ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 22 » Համագործակցության շրջանակը մեծանում է /Նշվում են ՀՀ տնտեսության հեռանկարային ուղղությունները/
13:44
Համագործակցության շրջանակը մեծանում է /Նշվում են ՀՀ տնտեսության հեռանկարային ուղղությունները/

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում խոշոր արտադրություններին մաս կազմելու հայտ է ներկայացնում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծերի ներկայացման համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում խոսվելու է հենց այն ձեւաչափերի մասին, որոնցով Հայաստանը կարող է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցել։
«Այդ ձեւաչափերից մեկն, օրինակ, կոոպերացիան է։ Հասկանալով, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտային միջոցների, ծանր նյութերի ու հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը այն մասին է, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս եւ մասնակցի։ Օրինակ, եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ՝ «BMW», «Mercedes», Հայաստանը մասնակցի այդ գործընթացին՝ կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային։ Այս եւ այլ ուղղություններով մենք հայտ ենք ներկայացնում խոշոր արտադրություններին մաս կազմելու համար»,–ասել է փոխնախարարը։
Հարցին, թե Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր սահման չունենալն ի՞նչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, Տարասյանը պատասխանել է. «Խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված, որոնք ձեւակերպվում են հենց տարանցիկ փոխադրման ժամանակ, եւ տեղի է ունենում երկակի հարկում։ Պետք է դրանից խուսափելու եղանակներ գտնենք, որպեսզի մեր գործարարները նման վարչարարական խնդիրների առջեւ չկանգնեն։ Խնդիրներ կան նաեւ ծագման սերտիֆիկատի պահանջի հետ կապված, որն ըստ էության դուրս է եկել, սակայն որոշ տեղերում անօրինական կերպով պահանջում են, ինչը վարչական խոչընդոտներ է ստեղծում։ Նմանատիպ այլ խնդիրներ էլ կան։ Հույս ունեմ, որ քննարկման ընթացքում մենք եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներից կստանանք այս հարցերի պատասխանները, իսկ եթե չստանանք, ապա կխնդրենք, որպեսզի այս հարցերը դառնան եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգային հարց եւ սեղմ ժամկետներում կարգավորվեն»։
Նա վստահություն է հայտնել, որ դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են, որոնք միշտ էլ առաջանում են տարանցիկ փոխադրումների պայմաններում եւ որոնք ժամանակի ընթացքում կարգավորվում են։ Տարասյանի խոսքով՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովը շատ հարցերում է օգնել Հայաստանին եւ այս հարցում էլ անպայման կօգնի, ու առկա խնդիրներն արագ կկարգավորվեն. «Նաեւ նման քննարկումներն եմ շատ կարեւորում այս առումով, քանի որ մի հարթակում հավաքում ենք գլխավոր որոշում կայացնողներին եւ նրանց համար լսելի ենք դարձնում մեր գործարարների դժգոհությունները»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին մատնանշում է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։ Ըստ նրա՝ Հայաստանում առավել հեռանկարային են շինանյութի արտադրությունը, թեթեւ արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը։ «Մենք այսօր հստակ պատկերացում ունենք Հայաստանի արդյունաբերության մասին։ Օրինակ՝ դուք ունեք լավ շինանյութ, իսկ այսօր միության անդամ երկրներում մեծ ծավալի շինանյութ է օգտագործվում։ Ես կարծում եմ, որ այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է։ Շինանյութ հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից, ուստի հիմա պետք է այն փոխարինել հայկական արտադրանքով, ինչը կարճ ժամանակում, կարծում եմ, կարվի։ Հեռանկարային է նաեւ կոշիկի եւ տրիկոտաժի արտադրությունը, որոնք հարկավոր է զարգացնել եւ հանել Եվրասիական տնտեսական միության շուկա»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Սիդորսկին։
Հարցին, թե առաջիկայում Հայաստանում ի՞նչ ներդրումներ են սպասվում, Սիդորսկին հստակեցրել է, որ ԵԱՏՄ—ն բավականին երկար աշխատանք է տարել Եվրասիական բանկի հետ, ինչի արդյունքում ներդրումներ են կատարվելու միության անդամ բոլոր երկրների տնտեսության հեռանկարային ոլորտներում։
Նախարարը կարեւորել է հատկապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ներգրավումը, որի զարգացումն ավելի խորացնելու համար հարկավոր են նոր մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ։ Դա էլ կիրականացվի երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում։
Սերգեյ Սիդորսկին շեշտել է նաեւ, որ Հայաստանը այն պետությունն է, որը չունի միության հետ ընդհանուր սահման, ուստի հասկանալ է պետք, թե ինչ հարցեր կան, որոնք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով կարող են լուծում ստանալ։
Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել 40 երկիր։ «Այսօր այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ ենք վարում մեր չինացի, հնդիկ գործընկերների հետ։ Անցած ամիս ստորագրեցինք Վիետնամի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, որը նաեւ Հայաստանին է հնարավորություն տալիս հանգիստ աշխատել վիետնամցի գործընկերների հետ։ ԵԱՏՄ—ի հետ ազատ առեւտրի համագործակցություն սկսելու ցանկություն է հայտնել նաեւ Իրանը»,–ընդգծել է Սիդորսկին։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը քայլ առ քայլ մեծացնում է համագործակցության շրջանակը՝ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով միության անդամ բոլոր երկրների համար։
Սերգեյ Սիդորսկին կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսության առանձին ոլորտների եւ առեւտրաշրջնառության ծավալների աճը հնարավորություն կտա ապագայում խուսափել տնտեսական անկումից։
«Ընդհանրապես այս տարի առեւտրաարդյունաբերության շրջանառության ծավալների անկում նկատվում է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունում, այլեւ բոլոր միություններում։ Եվ նույնիսկ մեր գլխավոր առեւտրային գործընկերների՝ Եվրամիության, Մերձավոր Արեւելքի երկրների, Չինաստանի մոտ նման անկում նկատվում է։ Նման պայմաններում մեր խնդիրն է ձեռնարկել բոլոր միջոցներն ավելի բարձր նպատակներ հետապնդող տնտեսություն կառուցելու համար։ Օրինակ, գյուղատնտեսության ոլորտը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում աճ է արձանագրել, ինչը խոսում է այն մասին, որ այն ծրագրերը, որոնք մենք մատնանշել ենք միության շրջանակներում, ինչպես նաեւ հաղորդակցման ուղիների ընդլայնումը մեր միությունում արդեն այսօր արդյունք են տալիս։ Եվ ես կարծում եմ, որ միության անդամ երկրներում տնտեսության առանձին ոլորտների աճը, բոլոր այն ծրագրերը, որոնք որոշակիացնելու են մեր միության ապագան, թույլ չեն տա, որ տնտեսական անկում գրանցվի»,–նշել է Սիդորսկին։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024