Մոտենում են տարվա ամենասպասված՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները։ Այս առիթով ամբողջ հանրապետությունում մեկնարկել են տոնական միջոցառումները, որոնց, գաղտնիք չէ, ամենաշատը սպասում են մանուկները։
Վերջին օրերին տոնական միջոցառումների շարք է իրականացնում նաեւ հանրապետության նախագահի աշխատակազմը։ Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվելու հերթը սահմանամերձ մի շարք մարզերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներինն էր։ Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ եւ նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության եւ Հովհաննես Թումանյանի թանգարաններ։
Տոնական միջոցառումներ են անցկացվում նաեւ մանկատներում, հիվանդանոցներում, այլ հաստատություններում։ Երեկ Գավառի մանկատուն էր այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների այցի էր գնացել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Բնականաբար, Ձմեռ պապը նրանց անունից նվերներ է բաժանել։
|