Սահմանադրության բարեփոխված նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի, որով հանրապետության նախագահն այլեւս դադարում է լինել «ամեն—ինչ որոշող» անձ։ Մասնավորապես փոխվում է նախագահի ընտրության ձեւը։ Բացի այն դրույթներից, որ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով եւ պետք է նվազագույնը քառասուն տարեկան լինի, նա այլեւս չի ընտրվի ուղիղ ընտրությամբ։ Բնակչության կողմից տրվող քվեները կփոխարինվեն հատուկ ընտրիչների ձայներով, որոնք էլ որոշիչ կլինեն նախագահի ընտրության հարցում։ «ՀՀ»—ի հետ զրույցում նախագահի ընտրության հետ կապված հարցերի եւ մտահոգությունների վերաբերյալ զրուցեցինք սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։
«Նախագահն այս նախագծով ընտրվում է ընտրիչների կողմից, որոնք կազմում են ընտրիչների կոլեգիա։ Դրան մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներից եւ Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչները։ Ասենք, եթե ԱԺ—ում կլինի 120 հոգի, ընտրիչների կոլեգիան կլինի 240 հոգի, որպեսզի համամասնություն ապահովվի։ Սա ինչ—որ նոր հայտնագործած հեծանիվ չէ։ Սա գործում է Գերմանիայում, Իտալիայում, Հնդկաստանում, խորհրդարանական կառավարման մոդել որդեգրած այլ երկրներում»,–նշեց Վ. Այվազյանը։
Իսկ թե ինչու է նախագահի ընտրություն կատարելու համար ընտրվել հենց ընտրիչների ինստիտուտը, մասնագետը պարզաբանեց. «Ընտրությունը պետք է լիներ կամ ընտրիչների, կամ խորհրդարանի կողմից, բայց քանի որ խորհրդարանի կողմից կա ե՛ւ վարչապետի, ե՛ւ վճռաբեկ դատարանի դատավորների, Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը, իսկ նախագահը պետք է տարբերվի մյուս պաշտոնատար անձանցից, այդ պատճառով որոշվեց առաջնահերթությունը տալ ընտրիչների կոլեգիային, որպեսզի ընտրության բնույթն ավելի ներկայացուցչական լինի»։
Զուգահեռներ տանելով ԱՄՆ—ում ընդունված ընտրիչների ինստիտուտի եւ մեզ մոտ նախատեսվող ընտրիչների միջեւ, նշեց, որ ի տարբերություն ԱՄՆ—ի, մեզ մոտ համամասնություն կա. «Իրենց ընտրական համակարգում հնարավոր է, որ ավելի շատ քվեներ հավաքած թեկնածուն չընտրվի, իսկ ավելի քիչ հավաքածը, ըստ ընտրիչների քանակի, ընտրվի»։
Մանրամասնելով՝ Այվազյանն ասաց, որ Ամերիկայում նախագահական ընտրությունների համար 538 ընտրիչներ պետք է ընտրվեն, որոնց շարքային ընտրողը լիազորում է քվեարկել կոլեգիայում։ Ընտրիչները պայմանականորեն համարվում են «բոնուսային միավորներ»։ Յուրաքանչյուր նահանգ՝ կախված բնակչության թվից, որոշում է նաեւ ընտրիչների թիվը։ Ամենամեծ քանակությամբ ընտրիչներ ունի Կալիֆորնիայի նահանգը՝ հիսունհինգ։ Մի նահանգի ընտրիչների տված ձայները մի թեկնածուին եթե թեկուզ մեկով էլ գերազանցում են մյուսներին, ապա այդ հիսունհինգ ձայներն անցնում են տվյալ թեկնածուին։ Այսինքն՝ համամասնություն չկա։ Այս իսկ պատճառով Կալիֆորնիայում բնակվող հայության դերակատարությունը ԱՄՆ նախագահի ընտրության ժամանակ այդքան կարեւորվում է։ «Նախագահական ընտրություններից հետո կոլեգիան հավաքվում է նիստի, եւ յուրաքանչյուր ընտրիչ մեկ ձայն տալիս է նախագահին, մեկ ձայն՝ փոխնախագահին։ Հաղթող է հռչակվում այն թեկնածուն, ով կստանա առնվազն 270 ընտրիչի աջակցությունը։ Պատմությունը ցույց է տվել, որ մինչ այսօր Կալիֆորնիայի նահանգում հայերը որ թեկնածուին սատարել են, նա էլ հաղթել է։ Իսկ Կալիֆորնիայի հաղթող թեկնածուն ունի 55 ընտրիչ, այսինքն 270—ի 25 տոկոսը։ Կազմելով բնակչության 0.8 տոկոսը՝ հայերը ապահովում են 25 տոկոս ձայն։ Դրա համար են բոլոր նախագահները ցեղասպանության ճանաչման մասին խոստումներ տալիս»,–մեկնաբանեց սահմանադրագետը։
ԱՄՆ—ում ընտրիչներն ընտրվում են բնակչության կողմից, իսկ մեզ մոտ պատգամավորներ եւ ՏԻՄ ներկայացուցիչներ են. սա շատերի մեջ մտահոգություն է առաջ բերում այն առումով, որ ընտրիչները հենց իշխանության ներկայացուցիչներ են։ Վ. Այվազյանը խորհուրդ է տալիս ավելորդ մտավախություններ չունենալ. «Նախեւառաջ նախագահն այլեւս քաղաքական ֆիգուր չի համարվում, քաղաքական պատասխանատվություն չի կրում։ Ով կընտրի, ով չի ընտրի՝ խնդիր չէ, ամբողջ խնդիրն այն է, որ ընտրեն արժանավոր մարդու։ Ամեն մի մտավախություն չի կարելի սահմանադրական առարկա դարձնել։ Իսկ մտավախությունները փարատելը պետք է մնա ընտրիչների վրա, այլապես Սահմանադրությունը տեխնիկական փաստաթուղթ կմնա եւ չի աշխատի»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|