Գլխավոր էջ » 2015»Հուլիս»10 » Համատեղ նոր նախագծեր /Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները/
16:07
Համատեղ նոր նախագծեր /Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները/
Երեկ Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ նոր նախագծերի իրականացումը։ Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին։ Վարչապետները քննարկել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկու երկրների վարչապետները կարեւոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը։
Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ ՀՀ եւ ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ—ռուսական հարաբերություններին եւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը։
Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել են հայ—ռուսական առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր։