Եվրամիությունը, չնայած Հայաստանի քաղաքական ընտրությանը՝ միանալ ԵՏՄ—ին, պատրաստ է շարունակելու համագործակցությունը։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ—Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսում նշեց, որ «նոր» հարաբերությունների ելակետ կդառնան Վիլնյուսում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իսկ ԵՏՄ—ին անդամակցությունը վստահության դեֆիցիտ չի առաջացնի։
«Որոշ շահագրգիռ անձանց համար Հայաստանի սեպտեմբերի 3—ի հայտարարությունը՝ ԵՏՄ—ին անդամակցելու վերաբերյալ, անակնկալ էր։ Բայց ԵՄ բնորոշ եւ կարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ միշտ հարգում է իր գործընկեր պետությունների որոշումները եւ այդ տեսանկյունից ամբողջովին հաշվի է առնում Հայաստանի որոշումը,–ասաց դեսպանը։–Որոշեցինք վերանայել Հայաստան—ԵՄ գործողությունների ծրագիրը։ Կցանկանայի նշել, որ ԵՄ—ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկումներ անցկացնել իրավական նոր փաստաթղթային եւ կարգավորման նոր բազայի ձեւավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով եւ հարգելով սեպտեմբերի 3—ին ստանձնած նոր հանձնառությունները»։
Սակայն արդեն համաձայնեցված պարտավորությունները կմնան. «Կողմերը փորձելու են պահպանել, ապահովել այն, ինչ բանակցված էր ասոցացման համաձայնագրի փաթեթի տեսքով»։ Իսկ երկխոսությունը ձեւակերպելիս երկուստեք կհամաձայնեցվեն այն ոլորտները, որոնք պետք է կարգավորվեն նոր իրավական դաշտում։
Հրիսթեան նշեց, որ երբ Հայաստանը ավարտեց բանակցությունները Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ եւ ձեռք բերեց պայմանավորվածություններ, իրենք նոյեմբերի 4—ին Բրյուսելում սկսեցին համագործակցության շրջանակի ուսումնասիրության քննարկումները, որպեսզի պարզեն այն ոլորտները, որոնք չեն հակասում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, եւ դրանք արտացոլվեն փոխադարձ իրավական շրջանակի նոր տարբերակում։
Համատեղ ուսումնասիրությունների առաջին նիստը նվիրված է եղել փոխադարձ առեւտրի եւ դրա հետ կապված ապագայի հնարավոր համագործակցության հարցերին. «Հայկական կողմի ներկայացրած փաստաթղթի հիման վրա քննարկեցինք արտաքին առեւտրի ոլորտում մեր համագործակցության ուղիները եւ շրջանակները։ Մենք իսկապես գոհունակությամբ ենք ուզում նշել, որ հայկական կողմի հետ աշխատեցինք առեւտրի ոլորտում մեր համագործակցության ուղիները հնարավորինս որոշակիացնել, պարզեցնել»։
Նա ասաց, որ ԵՄ—ն եւ Հայաստանը պատրաստակամ են շարունակելու հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հիմնվելով միասնական արժեքային համակարգի վրա։ Հայաստանի առեւտրային առաջին գործընկերը շարունակում է մնալ ԵՄ—ն թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ցուցանիշներով։
Ուսումնասիրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 12—ին. «Այդ ժամանակ հիմնականում անդրադարձ կատարվեց ապագա համաձայնագրի քաղաքական, ինչպես նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներին առնչվող բաղադրիչներին։ Սա մեկնարկային կետ էր, քանի որ ինտենսիվ քննարկումները դեռ պետք է շարունակվեն՝ հստակ պատկերացում կազմելու, թե նոր իրողության պայմաններում կնքվելիք ապագա նոր համաձայնագրում ինչը պետք է ընդգրկվի։ Հուսով եմ, որ այս համագործակցության աշխատանքի հաջորդ հենանիշը կլինի մյուս տարվա հունվարին Բրյուսելում անցկացվելիք համագործակցության խորհրդի նիստը»։
Այսպիսով, նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը եւ Հայաստանը ստորագրեցին Հայաստանին ԵՄ—ի օժանդակության միասնական հայեցակարգի փոխըմբռնման հուշագիրը, որով սահմանվում են 2014—2017 թվականներին համագործակցության ռազմավարական նպատակներն ու առաջնայնությունները, որով նախատեսված է աջակցություն տարբեր ոլորտներում։ Աջակցություն կցուցաբերվի մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ՓՄՁ ոլորտի, գյուղական համայնքների, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու մի շարք այլ ողղություններով. «ԵՄ—ի ֆինանսավորման միջոցով շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքային ոլորտին։ Նաեւ շարունակելու ենք օժանդակություն ցուցաբերել սահմանների եւ միգրացիայի կառավարման բարելավմանը՝ հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ գործում են շարժունակության գործընկերությունը եւ վիզաների դյուրացման համաձայնագրերը։ Շարունակվելու է աջակցությունը պետական կառավարման ոլորտի բարելավման ուղղությամբ՝ մասնավորապես հանրային ֆինանսների կառավարման եւ պետական հատվածի թափանցիկության։ Աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական հասարակությանը»։ Ոլորտների ընտրությունը պատահական չէ. դրանք նախկին ծրագրերի եւ քննարկումների արդյունքների եւ արդեն ձեռք բերված հաջողությունների հիման վրա են ընտրվել։
Տրայան Հրիսթեան շեշտեց, որ ԵՄ—ն շահագրգռված է եւ ամեն ինչ անելու է, որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակական լինի. «Հուսով եմ եւ վստահ եմ, որ փոխադարձ ուսումնասիրությունների արդյունքում հիմնավոր կոնսենսուս կձեւավորվի երկկողմանի ապագա համաձայնագրում արտացոլվելիք ուղղությունների համար։ Հիմա մենք աշխատում ենք ոչ թե ինչ, այլ ինչպես հարցի ուղղությամբ»։
«Ավելին՝ ավելիի դիմացը» կպահպանվի
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության արդյունավետության հարցին, նա նշեց, որ դրա վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել, տարբեր կարծիքներ են հնչել. «Գիտեմ, որ ոմանք սկսել էին այս համագործակցության մեխանիզմի «կարապի երգը» երգել, բայց ցանկանում եմ հավաստիացնել, որ սա վերջը չէ, այլ նոր մեկնարկ է։ Արեւելյան գործընկերության մեկնարկից ի վեր մենք ավելի լավ ենք հասկացել միմյանց նախընտրությունները, առաջնայնությունները։ Ավելի շատ կիրառելով տարբերակված մոտեցումը եւ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, կարող ենք արդյունքի հասնել եւ համոզված եմ, որ ապագայում էլ խրախուսական մոտեցումը կպահպանվի Արեւելյան գործընկերության ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ հարթակում։ Իսկ Ռիգայի գագաթնաժողովը նոր փուլ կբացի թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ գործնական կատարման տեսանկյունից»։ ԵՄ—ն պատրաստ կլինի շարունակել համագործակցությունն այնքանով, որքանով հավակնություն կդրսեւորեն շահառու պետությունները. «Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին, որպեսզի լիովին մասնակցեն Արեւելյան գործընկերության բոլոր ձեւաչափերին եւ բազմակողմ հարթակներին ու միջոցառումներին»։
Նա անդրադարձավ նաեւ ԵՄ վիզաների հարցին եւ նշեց, որ դրանց ազատականացումը կլինի այն դեպքում, երբ շարժունակության ծրագիրը դրական արդյունքներ տա։ Այն ժամանակ, երբ տեսնեն, որ շարժունակության կառավարումն անվտանգ է, ԵՄ—ն կմտածի նոր երկխոսության մասին, որի մեկնարկով ճանապարհային քարտեզի տեսքով հնարավոր կլինի հասնել վիզաների հնարավոր ազատականացմանը. «Ի գիտություն ենք ընդունել եւ դրական ենք գնահատում Հայաստանի իշխանությունների հայտնած բարձր պատրաստակամությունը՝ սկսելու եւ շարունակելու երկխոսությունն այս հարցում։ Գոյություն ունեցող փաթեթի կատարողականի պատշաճ ցուցանիշներ տեսնելու դեպքում, կքննարկենք դրանք Բրյուսելի գրասենյակի հետ, որից հետո պատրաստ կլինենք անցնելու հաջորդ փուլին»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած հակասանկցիաներին Հայաստանի միանալուն, ապա դեսպանը հիշեցրեց, որ ԵՄ—ի կողմից կիրառվող միջոցները մշտական բնույթ չունեն, եւ երբ պատճառը վերանա, այդ սահմանափակումները եւս կվերանան. «ԵՄ—ն հետաքրքրված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի լիակատար իրագործմամբ եւ պահպանմամբ»։ Նա ընդգծեց, որ ԵՄ—ն Հայաստանի հանդեպ սահմանափակումներ չի կիրառել։
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ էլ ասաց, որ ԵՄ—ն միշտ սատարել եւ սատարում է գոյություն ունեցող ձեւաչափով հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման տարբերակին եւ կողմ է վստահության մթնոլորտի վերականգնման միջոցով հակամարտության կարգավորմանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|