Կառավարման խորհրդարանական մոդելը զերծ է կիսանախագահականի վտանգներից
Սահմանադրության քննարկման դրված նախագծի նախնական տարբերակը ենթադրում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի։ Ըստ էության, Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության ընթացքում սա կառավարման համակարգի ամենաարմատական փոփոխությունն է, ինչը, բնականաբար, տարբեր քննարկումների ու շահարկումների առիթ է տվել։
Կառավարման համակարգի փոփոխության խնդիրների ու նպատակների մասին «ՀՀ»—ն զրուցեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանի հետ։ Մասնագետը հիշեցրեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ կառավարման կիսանախագահական համակարգը չի կարող լուծել մի շարք կարեւորագույն խնդիրներ, որոնք հնարավոր են այն դեպքերում, երբ կան արդեն իսկ ձեւավորված սահմանադրական ավանդույթներ ու մշակույթ, որոնք հանգեցրել են այդ մոդելի ստեղծմանը։
«Կիսանախագահական համակարգն ինքնին ենթադրում է որոշակի անկայունություն մի շարք դեպքերում։ Օրինակ, հետխորհրդային այն երկրներում, որտեղ չկան կայուն ձեւավորված սահմանադրական ավանդույթներ։ Կամ՝ երբ հանրապետության նախագահը կամ այն ուժը, որի ներկայացուցիչն է նա, չունի մեծամասնություն խորհրդարանում։ Այս դեպքում կիսանախագահական համակարգն առաջացնում է ուղիղ առճակատման հնարավորություն, ինչը տեսնում ենք բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարեւան երկրներում, ինչը տեսել ենք Ռուսաստանի օրինակով»,–ասաց Գ. Մուրադյանը։
Նա հիշեցրեց 1993 թվականին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի եւ այն ժամանակվա Գերագույն խորհրդի միջեւ առճակատումը, որը հանգեցրեց խորհրդարանի գնդակոծմանը։ Սա կիսանախագահական համակարգի հնարավոր վտանգներից է, որը չի կարելի անտեսել. «Ես բնավ չեմ պնդում, որ Հայաստանում նույնպես նման բան կարող է լինել, սակայն այս համակարգն այդ վտանգը պարունակում է։ Կառավարման կիսանախագահական մոդելն ունի եւս մեկ էական համակարգային խնդիր։ Եթե հանրապետության նախագահն ունի խորհրդարանական մեծամասնություն, ապա ձեւավորված կառավարությունը պատասխանատու է միայն խորհրդարանի առջեւ։ Հանրապետության նախագահն, ով կանխորոշում է այդ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, որեւէ պատասխանատվություն չի ստանձնում»։
Այսինքն, առկա է ակնհայտ ոչ համամասնություն լիազորությունների ծավալի եւ պատասխանատվության միջեւ։ Գ. Մուրադյանի խոսքով, այն պաշտոնատար անձը կամ մարմինը, որը պատասխանատու է խորհրդարանի առջեւ, իրականում միայն մասնակի է իրագործում իր քաղաքականությունը, որովհետեւ այդ քաղաքականությունը էականորեն կանխորոշվում է հանրապետության նախագահի կողմից, բայց խորհրդարանի առջեւ պատասխանատվություն է կրում կառավարությունը. «Երրորդ խնդիրն այն է, որ երբ հանրապետության նախագահն ունի մեծամասնություն խորհրդարանում, այդ դեպքում կառավարությունը մեծամասամբ տեխնիկական բնույթի մարմնի է վերածվում, այլ ոչ թե քաղաքականություն մշակող կարեւորագույն կենտրոնի։ Իսկ եթե հանրապետության նախագահը չունի մեծամասնություն, ապա հիմնական պատասխանատվությունը փաստացի ստանձնում է կառավարությունը։ Միաժամանակ, հանրապետության նախագահը սահմանադրորեն օժտված է մի շարք ինքնուրույն լիազորություններով, եւ հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է իրականացվեն այդ լիազորությունները, երբ, օրինակ, նախագահը համաձայն չէ կառավարության քաղաքական մոտեցումների եւ անգամ ուղղությունների հետ»։
Այսինքն, ըստ մասնագետի, եթե պատասխանատվությունը ստանձնում է կառավարությունը, այդ դեպքում անհասկանալի է դառնում հանրապետության նախագահի դերակատարումը։
Կիսանախագահական մոդելը հնարավորինս արդյունավետ կամ գոնե կայուն աշխատում է այն դեպքերում, երբ նախագահն ունի մեծամասնություն, ցանկացած այլ իրավիճակում առաջանում է առճակատման էական վտանգ. «Խորհրդարանական կառավարումն այս խնդիրը լուծում է։ Լուծում է նաեւ լրիվ նախագահական համակարգը, որը, սակայն, մեզ համար ոչ միայն նախընտրելի չէր, այլեւ, հաշվի առնելով այն ավանդույթները, որոնց շրջանակներում այս համակարգը ստեղծվել, ձեւավորվել է, Հայաստան դա տեղափոխելն անհնար է։ Եվրոպական զարգացումների շրջանակներում, իսկ մենք եվրոպական ընտանիքի անդամ ենք, բացի Կիպրոսից, որեւէ ամբողջապես նախագահական պետություն չկա։ Անգամ Բելառուսը, որը կրկին նախագահական է, ունի վարչապետի ինստիտուտ։ Այս պարագայում առավել նախընտրելին Հայաստանի համար այն մոդելն է, որը կապահովեր ժողովրդավարական զարգացման ավելի բարձր մակարդակ։ Եվ դա խորհրդարանական կառավարման մոդելն է՝ ընդ որում, իր դասական դրսեւորումներով»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|