է։ Հենց այդ պատճառով էլ չկարողացա մերժել»,–ասում է դերասանուհին եւ զարմացած ավելացնում՝ ինչպե՞ս է, որ Հայաստանում շատերը իտալերեն են խոսում։
Նրան կինոփառատոնը շատ է դուր գալիս։ Դուր է եկել նաեւ փառատոնի ֆիլմերի ընտրությունը։ Նաեւ «Սվանի սերը» ֆիլմի ընտրությունն է ճիշտ կատարվել։ Ասում է, որ այն երկար պատմություն ունի։ Դա ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ։ Իրեն երջանիկ է համարում, որ կարողացել է խաղալ այն դերը, որը, ասում են, տղամարդու դեր էր. «Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները ներկայացնելը շատ հաճելի էր»։
Մուտիի պատկերացմամբ, մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա։ Եվ ինքդ քեզ հետ պետք է ներդաշնակ լինես. «Այդ ժամանակ ավելի լավ կկարողանանք հասկանալ այն, ինչ ունենք եւ այն, ինչ չունենք։ Հասարակությունը մեզ ավելի շատ ցույց է տալիս այն, ինչ չունենք, եւ, հետեւաբար, մոռանում ենք այն, ինչ ունենք»։
Դերասանուհին պատմում է, որ իր քույրը պետք է մասնակցեր «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի համար նախատեսված փորձին եւ խնդրել է իրեն ուղեկցել, որ մենակ չգնա. «Սա իրական սիցիլիացի կնոջ պատմություն է։ Կին, որը դեմ գնաց Սիցիլիայի այն սովորույթին, երբ առեւանգված կինը պետք է անպայման ամուսնանա։ Ռեժիսորն ընտրեց ինձ այդ դերի համար, ես ընդամենը 14 տարեկան էի։ Չնայած ես որոշել էի նկարահանվել այդ ֆիլմում եւ վերադառնալ սովորելու, բայց… հիմա այստեղ եմ»։
Ասում է. «Կան ֆիլմեր, որոնք քեզ մեծ հռչակ են բերում, որոնք շոյում են դերասանի էգոն։ Կան ֆիլմեր, որ պատմական են, օրինակ՝ «Կամակոր տղամարդու սանձահարումը», եւ երկրորդ ֆիլմը Չելենտանոյի հետ նույնպես»։ Նա շնորհակալ է բոլոր ֆիլմերի համար։
«Սվանի սերը» կինոնկարի պրեմիերայից առաջ Օռնելա Մուտին խոստովանեց, որ ոչ մի երկրում այնպես չի հուզվել, ինչպես Հայաստանում. «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, եւ միշտ լավ ընդունելության եմ արժանանում։ Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որեւէ այլ երկրում։ Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք եւ սեր, որն ինձ ցույց տվեցիք։ Շնորհակալություն»։



Ամենասիրելի կինոփառատոնը
 

Մեծ դեր ու մեծ ապագա. դա Ասիայի ամենաներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Կիմ Դոն—Հոնի գնահատականն է «Ոսկե ծիրանին». «Ոսկե ծիրանը» հավաքում է տարբեր հայտնի մարդկանց եւ կինոգործիչների։ Այն արդեն մեծ անուն ունի։ Հայ ասելով, ես պատկերացնում եմ բարի, բարեսիրտ, սրտով ջերմ մարդկանց։ Այդ իսկ պատճառով սա իմ ամենասիրելի կինոփառատոնն է»։
Նրա խոսքերով, դրսում լսելով այս փառատոնի մասին արդեն միանգամից հիշում են Հայաստանի բազմամյա պատմությունը. «Փառատոնի ապագան նույնպես խոստումնալից է։ Այն հավաքում է ճանաչված կինոգործիչների՝ աշխարհի տարբեր ծայրերից»։
Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն արդեն չորրորդ անգամ է Հայաստանում։ Այս տարի իր հետ Երեւան է բերել Կիմ Դե—Հուանի «Ձմռան վերջը» կինոնկարը, որի պրոդյուսերն է։ Ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի «Միջազգային խաղարկային» մրցույթում։
«Մի քանի տարի առաջ դպրոց եմ հիմնել, բերել եմ իմ ուսանողի ֆիլմը։ Այս ֆիլմը Բուսանի եւ Բեռլինի կինոփառատոներում մրցանակներ է շահել»,–ասաց նա։
Ֆիլմի հերոսի՝ Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն—Գընի ընտանիքի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա անցումը թոշակի։ Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն—Գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել եւ մնալ Չերուոնում։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթեւեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, եւ հարազատները ճարահայտյալ երեք օր մնում են Սուն—Գընի տանը՝ որպես մի ընտանիք։ Բախվելով ծնողների ամուսնալուծության փաստին՝ ընտանիքի անդամներն առնչվում են միմյանց անհաճո ներկայությանը։
Կիմ Դոն—Հոն խոսեց նաեւ հոլիվուդյան եւ ասիական ֆիլմերի տարբերության մասին։ Հոլիվուդում շատ մեծ գումարներ են ներդնում ֆիլմերի մեջ, իսկ Ասիայում՝ ոչ, գերիշխում է մշակույթը, որը ցանկանում են ցույց տալ աշխարհին։ Նա իր ուսանողներին խորհուրդ է տալիս աշխատելիս օգտագործել միայն իրենց ֆանտազիան եւ ապրածը։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 508 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024