«Իմ պատրաստածն ուրիշ է» «տեսականիի» ուտելիքից եւ մյուս հատկանիշներից զատ, Ամանորն ազդարարող մեկ այլ տարբերակ էլ կա՝ հորոսկոպ։ Ոմանք չհավատալով, ոմանք էլ մեծ հույսերով, նախքան գալիք տարին թեւակոխելը հետաքրքրվում են բախտով։ Իսկ դա այս դեպքում պայմանավորված է կենդանակերպի համապատասխան նշանի հանդեպ տվյալ տարվա «իշխանավորի» վերաբերմունքով ու տրամադրվածությամբ։ Ըստ արեւելյան հորոսկոպի, 2015թ. այդ «պաշտոնը» զբաղեցնելու է կապույտ փայտե այծը։
Նրա օրոք առնետի տարում ծնվածների համար այդքան էլ հեշտ չի լինի։ Բայց, չնայած դրան, ստվերից դուրս գալու լայն հնարավորություններ կընձեռվեն։ 2015թ. կլինի բացահայտումների եւ նորամուծությունների տարի։ Կյանքի նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները կփոխվեն եկող տարվա ընթացքում։ Մինչ կարեւոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու կողմ ունի։ Բայց պետք է անել ամեն ինչ, որպեսզի սթրեսը չղեկավարի ձեր կյանքը։ 2015թ. հորոսկոպը խորհուրդ է տալիս չչարաշահել առողջությունը եւ ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին։ Իշխողն «առնետների» համար կանխատեսում է հանգստի եւ ճամփորդության նվազագույն հնարավորություններ։
Ժամանակահատվածն ինչպես բարդ, այնպես էլ խոստումնալից է լինելու ցուլերի համար։ Նրանք բարդությունները հաղթահարելու են՝ ավելի մոտենալով նպատակներին։
Նոր տարին այս նշանակերպին խոստանում է իրադարձություններով լի օրեր, աշխատանքում՝ հաջողություններ։ Չպետք է թեւաթափ լինել։ Հարկավոր է գործել արագ, եւ շատ խնդիրներ լուծում կստանան։ Բավական հագեցած է լինելու այդ կենդանակերպի ներքո ծնվածների անձնական կյանքը։
Այծը վագրերին վերաբերում է զգուշավորությամբ։ Ոչ մի կերպ չի կարող խանգարել նրանց գործել այնպես, ինչպես նրանք են ցանկանում։ Ահա թե ինչու գալիք տարին վագրերի համար բավականին հաջող է լինելու։ Այդուհանդերձ, նրանք հույսը միայն սեփական ուժերի վրա պետք է դնեն։ Որոշ վագրեր գալիք տարում կարող են ընտանիքի համալրման սպասել։ Ու թեեւ ոմանց համար այդ նորությունն անսպասելի եւ շոկային կլինի, այնուամենայնիվ, դա կստիպի կյանքին այլ կերպ նայել։
Այծն անսպասելի իրադարձություններ է խոստանում ճագարներին (կատու)։ Ինչ էլ անեք, հաջողությունը կժպտա ձեզ։ Ճագարները վերջապես կգտնեն իրենց կեսին եւ նրանցից չեն ցանկանա բաժանվել։ Երջանիկ սերը հաջողութունների առիթ կհանդիսանա նաեւ մյուս ոլորտներում։ Բայց այդ հաջողությունները որոշակի ջանքեր են պահանջում։
Կապույտ փայտե այծը գնահատում է վիշապին բնորոշ հատկանիշները։ Ուստի դժվար չէ հասկանալ, որ վիշապի համար հաջողակ տարի կլինի։ Վիշապներն անձնազոհ են ու շատ պահանջկոտ իրենք իրենց նկատմամբ։ Միաժամանակ նրանք չեն սիրում, երբ կառավարում են իրենց, սահմանափակում սեփական ազատությունը։ Դա բնավորության վատ գիծ չէ, սակայն երբեմն կարող է խանգարել։ Բանն այն է, որ եթե դուք 2015 թվականին չկարողանաք կառավարել ձեր բնավարությունը, ապա հնարավոր է զրկվեք ոչ միայն որոշ ընկերներից, այլեւ սիրելիից։
Իսկ օձերը, որպեսզի հասցնեն իրադարձություններին հասնել, եւ դրանք իրենցից առաջ չընկնեն, ուրեմն՝ պետք է պատրաստվեն եւ գործեն հենց տարվա սկզբից։ Բայց մի «բայց» էլ կա. հաջորդ տարի օձերն ամենից շատ կտուժեն անզուսպ բնավորության պատճառով։ Այդ կենդանակերպի նշանն ունեցողները հաճախ չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները, որը ոչ միշտ է օգտակար։
Ղեկավարի ունակությունները դրսեւորելու հնարավորություն կունենան ձիերը։ Նրանք շատ հպարտ ու ազատատենչ են։ Նաեւ դրանով է պայմանավորված, որ գրեթե ցանկացած նախաձեռնություն «դատապարտված» է հաջողության։ Տարին նրանց համար հաջող կլինի։ Բանն այն է, որ ժամանակի տիրուհին լավ է տրամադրված աշխատասեր, ամբողջությամբ աշխատանքին տրվող ձիերի հանդեպ։
Իսկ ահա այծերի մասին ինչ—որ բան ասելն ավելորդ է։ Միանգամայն պարզ է՝ նրանց լավ օրեր են սպասվում։ Աստղերը հուշում են, որ 2015 թվականը շատ պտղաբեր տարի կլինի։ Բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր կյանքի կկոչվեն։ Բայց իշխանություն ունենալը հաճելիից զատ նաեւ պարտավորեցնող է։ Այդ մասին այծերը չպետք է մոռանան։
Այծերը բավականին լավ հարաբերությունների մեջ են կապիկների հետ։ Ահա թե ինչու կենդանակերպի այդ նշանի տակ ծնվածները լուրջ մտահոգությունների պատճառ չեն ունենա։ Կապիկներն աչքի են ընկնում թեթեւ, ընկերասեր բնավորությամբ։ Նրանք սովորաբար բարձր տրամադրություն ունեն, եւ նրանց հետ շփվելը շատ հաճելի է։ 2015—ը կապիկների համար լայն հնարավորություններ կընձեռի, որպեսզի նրանք բացահայտեն իրենց կարողությունները։ Դրանցից շատերին անգամ իրենք ծանոթ չեն։ Իսկ հմայքն ու ընկերական բնավորությունը կօգնեն «լեզու գտնել» ընկերների, հակառակ սեռի եւ անգամ թշնամիների հետ։ Եկող տարում ավելի շատ առաջ գնալու հնարավորություններ կան։
Աքլորի տարում ծնվածների համար էլ տարին հաջողակ կլինի, եթե, իհարկե, ինչ—որ բան չփչացնեն իրենց բնավորության պատճառով։ Ձեր կյանքում առկա դժվարությունների մեծ մասը հնարավոր է հաջողությամբ շրջանցել, բայց միայն բնավորության որոշ գծեր մի կողմ դնելու պարագայում։ Ձեր հպարտությունը հաճախ բերում է տնօրինության հետ վեճերի, ընկերների հետ խնդիրների։ Երբեմն էլ աքլորները դառնում են ծիծաղի առարկա։ Նոր տարին եւս այդ առումով բացառություն չի լինելու։
Շան տարում ծնվածների համար, հավանական է, տարին շրջադարձային լինի։ Դուք պետք է շարունակեք ձեր ուղին եւ չվախենաք, չընկրկեք փոփոխություններից։ Թեպետ, դա միշտ է եղել ձեր բնավորության մեջ։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։ Ընտրություն կատարելուց հետո չարժե մտափոխվել։ 2015 թվականին հենց շները կարող են հենարան դառնալ իրենց բարեկամների եւ մտերիմների համար, ինչպես նաեւ հանդիպել մարդու, ով կփոխի կյանքի հանդեպ հայացքները։
Ինչ վերաբերում է խոզերին, ապա նրանք կարող են վայելել կյանքը։ Հաջորդ տարի եւս նրանց կյանքը լի կլինի վառ գույներով։ Շատերը կկարողանան փոխել աշխատանքը կամ էլ գտնել իրենց երջանկությունը։ Ֆինանսական հարցերում պետք է շատ աչալուրջ լինել։ Տարվա տիրուհին բարեհաճ է ձեր նկատմամբ։ Դուք էլ միշտ աչքի եք ընկել գործնական կապեր հաստատելու կարողությամբ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|