Դեկտեմբերի 15—16—ը Թեհրանում անցկացվում է հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը, որին մասնակցելու համար Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ։ Հայկական պատվիրակության կազմում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ։
Հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչանը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդգրկում են ամենատարբեր բնագավառներ եւ ունեն զարգացման մեծ ներուժ։ Մեզանից յուրաքանչյուրն այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ նոր նախագծերի կազմման գործում ունի պատասխանատվության իր բաժինը եւ անելիքները։ Մեր երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները դեռեւս չեն համապատասխանում երկկողմ քաղաքական հարաբերություններին, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժի միայն փոքր մասն է օգտագործված, իսկ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնել մի քանի անգամ»։
Նրա խոսքով՝ տնտեսության ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար կա իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք։ Այսօր պետք է ուշադրություն դարձնել երկկողմ տնտեսական կարեւորագույն նախագծերի՝ մասնավորապես Իրան—Հայաստան էլեկտրահաղորդման 3—րդ գծի, Իրան—Հայաստան երկաթգծի, Մեղրի ՀԷԿ—ի եւ այլ խոշոր ծրագրերի իրականացմանը։
«Կարծում եմ, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաեւ մասնավոր հատվածը ներկայացնող առեւտրային կառուցների եւ հաստատությունների համագործակցության սերտացումը, ինչպես նաեւ համատեղ ներդրումների խրախուսումը,–ասել է Երվանդ Զախարյանը։–Փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ—իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է մեր երկրների միջեւ հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը, եւ ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լրացուցիչ լիցք հաղորդել համատեղ նախագծերի իրականացմանը»։
Հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստին կքննարկվեն տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Աշխատանքային խմբերը երկու օրվա ընթացքում ի մի կբերեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները։
Նիստի ավարտին կստորագրվի հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը։
Տեղեկացնենք նաեւ, որ հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովը ձեւավորվել է 1992 թվականին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ։
|