Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականությունը։
Շարմազանովը նշել է նաեւ, որ Հայաստանը, ԵՏՄ անդամ դառնալով, չի հրաժարվում ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրից. «Երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մեր ցանկության մասին, հստակ շեշտեց, որ այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրամիության հետ հետագա համագործակցությունից։ Ավելին, ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերներն էլ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են շարունակել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ։ Մենք էլ մեր հերթին բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը Եվրոպական միության հետ»։
Ինչ վերաբերում է իշխանափոխության կոչեր հնչեցնելուն՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ դա հնչեցնողների գործն է. «Ցանկացած գործչի եւ կուսակցության խնդիրն է իր ռազմավարությունը մշակելը, բայց ամբողջական իշխանափոխության հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն էլ ապացուցեց մեր գործընկերներից մեկի նախաձեռնած ստորագրահավաքը։ ԱԺ քաղաքական ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ ամբողջական իշխանափոխության հարցն այսօր արհեստական եւ մտացածին հարց է»։
|