Գալուստ Սահակյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել։
ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում։ Անդրադառնալով Ազգային ժողովի եւ ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ–Հայաստան փոխգործակցությունը։
Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման եւ պատշաճ անցկացման համար։ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնվարման ընթացքում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին եւ հետագա համագործակցությանը։