Համախմբված, ծանրաբեռնված եւ շատ արդյունավետ։ Այսպես են բնորոշում ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները այս նստաշրջանում իրենց աշխատանքը։
Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Վահան Բաբայանը Ստրասբուրգից վերադարձել են առաքելությունը կատարած։ Երեկ Ազգային ժողովում մամլո ասուլիսի ընթացքում Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 22—26—ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Ասուլիսի բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ պատվիրակության, Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ հայկական սփյուռքի համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ պատվիրակությունն արձանագրել է հայանպաստ եւ նշանակալի ձեռքբերումներ։ Մասնավորապես, Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից հայկական պատվիրակության կատարած մեծ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել հանել «Լեռնային Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, որը զեկույցում ընդգրկելու համար, ինչպես նշել է Հերմինե Նաղդալյանը, ադրբեջանական պատվիրակությունը մեծածավալ եւ տեւական աշխատանք էր կատարել։ Նաղդալյանի խոսքով՝ վերոնշյալ ձեւակերպման դուրսմղումը Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից շատ մեծ քաղաքական նշանակություն ունի։ ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մինչ լիագումար նիստը հինգ առաջարկ են ներկայացրել Մոնիթորինգի հանձնաժողովին, որոնցից չորսի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական կարծիք։
Պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ քաղաքական եւ ոլորտային կոմիտեների աշխատանքներին եւ հարցերի քննարկմանը, ունեցել բազմաթիվ ելույթներ, հանդես եկել հարցադրումներով։
Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց պատվիրակության անդամների կատարած աշխատանքը հատկապես քաղաքական խմբերում։
Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը եւս կարեւորեցին ՀՀ ԱԺ պատվիրակության, Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ հայկական սփյուռքի համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, անդրադարձան ԵԽԽՎ—ում իրականացվող լոբբիստական աշխատանքին եւ երբեմն՝ անընդունելի գործելաոճին։ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ պատվիրակության կատարած արդյունավետ աշխատանքին, նշեց, որ այն շարունակական է լինելու։ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամ Վահան Բաբայանը հանդես է եկել զեկույցով, որը վերաբերել է չճանաչված պետություններում երիտասարդների կրթության սահմանափակմանը։
Հերմինե Նաղդալյանն ասաց, որ փոքր պատվիրակությունների համար մտահոգիչ է ԵԽԽՎ—ում որոշ, մասնավորապես՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների կողմից իրականացվող լոբբիստական գործունեությունը։
Նա նշեց նաեւ այն երկրները, որոնց պատվիրակություններն աջակցել են հայկական պատվիրակներին։ Դրանք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեյցարիան, Գերմանիան։
Բաղրամյան պողոտայի փակ լինելը՝ ժողովրդավարության իլյուստրացիա
Պատվիրակներն անդրադարձան նաեւ այս օրերին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ցույցերին եւ ԵԽԽՎ—ում դրանց արձագանքին։
«ԵԽ—ն խիստ իրազեկ է եւ ուշադիր հետեւում է հայաստանյան գործընթացներին։ Նրանք տեղեկատվության պակաս չունեն։ Նրանց մոտեցումն այն է, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հերմինե Նաղդալյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում հնարավոր է լինելու բոլոր գործընթացները դրանց մասնակիցների խոհեմության եւ սթափության շնորհիվ տանել օրինականության հիմքի վրա. «ԵԽԽՎ շատ պատվիրակներ ընդգծել են, որ եվրոպական բազմաթիվ երկրներում շատ ավելի օպերատիվ ձեւով իրավիճակի գնահատական կտրվեր։ Եվ լրահոսից էլ կարելի է տեսնել, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում վերաբերմունքն այնքան ժողովրդավարական չէ, ինչպես որ մեզ մոտ է։ Կարծում եմ հենց այն երեւույթը, որ օրեր շարունակ ունենք պարալիզացված ու փակ Բաղրամյան պողոտա, լավագույն իլյուստրացիան է այն հարցի, թե արդյոք ժողովրդավա՞ր երկիր ենք մենք. սա լավագույն պատասխանն է։ Իմիջայլոց, այս հարցի վերաբերյալ նման մոտեցում կար նաեւ մեր միջազգային շատ գործընկերներից շատերի մոտ, ովքեր հասկանում են, որ ժողովրդավարությունը հենց մարդկանց ազատությունն է, մարդկանց արտահայտվելու, հավաքներ եւ ցույցեր իրականացնելու… Եվ տասը օր շարունակ այս իրավիճակն է Հայաստանում»։ Նա շեշտեց, որ իշխանությունների ցանկությունն է, որ մեր երկրում մեր կողմից ճանաչված եւ ընդունված արժեքները, բոլոր մոտեցումները իրականության մեջ պահպանված լինեն։
Անդրադառնալով ցույցի օրերին կենդանի պատ կազմած իր գործընկերներին, նշեց, որ դա նրանց կողմից բավականին համարձակ քայլ էր. «Քաղաքական գործիչը պետք է ժողովրդի կողքին լինի եւ հասկանա, թե ինչ են մտածում, ինչ են ուզում մասսաները»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|