Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 70—ամյակը հայ ժողովրդի համար պատմական իրադարձություն է, քանի որ մեր պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չենք հանել ու այսքան զոհ չենք տվել։ Հայ ժողովրդի համար Հայրենական մեծ պատերազմը կարեւոր էր նաեւ նրանով, որ հնարավորություն չտվեց Թուրքիային իրականացնել իր պանթուրքիստական ծրագրերը։
Դեռեւս 1939 թ. օգոստոսի 22—ին Օբելզալցբուրգում Երրորդ ռեյխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը հատուկ ընդգծել էր, որ առաջիկա պատերազմում իրենց խնդիրն է բնաջնջել սլավոն ժողովուրդներին՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը։ Որպես հիմնավորում նշել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»։
1941 թ. հունիսի 22—ին Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ հետ 1939 թ. օգոստոսի 23—ին 10 տարի ժամկետով կնքած խաղաղության պայմանագիրը, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Պատերազմի հենց առաջին օրվանից հայ ժողովուրդը ոտքի կանգնեց հայրենիքի պաշտպանության համար՝ շատ լավ գիտակցելով, որ պատերազմում Գերմանիայի հաղթանակի դեպքում Թուրքիան իրականացնելու է հայ ժողովրդի արդեն երկրորդ ցեղասպանությունը եւ վերջնականապես զրկելու է մեզ հայրենիքից։ Պատերազմի սկզբից Թուրքիան իր հիմնական զինված ուժերը կենտրոնացրել էր Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով եւ սպասում էր հարմար առիթի Անդրկովկաս ներխուժելու համար՝ նպատակ ունենալով Բաքվի գրավմամբ զրկել խորհրդային բանակը վառելիքաքսուքային հնարավորություններից։
1941 թ. օգոստոսի 25—ին «Պրավդա» թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մասնակից է» հոդվածում նշել էր. «…Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր արյունռուշտ Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին։ Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որը սկսել էր մարդակեր Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»։
Հատկանշական է այն փաստը, որ Անդրկովկասի խորհրդային հանրապետություններից ամենաարագ մոբիլիզացիան իրականացվեց Հայաստանում։ 1941 թ. հունիսի 23—ից հանրապետությունում սկսեց զանգվածային զորահավաքը, որի արդյունքում պատերազմի ողջ ընթացքում Խորհրդային Հայաստանից բանակ զորակոչվեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ եւս մոտ 200.000 հայորդիներ։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին դաշնակից երկրների բանակների շարքերում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական պատերազմին, նշել էր. «Խորհրդային Միությունում բնակվող ողջ հայության մոտ 12 տոկոսը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն ընթացել, այսինքն՝ քաղաքացիական բնակչությունն անմիջականորեն չի տուժել դրանից»։
Մեծ էր հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի ժամանակ նաեւ ազգային դիվիզիաների ձեւավորման հարցում։ 1941—1942 թթ. Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին հայկական 89—րդ, 408—րդ, 409—րդ, 261—րդ դիվիզաները, որոնցից 261—րդը ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը Թուրքիայի հնարավոր ագրեսիայից։
Հայ զինվորները աչքի ընկան Հայրենական պատերազմի գլխավոր ճակատներում։ 1941 թ. սեպտեմբերի 30—ից մինչեւ 1942 թ. ապրիլի 20—ը Խորհրդային Միության համար վճռորոշ Մոսկվայի ճակատամարտում ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ միասին ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ հայորդիները, որոնցից գեներալ—մայոր (հետագայում՝ մարշալ) Հովհաննես Բաղրամյանը աչքի ընկավ հրամանատարական բարձր որակներով։ Հայ զինվորները մեծ ներդրում ունեցան նաեւ Ստալինգրադի, Կուրսկի, Լենինգրադի, Բեռլինի ճակատամարտերում, ինչպես նաեւ Ուկրաինայի, Բելոռուսիայի, մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի, Ավստրիայի ազատագրմանը ֆաշիզմից։
Շարունակելի
Գեւորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս, պատմաբան
|