Եվրոպական միասնության գաղափարը՝ ժողովուրդների համատեղ զարգացման մնայուն տեսլական
Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան. այս կարգախոսով 2015թ. Եվրամիության կողմից հայտարարվել է զարգացման տարի։ Եվ հենց զարգացման տարվա ընթացքում էլ նշվում է Շումանի հռչակագրի 65—ամյակը։ 1950թ. մայիսին Ռոբերտ Շումանը Եվրոպայի ազգերին միավորվելու եւ աշխարհամասում պատերազմն անհնար դարձնելու կոչով է հանդես եկել։ Այդ կոչը դարձել է Եվրամիության հիմնաքարը։
Արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի օրը նշում են նաեւ Հայաստանում։ Դա ՀՀ եւ ԵՄ միջեւ սերտ համագործակցության ապացույց է։
Երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այդ առիթով իրականացված միջոցառման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մայիսը հայկական օրացույցում հաղթանակներ, զարթոնք, ազատություն եւ անկախություն խորհրդանշող ամիս է։ Ուստի նա պատահական չհամարեց, որ մայիսին Հայաստանում նշվող տոների շարքում Եվրոպայի օրվա տոնակատարությունը դարձել է ավանդական։
«Չնայած տարբեր ճգնաժամերին եւ մարտահրավերներին, որոնց տարբեր ժամանակահատվածում բախվում է Եվրոպա աշխարհամասը, եվրոպական միասնության գաղափարը մնում է որպես ժողովուրդների համատեղ զարգացման մնայուն տեսլական։ Եվ այդ գաղափարի գրավչությունն ավելի լայն է, քան Եվրոպայի աշխարհագրական սահմանները»,–նկատեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է մեր պետության արտաքին քաղաքական առաջնություններից։ Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ մեր հարաբերություններն ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ ԵՄ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրել, ապա նկատեց. «Հայաստան—ԵՄ համագործակցությունը կարեւոր խթան հանդիսացավ մեր երկրում կենսական նշանակություն ունեցող բարեփոխումների համար»։
Ըստ նրա, պետք է անել ամեն ինչ Եվրոպայի օրինակով խաղաղություն ապահովելու համար։ «Ինչպես արդարացիորեն նշել է Ռոբերտ Շումանը, խաղաղությունն աշխարհում չի կարող ապահովագրված լինել առանց բոլորի ստեղծագործ ջանքերի՝ աշխարհին սպառնացող վտանգներին համահունչ»,–եզրափակեց Վաչե Գաբրիելյանը։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի կարծիքով՝ «Մեր հիմնադիր հայրերի երազանքները դարձել են իրականություն»։ Նա ընդգծեց, որ Եվրամիությունն առաջարկում է համագործակցելու հնարավորություն նրանց, ովքեր կիսում են հարգանքը եւ վստահությունը, նրանց, ովքեր միմյանց համարում են հավասար։
«Արեւելյան գործընկերությունը հիմնված է ընդհանուր միջազգային իրավունքից եւ հիմնարար արժեքներից բխող հանձնառությունների վրա, որոնց հիմնական նպատակն է ամրապնդել հարաբերությունները Եվրամիության եւ իր 6 գործընկեր, երկրների միջեւ։ Այն որեւէ կերպ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ»,–ընդգծեց ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Նա բարձրաձայնեց, որ Հայաստանն իրենց համար գործընկեր է. «Մենք կիսում ենք բազմաթիվ արժեքներ։ Միաժամանակ ունենք համագործակցության բավականին մեծ պատմություն»։
«Արդարադատության ոլորտը, դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքը Եվրոպայի հետ մեր օրակարգի կարեւորագույն մասն են։ Եվ այդպես է եղել միշտ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Նա նշեց, որ տնտեսական ինտեգրացիոն գործընթացները վերջին շրջանում որոշակի ճշգրտումներ են մտցրել հարաբերություններում։ Այդուհանդերձ արդարադատությունն այն ոլորտն է, որն անկախ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից, միշտ մնալու է Եվրոպայի հետ Հայաստանի կարեւորագույն օրակարգային խնդիրներից։
Ողջույնի խոսքերին հաջորդեց համերգ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, «Կադենս» անսամբլի եւ Օանա Կատալինայի մասնակցությամբ։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|