ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել է ապրիլքսանչորսյան միջոցառումների ընթացքը, ի մի են բերվել կատարված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ կուսակցությունը եւս մեկ անգամ ամրագրել է այն դիրքորոշումը, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցով հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել, այլ թեւակոխում է նոր փուլ։
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ քննարկվել է Արցախի ԱԺ ընտրություններին խորհրդարանական պատվիրակության մասնակցության հարցը։ Պատվիրակությունը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը, ընդգրկված կլինեն անդամներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից։
Նիստում քննարկվել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եւ արձանագրվել է, որ այն ընթանում է բնականոն հունով։
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների հարցում քաղաքական կոնսոլիդացիա կա՞, Շարմազանովը դրական պատասխան է տվել։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում կառավարության կազմի եւ վարչապետի փոփոխության հարց չկա։
Էդուարդ Շարմազանովը նաեւ հայտնել է, որ ՀՀ նախագահը մայիսի 8—ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, իսկ մայիսի 9—ին կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70—ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ մինչ այդ ՀՀ նախագահն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
|