Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարեւորել բարձրաստիճան փոխայցելությունները։ Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ապրիլի 24—ին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր նախագահի եւ խորհրդարանի նախագահի մակարդակով։ Սերժ Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսեւորում եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու եւ հիշատակելու են այդ փաստը։
Զրուցակիցները երկուստեք նշել են, որ պատմականորեն ձեւավորված հայ—կիպրական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ այդ պատմությունը հայտնի է լավ էջերով։ ՀՀ նախագահը եւ Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարեւորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել եւ համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ամուր հիմքերի եւ փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը։ Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների միջեւ գործում է հայ—կիպրական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|