Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ—գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել եւ հարստացել է հայ—գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրերով։
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Հայաստանի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին։ Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարեւորել է ԵՄ—ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը։
Անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին։ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։