Հույներն ամփոփել են հանրաքվեի արդյունքները, որի ընթարքում քաղաքացիներն իրենց կարծիքն են հայտնել վարկատուների եռյակի (ԱՄՀ, ԵԿԲ եւ Եվրահանձնաժողով) առաջարկած՝ խնայողության ծրարգի վերաբերյալ։ Քվեարկության պաշտոնական տվյալները հրապարակվել են երկրի արտգործնախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո «դեմ» հանդես եկել ժողովրդական հարցման մասնակիցների 61,31 տոկոսը, «կողմ»՝ 38,69 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5,8 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 62,5 տոկոս։
Ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել է հույների «համաձակ ընտրությունը» եւ հայտարարել, որ երկրի կառավարությունը պատրաստ է վերադառնալու վարկատուների հետ բանակցությունների սեղանի շուրջը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ է հասնել բանկային համակարգի վերականգնման, ինչպես նաեւ պարտքի վերաձեւակերպման։
Սակայն Եվրամիության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ հույն ընտրողների ընտրությունը նշանակում է ուղղակի հրաժարում վարկատուների հետ բանակցություններից։ Մասնավորապես, Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը «շատ ցավալի կազդի Հունաստանի ապագայի վրա»։
Իսկ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ասել է, որ «դժվար է պատկերացնել», թե ինչպես կարող են վերսկսվել բանակցությունները Հունաստանի հետ։ Գաբրիելի խոսքով՝ Ցիպրասը եւ նրա կառավարությունը երկիրը տանում են «օտարացման եւ հուսահատության» ճանապարհով։
Այն բանից հետո, երբ հանրաքվեի արդյունքը հասկանալի է դարձել, Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը, որը պայքարում էր, որպեսզի ընտրողները քվեարկեն «կողմ», հրաժարական է տվել «Նոր դեմոկրատիա» ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Եվրամիությունն սկսել է բարձր մակարդակի բազմակողմ ինտենսիվ կոնսուլտացիաները Հունաստանի հանրաքվեի հետեւանքների շուրջը։ Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ եվրոյի գոտուց երկրի ավտոմատ դուրս գալու մասին առայժմ խոսք չկա։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը այսօր առավոտյան Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում հանդես կգա դիմումով։
«ԵՀ—ն ի գիտություն Է ընդունել եւ հարգում է Հունաստանում կայացած հանրաքվի արդյունքները»,–ասված է հայտարարության մեջ։
Զուգահեռաբար եվրոյի գոտու երկու առաջատար երկրների ղեկավարները՝ Գերմանիայի կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը, առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում։
Հունաստանում ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել։ «Ես լիովին աջակցում եմ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ֆինանսների նոր նախարարին եւ մեր կառավարությանը»,–ասել է Վարուֆակիսը։
Մինչ հանրաքվեն Վարուֆակիսը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հույները կողմ քվեարկեն ԵՄ—ի առաջարկություններին։ Թեպետ հույները հետեւել են վարչապետ Ցիպրասի հորդորին եւ դեմ քվեարկել, այնուամենայնիվ, Վարուֆակիսը որոշել է լքել նախարարի պաշտոնը։ Հունաստանի կառավարության անդամների մեջ Վարուֆակիսը միշտ ամենակոշտն է տրամադրված եղել եռյակի գործողություններին։ Նա բազմիցս մեղադրել է վարկատուներին ահաբեկչության մեջ՝ նշելով, որ այդ կերպ նրանք ցանկանում են ստորացնել հույներին։
Նավթի գները համաշխարհային շուկայում նվազում են Հունաստանի եվրագոտուց դուրս գալու եւ դոլարի ամրապնդման ֆոնի վրա։ Այս մասին են վկայում գործարքների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,39 տոկոսով՝ կազմելով 59,47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «Gazeta»—ն։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,86 տոկոսով՝ կազմելով 54,75 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Եվրոպական միությունը իրականում բարդ խնդրի առաջ է կանգնում, «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
«Հունաստանի տնտեսական ճգնաժամը կարող է խորանալ, ինչը, սակայն, առանց քաղաքական հետեւանքների չի կարող մնալ։ Ֆինանսատնտեսական առումով Եվրոպական միության համար նոր փորձություն է սկսվել։ Պետք է դրան նաեւ քաղաքական լուծումներ տրվեն»,–ասել է պատգամավորը։
Հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է՝ դեպքերն այնպես դասավորվեն, որ Հունաստանը դուրս գա Եվրոպական միությունից, Զաքարյանը պատասխանել է. «Չեմ կարծում, թե այդ երկիրը դուրս կգա ԵՄ կազմից, դա բոլորովին այլ գործընթաց է։ Չեմ կարծում, որ գործը դրան կհասնի»։
|