Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշի հետ։
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ—լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան եւ ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարեւորությունը։ Սերժ Սարգսյանը եւ Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը Լատվիայի նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է։ Ըստ նրա, այսօր ԵՄ—ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաեւ տնտեսական ոլորտում։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման եւ երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ։
Նախագահներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|