Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70—րդ, Շուշիի ազատագրման 23—րդ տարեդարձին եւ Պաշտպանության բանակի օրվան նվիրված միջոցառումներն Արցախում ամիսներ առաջ են մեկնարկել՝ կարեւորելով հիշարժան իրադարձությունների ռազմաքաղաքական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։
Զորամասերում, ուսումնական հաստատություններում, հիմնարկ—ձեռնարկություններում անցկացվել են հանդիպումներ՝ Մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերանների հետ, կազմակերպվել մեծարման երեկոներ, ուր արժեւորվել է նրանց անցած մարտական փառավոր ուղին՝ յուրահատուկ դասեր հանդիսանալով երիտասարդների համար։ Պատգամներ, որոնցով առաջնորդվում են դիրքապահ զինվորներն ու սպաները, ուսանողներն ու դպրոցականները՝ իրենց մեջ հպարտությամբ կրելով նախապապի, պապի զորեղ գենը…
Որն է մայիսյան եռատոնի խորհուրդը եւ հայ զինվորի ոգու անպարտելիության գաղտնիքը. այդ մասին երեկ հանդիսավոր ժողովում զեկուցման մեջ խոսեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ–լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մեծ հայրենականի եւ արցախյան պատերազմի վետերաններ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի տարիներին զոհված հայորդիների հիշատակը։
Նախարարը նշեց, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից Կարմիր բանակի շարքերը համալրեցին շուրջ 42 հազար զինվորներ ու սպաներ։ Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան Բրեստի ամրոցում, Մոսկվայի մատույցներում, Ուկրաինայում եւ Բելոռուսիայում, Ղրիմում եւ Վոլգայի ափերին, մերձբալթյան հանրապետություններում եւ Լենինգրադում, Անդրբեւեռում եւ այլ վայրերում մղված պաշտպանական ու հարձակողական մարտերին։ Արիաբար մարտնչեցին ցամաքում, օդում, ծովում, աչքի ընկան պարտիզանական ջոկատների ռազմագործողություններում՝ ամենուր փառքով պսակելով իրենց անունները։
Պաշտպանության նախարարի համոզմամբ, մարտնչելով ֆաշիզմի դեմ՝ հայ ժողովրդի զավակները պատերազմի հեռավոր մարտադաշտերում պաշտպանում էին իրենց հայրենիքը։ Մարտի դաշտում նրանց թափած արյան, նրանց սխրանքի շնորհիվ էր նաեւ, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանը զերծ մնաց թուրքական նվաճողների ասպատակությունից։
Մայիսի 9—ը մեր ժողովրդի տոնացույցում ծրագրված է որպես եռամիասնական տոն, ասել է թե՝ միաժամանակ նաեւ Շուշիի ազատագրման ու ԼՂՀ պաշտպանության բանակի օրն է։ Հաղթանակած բանակը, որ ֆիդայական—կամավորական ջոկատներից սեղմ ժամկետում վերածվեց կանոնավոր, հզոր եւ մարտունակ զորամիավորման, այսօր պատրաստ է լուծելու ցանկացած բարդ ռազմավարական խնդիր։ Մ. Հակոբյանի խոսքով, Շուշի բերդաքաղաքի ազատագրումը մի պատմական իրադարձություն էր, որն արմատական բեկում մտցրեց մեր պայքարի տրամաբանության ու հոգեբանության մեջ։
Հատկանշական է այն հանգամանքը, որ Շուշիի ազատագրման 2—րդ տարեդարձի օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, եւ համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի վերաբերյալ։ Պաշտպանության բանակի կազմավորումը համարելով արցախյան շարժման կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավարը նշեց, թե կամավորական աշխարհազորային ջոկատները բարդ ռազմաքաղաքական իրավիճակում վերաճեցին կանոնավոր զինվորական ստորաբաժանումների։ Ըստ որում, դա տեղի ունեցավ մարտական գործողություններին զուգընթաց, Ադրբեջանի կողմից մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ծանր պայմաններում։ Լայնածավալ մարտական գործողությունների պայմաններում եւ ռազմաքաղաքական բարդ իրադրությունում ինքնապաշտպանական առանձին ջոկատների վերազինումն ու համախմբումը կանոնավոր ստորաբաժանումների մեջ՝ անխուսափելի էր եւ թելադրված մարտական ուժերի կենտրոնացված կառավարումը կազմակերպելու մարտական գործողությունների գոտում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությամբ։ Այդ կարեւոր ձեռնարկումը բարենպաստ նախադրյալներ ստեղծեց ռազմական նախաձեռնությունը հակառակորդից խլելու, զավթված բնակավայրերն ազատագրելու եւ Արցախի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար։ Ռազմական ու բարոյահոգեբանական հարվածներ ստացած Ադրբեջանը ստիպված էր հրադադար խնդրել ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ինչպես նշեց Մ. Հակոբյանը, ուժերի հավասարակշռության արդյունքում պահպանվող հրադադարի 21 տարիների ընթացքում բոլոր առումներով պաշտպանության բանակն ակնհայտ զարգացում է ապրել։ ԼՂՀ սահմանների պահպանությունը՝ մշտական մարտական հերթապահությունում, հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններում ու մարզումներում հետեւողականորեն կատարելագործվում են անձնակազմի մարտական ունակություններն ու վարպետությունը, հրամանատարների արհեստավարժությունը։ Շարունակ ամրապնդվում են առաջին գծի ինժեներական կառույցները, պաշտպանական բնագծերը, արդիականացվում է սպառազինությունը, արդյունավետ քայլեր են ձեռնարկվում անձնակազմի սոցիալ—կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ։ «Մենք շարունակում ենք բազմապատկել արցախյան պատերազմի ընթացքում ձեւավորված մարտական լավագույն ավանդույթները՝ մնալով որպես երկրորդ հայկական հանրապետության եւ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանում կայունության պահպանման գլխավոր երաշխավորը»,–հավաստիացրեց ԼՂՀ ՊԲ հրամանատարը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտմանը, գեներալը նշեց, թե հակառակորդի հետ անմիջական շփման գոտում մարտական հերթապահությունը դարձել է հայ զինվորի պատվախնդրության խորհրդանիշներից մեկը. «2014թ. հուլիս—օգոստոս ամիսներին եւ 2015թ. տարեսկզբից, հայ զինվորականի հերոսության շնորհիվ, մեր դիրքերը գրոհող հակառակորդի՝ մինչեւ ատամները զինված դիվերսիոն—հետախուզական խմբերը ջարդվեցին ու հետ շպրտվեցին՝ տալով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Դասեր չքաղելով նախկինում կրած պարտությունից, հակառակորդը կրկին փորձում է սրել իրավիճակը եւ կոտրել մեր մարտական ոգին։ Այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ է դիմելու ցանկացած քայլի»։ Պաշտպանության նախարարը հակառակորդի գործողությունները բնորոշեց որպես դիվերսիոն եւ դիրքային պատերազմ, որոնք լրացուցիչ ֆիզիկական ու հոգեբանական լարվածություն են ստեղծում։ Մովսես Հակոբյանը հավաստիացրեց, որ պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինծառայող, մանավանդ՝ մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինվոր ու հրամանատար, այսուհետ եւս պատրաստ են հանդես բերելու մարտական բարձր ոգի, նույն հաջողությամբ շարունակելու ու հետեւողականորեն զարգացնելու ավագ սերնդի գործը։
Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց տոնական համերգով։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|