ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձով, տեւել է 1 ժամ եւ 10 րոպե։
ԵՏՄ—ի անդամ երկրները կառույցի գործունեության արդյունքում չեն կորցնի ինքնիշխանությունը. պարզապես կլինի սերտ համագործակցություն։ Վլադիմիր Պուտինը նշել է ԵՏՄ—ի գործունեության սկզբունքները՝ իրավահավասարություն, փոխադարձ հարգանք եւ պրագմատիզմ. «Հիմնարար սկզբունքն է ազգային ինքնատիպության եւ բոլոր անդամ երկրների պետական ինքնավարության պահպանումը։ Ես համոզված եմ, որ սերտ համագործակցությունը զարգացման հզոր աղբյուր կդառնա Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար»։
Ռուսաստանը հարգում է այլ պետություններին, եթե նրանք չեն վնասում իր շահերին. «ՌԴ գերակայություններն են առողջ պետությունը եւ ընտանիքը, նախնիներից ժառանգած ավանդական արժեքները՝ համադրած ապագայակենտրոն ուղղվածության հետ, կայունությունը՝ որպես զարգացման նախապայման, հարգանքը այլ ժողովուրդների եւ պետությունների հանդեպ՝ Ռուսաստանի անվտանգության եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիքների պայմաններում»։
Համագործակցությունը կշարունակվի եւ կընդլայնվի նաեւ ԵՏՄ տարածքից դուրս։
Մոսկվայի նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ձեռք բերել ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում. «Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, ուր թափ են ստանում ինտեգրացիոն գործընթացները, ուր չեն խառնում տնտեսությունը եւ քաղաքականությունը, այլ ընդհակառակը՝ վերացնում են բոլոր խոչընդոտները առեւտրի, տեխնոլոգիական փոխանակության եւ ներդրումների, մարդկանց ազատ տեղաշարժման համար»։ ՌԴ—ն չի պատրաստվում խզել հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ—ի հետ։ Միաժամանակ կընդլայնվեն եւ կզարգացնեն ավանդական կապերը հարավամերիկյան մայրցամաքի հետ, կշարունակվի համագործակցությունը Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ։
Պետք է դիտարկել, թե վերջին տասնամյակում ինչպես են նպատակաուղղված առաջ ընթանում ասիական եւ խաղաղօվկիանոսյան շրջանները. «Ռուսաստանը որպես խաղաղօվկիանոսյան գերտերություն մտադիր է օգտագործել այդ հսկայական ներուժը»։
Պատժամիջոցները վնասակար են բոլորի համար
Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Ռուսաստանը չի պատրաստվում տեղի տալ Արեւմուտքի ճնշումներին։ Պուտինը Ղրիմի միացումը պատմական իրադարձություն է անվանել եւ հայտարարել է, որ Ղրիմի միացման որոշումը լեգիտիմ էր, նաեւ՝ ընդգծել, որ թերակղզին Ռուսաստանի համար ունի սուրբ նշանակություն. «Այնտեղ ապրում են մեր մարդիկ, եւ հենց տարածքը ռազմավարական առումով կարեւոր է»։ Պուտինը նաեւ հավելել է, որ Ղրիմը բազմադեմ, բայց մոնոլիտ ռուս ազգի եւ քաղաքակիրթ ռուսական պետության հոգեւոր աղբյուրն է. «Մենք իրավասու ենք հարց տալ՝ ինչի՞ համար էր այս ամբողջ ողբերգությունն Ուկրաինայում։ Մի՞թե չէր կարելի կարգավորել հարցերը, նույնիսկ վիճահարույց հարցերը երկխոսության, իրավական դաշտի եւ օրինական գործընթացների շրջանակում»։
«Սակայն մեզ այժմ բոլոր ուժերով փորձում են համոզել, որ հենց սա է գրագետ, կշռադատված քաղաքականությունը, որին մենք պետք է առանց մտածելու եւ կուրորեն ենթարկվենք։ Դա չի լինի,–ընդգծել է Պուտինը։
Մոսկվան հարգանքով է վերաբերվում Ուկրաինային եւ նախկին խորհրդային մյուս հանրապետություններին։ «Լավ հայտնի է, որ Ռուսաստանը ոչ միայն աջակցեց Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ—ի մյուս եղբայրական հանրապետությունների ինքնիշխանության ձգտմանը, այլեւ 90—ական թվականների սահմանագծին զգալիորեն նպաստեց այդ գործընթացին։ Այն ժամանակվանից մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել,–ընդգծել է ՌԴ նախագահը։–Յուրաքանչյուր ժողովուրդ զարգացման սեփական ուղին, դաշնակիցներին, հասարակության քաղաքական կողմնորոշման ձեւը, տնտեսության կառուցումը եւ իր անվտանգության ապահովումն ընտրելու անքակտելի ինքնիշխան իրավունք ունի»։ Ռուսաստանը միշտ էլ դրան հարգանքով է վերաբերվել ու կվերաբերվի. «Դա լիակատար չափով վերաբերում է նաեւ Ուկրաինային, Ուկրաինայի եղբայր ժողովրդին»։
Արտոնություններ մանր, միջին բիզնեսի համար
Իր ելույթում Պուտինը չի մոռացել նաեւ մանր ու միջին բիզնեսը։ «Եթե մանր ու միջին բիզնեսով զբաղվող ընկերությունները աշխատել են երեք տարի ու երեք տարվա մեջ բարեխղճորեն կատարել են հարկային պարտավորությունները, ապա հաջորդ երեք տարվա ընթացքում այդ ընկերությունները ազատվելու են բոլոր տեսակի ստուգումներից»,–ասել է նա՝ առաջարկելով 4 տարի անփոփոխ թողնել հարկային համակարգը։
Անդրադառնալով վերջին շրջանում ռուբլու 40 տոկոս արժեզրկման փաստին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկն անցել է լողացող կուրսի քաղաքականությանը. «Սակայն սա չի նշանակում, թե իշխանությունները չեն պայքարելու սպեկուլյանտների դեմ։ Իշխանություններն ունեն այդ մեխանիզմները եւ գիտեն, թե ինչպես պետք է նրանց դեմ պայքարել»։ Այդ հայտարարությունից հետո ռուբլու փոխարժեքը ժամանակավորապես մի փոքր բարձրացել է։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|