Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը եվրոպական կառույցների հետ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նշվել է թե՛ ՀՀ նախագահի, թե՛ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե, արդյոք, որոշվա՞ծ է՝ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի կողմից մասնակցությունը լինելու է ՀՀ նախագահի՞ մակարդակով, թե՞ ոչ։
«Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսության շարունակությունը, սա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,–ասել է նա եւ նշել, որ մնացած հարցերի պատասխանները պատշաճ կերպով կներկայացվեն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ստորագրվելո՞ւ է որեւէ փաստաթուղթ, նա պատասխանել է. «Մե՛նք էլ, եվրոպացինե՛րն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք։ Հայաստանի Հանրապետությունը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը, մենք շահագրգռված ենք եւ նման շահագրգռվածություն տեսնում ենք եվրոպական գործընկերների կողմից»։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանկացմանը, Էդ. Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանություններն ավելի շատ են շահագրգռված, որպեսզի երկրում թանկացումներ չլինեն. «Այդ հարցը մեզ էլ է մտահոգում։ Մենք լուսնից չենք իջել եւ շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած թանկացում հարված է մեր քաղաքացիների գրպանին... Կարող եմ միայն ասել, որ սուբյեկտիվ պատճառներով թանկացումն ընդունելի չէ»։
|