ՀՀ արդյունաբերության առկա ներուժի, զարգացման հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման առումով երկրում շատ են կարեւորվում հայ արտադրողին ներկայացնելը եւ, առհասարակ, հայրենական արտադրանքը խրախուսելը։ Արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում նախորդ ամիս Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում էքսպո–2015»–ը, որը տեղի ունեցավ ապրիլի 26–28—ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Ցուցահանդեսին, ինչպես արդեն անդրադարձել ենք, ներկայացված էր Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող եւ արտահանման ներուժ ունեցող ավելի քան 300 ընկերություն։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել նոր շուկաների բացահայտմանը, գործարար կապերի հաստատմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, համատեղ ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաեւ հայկական արտադրողների եւ արտասահմանյան ներդրողների ու դիստրիբյուտորների միջեւ արդյունավետ երկխոսության հարթակ ստեղծել։
«Made in Armenian»–ը, կազմակերպիչների գնահատմամբ, հատկանշական էր մի քանի գործոններով. նախ իր լայմանասշտաբ լինելու առումով, մասնակիցների աննախադեպ թվաքանակով եւ բազմահազար այցելուներով։ Միջոցառման արդյունքներն արդեն տեսանելի են։ Մեզ հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը գոհունակությամբ նշեց, որ իրենց կանխատեսումները իրատեսական էին, իսկ արդյունքները՝ սպասելի։ «Տարբեր ժամանակաշրջանում տարբեր ոլորտների մասնակցությամբ կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ, էքսպոներ, որտեղ ներկայացված են լինում ոչ միայն տեղական արտադրանք, այլեւ ներկրված ապրանքներ։ «Made in Armenian»—ի գաղափարախոսությունն է ներկայացնել եւ առավել ցայտուն դարձնել բացառապես հայկական արտադրանքի ներուժը եւ նոր ներդրողների ներգրավել։ Այս միջոցառման գաղափարն առաջացել էր դեռեւս անցյալ տարվա աշնանից»,–նշեց Արմեն Եգանյանը։
Ցուցահանդեսին ներկայացված են հետեւյալ ոլորտները՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական եւ հանքային ջրեր, գինի, կոնյակ եւ գարեջուր, ծխախոտ, թեթեւ արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ եւ ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն եւ ժամագործություն, հանքարդյունաբերություն եւ մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ այլն։
Մասնակից ընկերությունների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե տարածքի սահմանափակման խնդիր չլիներ։ Արմեն Եգանյանը նկատում է, որ հայ արտադրողները ոգեւորվել էին՝ ստանալով նման լայնամասշտաբ ցուցահանդեսի մասնակցելու հրավեր։ Այցելուների թիվը եւս աննախադեպ է եղել՝ հատել է 15—20 հազարը։ «Կարեւոր իրադարձություն էր այն, որ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով հրավիրվել են արտասահմանյան պետական եւ առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ, պոտենցիալ ներդրողներ ու գնորդներ՝ ՌԴ—ից, Եվրոպայից, Իրանից, հնարավորություն ստեղծելով տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին, ծառայություններին եւ արտադրական ներուժին»,–նշեց գերատեսչության ներկայացուցիչը։
Քննարկումների արդյունքում կազմակերպիչներն ակնկալում էին բացահայտել նոր շուկաներ օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել գործարար կապեր եւ քննարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները։ Նա փաստեց, որ ցուցահանդեսի արդյունքներից հայ արտադրողները գոհ էին։ «Կային ընկերություններ, որոնք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին. այս ցուցահանդեսը բավական արդյունավետ էր այդ առումով։ Որոշ ընկերություններ փորձնական նոր գործընկերների հետ աշխատելու պատվերներ ընդունեցին՝ հետագայում առավել ինտենսիվ աշխատելու ակնկալիքով։ Որպես իրացման նոր շուկաներ ի հայտ եկան Կիպրոսն ու Բուլղարիան։ Բավական արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել նաեւ տեղական ընկերությունների միջեւ, ինչը նոր պատվերների եւ սպառման նոր շուկաների լավագույն խթան է»,–շտապեց փաստել Արմեն Եգանյանը՝ հավելելով, որ այս ցուցահանդեսը կարողացավ կայանալ եւ դրական արձագանք գտնել թե՛ հյուրերի, թե՛ մասնակից ընկերությունների շրջանում։
Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ նորարարություններ, որոնք թերեւս սպառողին հայտնի չէին։ Դրանցից զրուցակիցս մատնանշեց բազալտի թելերից արմատուրաների արտադրությունը, նորարարական պրոդուկտներ էին նաեւ ճշգրիտ ճարտարագիտության մեքենաշինական սարքավորումները, բավական բարձրորակ տեղական մալուխների արտադրությունը եւ այլն։ Դեղագործության ոլորտում եւս ներկայացված էին նորարարություններ, օրինակ՝ բնական նյութերից պատրաստված օճառներ ու օգտակար բաղադրիչներից պատրաստված կոսմետիկ միջոցներ, որոնք որպես տեղական արտադրություն թերեւս նորամուծություն էին սպառողի համար։ «Ներկայացված էին ե՛ւ ավանդական արտադրություն, ե՛ւ նորարարություն, ե՛ւ արհեստագործություն»,–նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետը։
Առհասարակ հայ արտադրողների որոշ մասն այսօր հիմնականում դժգոհում է արտահանման ոչ բավարար ծավալներից եւ իրացման սահմանափակ շուկաներից։ Այս խնդրի մասին նախարարությունը վաղուց իրազեկ է։ Արմեն Եգանյանը կարծում է, որ այս պարագայում հայ արտադրողներն ունեն նաեւ իրենց մեղքի բաժինը։ Բիզնեսն առհասարակ, ըստ բանախոսի, ագրեսիվ եւ արդյունավետ կառավարում է պահանջում արտադրանքի ներկայացման առումով, որին սակայն շատ ձեռնարկատերեր չեն տիրապետում։ Նրանք պետք է կարողանան իրենց արտադրանքը գովազդել եւ արդյունավետ կազմակերպել մարքետինգը։ «Չպետք է մեկ շուկայից կախվածություն ունենալ, որը պարունակում է մեծ ռիսկեր եւ կարող է ազդել ընկերության արտահանման ծավալների վրա»,–նշեց Ա. Եգանյանը։
Հայկական արտադրության հուգուստն ու կոշկեղենը, որոնք եւս լրացնում էին ցուցահանդեսի տաղավարները, բավական գրավիչ էին ու նորաձեւ, սակայն հայկական արտադրանքն ավելի շատ սպառում է գտնում արտասահմանում, քան ներքին շուկայում։ Այս տեսակետը Արմեն Եգանյանը եւս կիսում է եւ համոզված է, որ խնդիրը արտադրանքի ոչ պատշաճ ներկայացումն է ներքին շուկայում։ Հայկական արտադրության հագուստն ու կոշիկը չեն զիջում ներկրվածին նաեւ գնային առումով ու, բացի այդ, նաեւ գեղեցիկ ու նրբաճաշակ են։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|