ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 4 » Գնաճը կլինի պլանավորվածի սահմաններում /Տեղի ունեցավ հերթական հարց ու պատասխանն օրենսդիրի եւ գործադիրի միջեւ/
14:28
Գնաճը կլինի պլանավորվածի սահմաններում /Տեղի ունեցավ հերթական հարց ու պատասխանն օրենսդիրի եւ գործադիրի միջեւ/

Ազգային ժողովի հերթական քառօրյայում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել անկառավարելի գնաճի, ու հետարքրվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում գործադիրն այդ ուղղությամբ։ Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՀՀ պետական բյուջեի նախագծում փոխարժեքի կանխատեսում չի կատարվում, այլ բյուջեն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրը գործող փոխարժեքն է հաշվի առնվում, որն ունի հաշվարկային բնույթ։ Դրանից ելնելով են գնահատվում պետության ծախսերն ու եկամուտները։
«2014թ. պետական բյուջեով սահմանված գնաճի ցուցանիշը 4 տոկոս է՝ գումարած կամ հանած 1.5 տոկոս։ Մինչեւ այժմ մենք ունեցել ենք 1.5 տոկոսի գնաճ։ Եթե բոլոր հնարավոր թանկացումները, որոնք կարող են տեղի ունենալ հետագայում, հաշվի առնենք, ապա միեւնույն է՝ գնաճը կլինի 4 տոկոսի շրջանակներում եւ նախանշվածի, պլանավորվածի չափ։ Պլանավորված գնաճի ցուցանիշներով Հայաստանում տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար ընդհանուր առմամբ զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»,–ասաց նախարարը։
Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ կառավարության տեսակետից կարեւոր է, որպեսզի գնաճը մնա պլանավորվածի սահմաններում եւ չափազանց բարձր չլինի։ Նա վստահեցրեց՝ եթե գնաճն ավելանա, ապա ընդհանուր գնաճի մակարդակն իր 4 տոկոսանոց միջակայքից չի անցնելու։ Իսկ առանձին ապրանքների մասով կան մարմիններ, որոնք հետեւում են, որպեսզի անհարկի գնային չարաշահում տեղի չունենա։
ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հարցադրումը վերաբերում էր սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը եւ խնդիրն օրենսդրորեն լուծելու հնարավորություններին։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ի պատասխան նախ նշեց, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումը Հայաստանում տարածված է հիմնականում երրորդ երեխայի դեպքում։ Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նախարարը նշեց, որ առաջին եւ երկրորդ երեխաների պարագայում աղջիկ եւ տղա երեխաների քանակի հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար 100 եւ 106, ինչը լիովին նորմալ ցուցանիշ է։ Սելեկտիվ աբորտները գլխավորապես կիրառվում են երրորդ երեխայի պարագայում. այստեղ տղա եւ աղջիկ երեխաների հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար 160 եւ 100։
«Բնականաբար դա մտահոգիչ հանգամանք է։ Մոր եւ մանկան առողջությունը ՀՀ նախագահի եւ գործադիրի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, եւ խնդիրը օրենսդրորեն լուծելու համար անհրաժեշտ եղան բավականին երկար քննարկումներ։ Մինչեւ 12 շաբաթական հղիությունն ընդհատելը կնոջ իրավունքն է, իսկ ժամկետների փոփոխությունը կարող է վտանգավոր լինել կնոջ առողջության համար։ Այս առաջարկն ընդունելի չեղավ մեզ համար»,–ասաց Արմեն Մուրադյանը։
Ընդունելի չի եղել նաեւ մինչեւ 30 շաբաթականը սեռը հայտնելն արգելելու մասին առաջարկը, քանի որ այդ դեպքում կարող է տեղի ունենալ հղիության ավելի ուշ ընդհատում՝ վտանգ առաջացնելով ինչպես մոր, այնպես էլ արդեն ձեւավորված պտղի համար։ Միակ ընդունելի օրենսդրական նախաձեռնությունն այն է, որ հենց սելեկտիվ աբորտները պետք է արգելվեն օրենքով՝ բացառություն անելով միայն այն դեպքում, երբ պտղի մոտ առկա է ժառանգական հիվանդություն։
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հարցադրմամբ հիշեցրեց, որ 2015թ. հուլիսի 1—ից հայաստանյան հեռուստաընկերություններն անցնելու են անալոգայինից թվային հեռարձակման։ Այս ընթացքում, նրա խոսքով, մարզերում գործող մի շարք հեռուստաընկերություններ կփակվեն՝ չկարողանալով ապահովել օրենքի պահանջները։ Պատասխանելով հարցադրմանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ մարզային 16 հեռուստաընկերություններին անալոգային հեռարձակման լիցենզիան տրվել է 7 տարի ժամկետով, որն անընդհատ երկարաձգվել է։ Սակայն սկսած 2010 թվականից մեկնարկել է անալոգայինից թվային հեռարձակման անցման գործընթացը, որը կավարտվի 2015թ. հուլիսի 1—ին։
«Սակայն գործընթացը փուլային է, եւ եթե դրա ընթացքում խնդիրներ ծագեն նաեւ մարզային հեռուստաընկերությունների հետ կապված, ապա մենք բաց ենք քննարկման համար եւ պատրաստ ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով։ Նոյեմբերին իրականացվել են թվային հեռարձակման առաջին փորձարկումները, արդյունքները բավարար են, իսկ ի հայտ եկած թերությունների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել»,–ասաց Դ. Հարությունյանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հարցը վերաբերում էր Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գործարկմանը։ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները գտնվում են երկրի իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այդ իսկ նպատակով ձեւավորվեց աղետների կանխարգելման ազգային պլատֆորմը, ապա՝ ճգնաժամային կառավարման կենտրոնը, որտեղ կենտրոնանում է բնական եւ տեխնածին աղետների մասին ողջ տեղեկատվությունը։
«Հայաստանում ներկայումս գործում են 151 սեյսմիկ կենտրոն եւ 14 հորատանցք, որտեղ ամենօրյա հսկողություն է իրականացվում սեյսմիկ իրավիճակի վերաբերյալ։ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված է նաեւ աշխարհի եզակի դեֆորմոգրաֆներից մեկը՝ 350 մետր երկարությամբ։ Տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետների օգնությամբ մենք շուտով կավարտենք վերականգնման աշխատանքները, եւ այս տարվա ընթացքում դիտարանը կսկսի աշխատել։ Հիշեցնեմ նաեւ, որ այստեղ տեղադրված է նաեւ ամերիկյան «Այրիս» համակարգը, որը թույլ է տալիս վերահսկել աշխարհում տեղի ունեցող թույլ՝ երկու բալ մագնիտուդով երկրաշարժերը»,–ասաց նախարարը։
«ՕԵԿ» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ Գյումրիում առայժմ կան անօթեւան ընտանիքներ, ու հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ կառավարությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ որոշ ընտանիքներ բնակվում են 4—րդ աստիճանի վթարայնության շենքերում։ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ի պատասխան նշեց, որ աղետի գոտու բնակարանաշինության վերջնական հաշվարկի արդյունքում ներկայումս բնակարանի շահառու է ճանաչվել 430 ընտանիք, որոնք առայժմ բնակարան չեն ստացել։
«Նրանց խնդիրները լուծելու համար գործադիրը նոր քաղաքականություն է որդեգրել, եւ ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել խնդրին արագ լուծում տալ բնակարանների վկայագրերի միջոցով։ Արդեն իսկ 215 ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվել է 1 մլրդ 450 մլն դրամ, նրանց մինչեւ հաջորդ տարվա հունիս կհատկացվեն նոր բնակարաններ։ Մնացած ընտանիքները հաջորդ տարվա երկրորդ կեսին կստանան իրենց բնակարանները։ Բացի այդ՝ ներկայումս աշխատանքներ են իրականացվում Շիրակի մարզի գյուղական համայնքների շուրջ 160 եւ Լոռու մարզի 200 գյուղական համայնքների անօթեւան ընտանիքների խնդիրները լուծելու համար»,–ասաց նախարարը։
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կան չորրորդ կարգի վթարայնության ավելի քան 25 եւ երրորդ կարգի՝ ավելի քան 450 շենքեր։ Նման կառույցների խնդիրների լուծման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ, անհրաժեշտ է կիրառել նոր մոտեցումներ՝ կապված ներդրումային ծրագրերի իրականացման հետ։
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հարցադրումը վերաբերում էր Հայաստանի քրեակատարողական համակարգին։ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ նշեց՝ իրավիճակը համակարգում այնքան էլ վատ չէ ու անհուսալի, ինչպես շատերը կարող են պատկերացնել։
«Ցավոք, ժամանակին մենք ժառանգեցինք խորհրդային տարիներին ձեւավորված բանտային համակարգ՝ իր բարքերով, պայմաններով։ Բավական է միայն հիշել, որ Հայաստանի բանտերից մեկը՝ Գորիսի բանտը 200 տարեկան է։ Մնացած ՔԿՀ—ների շենքերը եւս բավականին հնացած են։ Սակայն, չնայած ֆինանսական ճգնաժամին ու բարդություններին, պետությունը հնարավորություն գտավ որոշակի ռեսուրսներ հատկացնել ՔԿՀ շինարարության համար, եւ մենք ընդամենը մի քանի օր առաջ կատարեցինք անկախ Հայաստանի պատմության մեջ կառուցված առաջին՝ «Արմավիր» ՔԿՀ—ի բացումը։ Բացվեց առաջին մասնաշենքը՝ նախատեսված մինչեւ 400 կալանավորի համար, եւ կալանավորների ընդհանուր թիվը հաշվի առնելով՝ միայն առաջին մասնաշենքի շահագործման արդյունքում մենք մոտ 10 տոկոս բարելավում կստանանք մյուս ՔԿՀ—ների բեռնաթափման տեսակետից»,–նշեց նախարարը։
Հ. Մանուկյանի խոսքով՝ նույն ծանրաբեռնվածությամբ եւս երկու մասնաշենքի շինարարություն կավարտվի մինչեւ 2015թ. վերջ, ինչի արդյունքում մինչեւ 1200 դատապարտյալ կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ՝ մոտ 25 տոկոսով նվազեցնելով մյուս հիմնարկների ծանրաբեռնվածությունը։ Դա էական փոփոխություն կմտցնի համակարգում.
«Մենք ոչ միայն այս նոր հիմնարկի հետ ենք մեր հույսը կապում, այլեւ փորձում ենք եղած ՔԿՀ—ներում վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ իրականացնել, որպեսզի իրավիճակը բարելավվի։ Մասնավորապես, կենցաղային պայմանների բարելավման տեսակետից նախաձեռնվեց եւ մեկ ամիս առաջ էներգախնայողության հիմնադրամի հետ կնքվեց մի համաձայնագիր, որը թույլ կտա 10 ՔԿՀ—ներում էներգախնայողության ծրագիր իրականացնել»,–ավելացրեց ՀՀ արդարադատության նախարարը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024