Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչեւ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ես ուզում եմ մի քանի հանձնարարական տալ եւ առաջարկություն ներկայացնել։ Առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների եւ թե՛ թռիչքների ժամկետների եւ պայմանների ուղղությամբ։ Նաեւ բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում. թռիչքները կարելի է տեղափոխել նաեւ առավոտյան ժամերին։ Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երեւան առավոտյան ժամը 5–ին, ապա մինչեւ 14։00–ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար։ Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել եւ ներկայացնել առաջարկություն»։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ ներկայացնելու նաիրիտցիների պահանջը։ «Այն խոստումը, որ տրվել էր՝ ամբողջությամբ վճարել նաիրիտցիների աշխատավարձը, կառավարությունն այդ գումարներն արդեն հատկացրել է։ Ուղղակի չեմ հասկանում իրենց անհանգստության, հավաքի նպատակը։ Խնդրում եմ պարզաբանել»,–ասել է վարչապետը։
Երվանդ Զախարյանը նշել է. «Կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մինչեւ հուլիսի 15–ը ամբողջությամբ վճարվի աշխատավարձի պարտքը, որը մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում է։ Այսօր արդեն մենք հնարավորություն ունենք վճարելու այդ գումարը։ Հարցը հետեւյալն է. մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ եւ բողոքի գրություններ են գրվել իմ եւ գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված։ Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձերի ճշտումների ուղղությամբ, իմ կարծիքով, 1–2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն։ Որոշակի վճարումների հետ կապված փաստաթղթային ձեւակերպումներ կան, ձեւն արդեն մշակվել է, այսօրվանից գործընթացը սկսվում է։ Մեր առաջարկությունը հետեւյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում բոլոր փաստաթղթային ձեւակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքն՝ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելով՝ հաջորդ օրերի ընթացքում։ Վճարումները կարող են ձգվել 10–15 օր։ Աշխատակիցների պահանջը հետեւյալն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափով՝ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, բոլորը վճարվի միանգամից։ Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10–15 օր սպասել։ Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարել՝ փոխանցելով իրենց հաշվին։ Պահանջը դա է, ուրիշ պահանջներ այսօր աշխատակիցների կողմից չկան»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջել է հստակություն մտցնել վճարումների գործընթացում, անհրաժեշտ պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան։ «Մենք կարող ենք հայտարարել, որ եթե կոլեկտիվի անդամները, աշխատակիցները պատրաստ են սպասել մինչեւ ամսվա վերջ, ապա մենք հուլիսի վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել։ Եթե չեն կարող սպասել եւ կան աշխատակիցներ, որոնք ուզում են հիմա ստանալ, մենք պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումները։ Երկու տարբերակին էլ մենք համաձայն ենք»,–նշել է Երվանդ Զախարյանը։
Վարչապետը նախարարին հանձնարարել է քննարկել նաիրիտցիների առաջարկությունները։
Իրավակարգավորումները համապատասխանեցվում են օրենսդրությանը
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր 2014թ. օգոստոսի 28–ի որոշման մեջ, որով հստակեցվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող պայմանները, սահմանված իրավակարգավորումները համապատասխանեցվում են կատարված օրենսդրական փոփոխություններին։
Անհրաժեշտ փոփոխություններ կատարելով «Վարժական հավաքների եւ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» 1997թ. օգոստոսի 18–ի որոշման մեջ, կառավարությունը փոխհատուցման տրամադրման գործընթացը համադրելի է դարձրել գործող բյուջետային վճարումների համակարգին, պարզեցրել շահառուների համար գումարների ստացման գործընթացը։
Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությունով գործադիրը հնարավորություն է ստեղծել 1.800.000 դրամը չգերազանցող արտոնյալ ուսանողական վարկը ստանալ ուսումնառության ամբողջ ընթացքում՝ անկախ վարկավորման անընդհատությունից։
Սահմանվել են գազատարների անվտանգության գոտիները
Կառավարությունը հաստատել է գազի տնտեսությունում գազատարների եւ դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերը եւ դրանց օգտագործման կարգը։
«Հաննի–Արմին» ՍՊԸ–ի՝ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա արեւաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ՍՊԸ–ին տրամադրել համապատասխան արտոնագիր։
Կառավարության որոշմամբ «ՀՌԼԿ» փակ բաժնետիրական ընկերությունը գործունեության դադարեցման կապակցությամբ լուծարվել է։
Գործադիրը թույլատրել է «ՍՊԱ Սիգարոն» ՍՊԸ կողմից 2014թ. հուլիսի 21–ի հայտարարագրով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչեւ 2016թ. հունվարի 1–ը։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով 2014թ. դեկտեմբերի 18–ի թիվ 1515–Ն որոշման մեջ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը վերապահվել են պատվիրատուի լիազորություններ։
Հստակեցվում է տեղեկատվություն հավաքագրելու կարգը
Կառավարությունը նոր խմբագրությամբ է հաստատել շինարարության ոլորտում պետպատվերի շրջանակում եւ վարկային, դրամաշնորհային ծրագրերով իրականացվող շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու կարգը, ինչի շնորհիվ կբարձրանա հսկողության արդյունավետությունը, կհստակեցվի սահմանված հարկային պարտավորությունների կատարումը։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդերեւութաբանական ապահովման կանոնակարգը լրացվել է նոր բովանդակությամբ, որով կկանոնակարգվի օդերեւութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման կարգը։
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը։
Ուժը կորցրած է ճանաչվել Սյունիքի մարզում փոքր ՀԷԿ–ի կառուցման նպատակով «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ–ին նպատակային օգտագործման համար հողամաս տրամադրելու որոշումը՝ սահմանված 3 տարվա ժամկետում չօգտագործվելու պատճառով։
Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2012թ. մայիսի 24–ի «ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» թիվ 657–Ն որոշումը։
Կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժման որակը
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015–2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին՝ նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների եւ երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը։ Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը։
Երկու այլ որոշումներով հստակեցվել են մանուկների եւ պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչները, հաստատվել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ–մանկավարժների դրույքաչափերի, հավելավճարների եւ լրավճարների հաշվարկման եւ վճարման կարգը։
Լուծում են ստանում քաղաքացիների բնակարանային խնդիրները
Զոհված զինծառայող Զորիկ Գեւորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել 4.000.0 հազար դրամ։
Կառավարությունը որոշել է Երեւան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6–րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, իսկ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրել է սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները։
Մեկ ուրիշ որոշմամբ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու ժամկետը երկարաձգել է մինչեւ 2015թ. նոյեմբերի 1–ը, շինարարական աշխատանքները չավարտելու պատճառով։ Նշված շենքում բնակություն կհաստատեն 7 ընտանիքի 30 անդամներ։
Կառավարությունը հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշումով Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման հնարավորություն է ստեղծել, որով կբարձրանա տարածաշրջանի համայնքների անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը։
Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «ՓՄՁ ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի ժամկետը ավելացվել է 3 տարի ժամանակով։
Այլ հարցեր
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համաձայն կառավարությունը «Գ.Ռ.Օ.Մ» ՍՊԸ–ին տվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով։
Արմավիրի մարզի Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի (ավագ դպրոց) 11–րդ դասարանի սովորող Սարգիս Մեհրաբյանին մինչեւ 2016թ. ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում։ Մինչեւ 2017թ. ձմեռային զորակոչը տարկետում է տրվել նաեւ ՌԴ ազգերի բարեկամության համալսարանի ասպիրանտ Աղվան Արզումանյանին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել բեղմնավոր, արդյունավետ աշխատանք։
|