ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 01:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 26 » Կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր /Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են/
16:20
Կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր /Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։
Վաչե Գաբրիելյան.
–Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք եւ նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող։ Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունը կազմում է 3–5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է։ Շուրջ 94 խանութ ամսի 16–17–ը փակված էր եւ չէր գործում, որովհետեւ սպասումներ կային։ Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության։ Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր։ Դա եւս վերացել է բոլոր տեղերում։ Ապրանքները վաճառվում են հստակ գներով եւ տատանման ենթակա չեն։ Մենք նաեւ ստացել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ կան տեղեկատվություններ, եւ մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին։ Որպեսզի դիտարկման շարունակականությունն ապահովվի, մրցակցության հանձնաժողովը նայել էր խոշոր խանութների եւ այդ խոշոր խանութներում եղած գները եւս. ամսի 17–ին եղած պիկից զգալիորեն նվազել են եւ կրկին ունեն կայունացման միտում։ Ինչպես նաեւ կայունացման միտում կար գազի լցակայանների եւ այլ ոլորտներում։ Տեղեկատվությունը հրապարակված է, եւ դրանից բացի, պարոն վարչապետ, խումբն աշխատանքներ է նախաձեռնել մի շարք ուղղություններով։ Մասնավորապես Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում, թե ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը։ Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով մենք արդեն վարչապետին եւ կառավարությանը կներկայացնենք առավել երկարատեւ ժամկետին ուղղված միջոցառումներ։ Այժմ կարող եմ ուղղակի փաստել, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ եւ մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման եւ վաճառքի գների տարբերությանը, ստանդարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն։
Հովիկ Աբրահամյան.
–Մեր պայմանավորվածության արդյունքում աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարծում եմ, որ պարբերաբար հասարակությանը, հանրությանը պետք է ներկայացնել առկա գործընթացները։
Այնուհետեւ կառավարությունը ձեռնամուխ է եղել նիստի օրակարգի հարցերի քննարկմանը։ 


Կենսաթոշակի եւ նպաստի չափերը կբարձրանան
 

2015թ. հունվարի 1–ից տարանջատվելու են աշխատանքային, զինվորական, ինչպես նաեւ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը։ Աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ։
2015թ. հունվարի 1–ից հուլիսի 1–ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1–ից՝ 16 հազար դրամ։ Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ։
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշման մեջ, որով սահմանվել են ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը, կատարել է փոփոխություններ։ Որոշմամբ հստակեցվում է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը։ Բացի այդ, նպաստի չափերը սահմանվել են՝ ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ։ Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ։ Հաջորդ որոշման փոփոխությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ։


Սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկություն տրամադրող մարմինները
 

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկություն տրամադրող ՀՀ լիազոր մարմիններն են ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ ԵՏՀ–ն նման միջոցներ է կիրառում երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ։ ՀՀ լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է ԵՏՄ պայմանագրային դաշտի պահանջից։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաեւ Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության» կարգը։ Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված եւ գրանցամատյաններում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։
Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների եւ դրանց մոդուլների երրորդ երկրից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի հաստատած ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան։ Նշված տեխնիկայի ներմուծման մեկանգամյա արտոնագրի (թույլտվության) տրման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
ՀՀ ոչ սակագնային ոլորտի օրենսդրությունը ԵՏՄ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը սահմանել է ոլորտի արտոնագրման գործընթացներն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններ, հաստատել ԵՏՄ սահմանով տեղափոխելու համար արգելված ապրանքների ցանկերը, ինչպես նաեւ սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերն ու դրանք ԵՏՄ մաքսային սահմանով տեղափոխելու շրջանակային կարգը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2–ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը։ Նշված համաձայնագրի 5–րդ հոդվածի համաձայն կողմերի միջեւ համաձայնեցված՝ ինդիկատիվ հաշվեկշիռներում սահմանված ծավալներով ՌԴ–ից ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ալմաստի համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձում։ Գործադիրը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու համաձայնագրի ժամկետը մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31–ը երկարաձգելու արձանագրությունը։
Մեկ այլ որոշման ընդունումը հնարավորություն է տալիս Ռուսաստանի Դաշնությունից հայկական ընկերությունների համար առանց արտահանման տուրքի բնական, չմշակված ալմաստի ձեռք բերում եւ ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացում, ինչը կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը։


Խրախուսվում են ներդրումային ծրագրերը
 

Կառավարության որոշմամբ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 8–ը։ Ընկերությունը հիմնադրվել է 2004–ին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա։ Երկու տարում գործարանը վերակառուցվել եւ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով եւ հոսքագծերով։ Այժմ ընկերությունը նախատեսում է իրագործել եւս մեկ ծրագիր՝ ներդնելով շուրջ 216 մլն դրամի սարքավորում, որի ԱԱՀ գումարի վճարումը երեք տարով կհետաձգվի։ Մեկ այլ որոշմամբ երեք տարով երկարաձգվել է Բյուրականի՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի ներմուծած դիտողական մոդուլի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը։ Նշված սարքավորման օգնությամբ աստղադիտարանը ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության հետ համատեղ իրականացնում է դիտողական ծրագիր, որի նպատակն է երկրամերձ տիեզերական տարածքում հայտնաբերել անտրոպոգեն եւ բնական սպառնալիքները, այդ թվում՝ հին տիեզերանավերի բեկորները։
Կառավարությունը հաստատել է «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» իր նախկին որոշման փոփոխությունները, որոնցով սահմանվում է ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակի ժամանակ վտանգավոր տարածքից բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարհանման գործուն կարգ։
Նիստում հավանություն է տրվել ՀՀ գիտության եւ տեխնիկայի զարգացման 2015–2019 թվականների գերակայություններին։ Ակնկալվում է այդ ընթացքում իրականացվելիք գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերն ու թեմաներն համապատասխանեցնել երկրի գիտական ներուժի եղած հնարավորություններին, գիտության եւ տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին՝ ուժը կորցրած ճանաչելով իր նախկին համապատասխան որոշումը։


Կնվազեն թղթատարությունը եւ կոռուպցիոն ռիսկը
 

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, կատարել է փոփոխություններ եւ ընդլայնել էլեկտրոնային գնումների «Armeps» համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը։ 2015թ. հունվարի 1–ից այդ համակարգով կիրականացվեն նաեւ հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների եւ պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաեւ քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված եւ շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը։
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման եւ զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին, որի կիրառմամբ կապահովվի կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման արդյունավետությունը։
Կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության եւ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող եւ հիմնական նորոգվող կրթության, մշակույթի, մարզական, առողջապահական, վարչական եւ հասարակական նշանակության այլ օբյեկտներում էականորեն նվազեցնել օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել շահագործման ծախսը։
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նոտարն իր նոտարական գործողություններն իրականացնի «Էլեկտրոնային նոտար» համակարգի միջոցով եւ «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։


Պետությունը հաղորդակցության ազատություն է սահմանում
 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, հաշվի առնելով 1963թ. Վիեննայի «Հյուպատոսական կապի մասին» կոնվենցիայի 35–րդ հոդվածը, կապի ազատությունը, մասնավորապես՝ հյուպատոսական հիմնարկի համար հավատարմագրվող պետության կողմից սահմանվում է կապի ազատություն՝ ներառյալ դիվանագիտական եւ հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական եւ հյուպատոսական փոստը եւ ծածկագրված ճեպահաղորդումները։
Նիստում քննարկվել է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Օրինագծով առաջարկվում է նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձին չզրկել կենսաթոշակի անցնելու ժամանակ նրան տրվելիք արտոնությունից։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ՝ համարելով, որ դրա ընդունման անհրաժեշտություն չկա։ Քննության է առնվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի անկախ այն հանգամանքից, թե որքան է պաշտոնավարել։ Կառավարությունը դեմ չէ նախագծի հեղինակի մոտեցմանը եւ պատրաստ է համագործակցել նրա հետ՝ պաշտոնավարման ժամկետի ողջամիտ սահմանափակում մշակելու նպատակով։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ
 

ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել է «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (ՊԿՀ), հաստատվել նախարարության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը, վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ–ն՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ–ին միացման ձեւով։ Հաստատվել են նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը եւ կառուցվածքը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը։
Կառավարության որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի, Համլետ Հակոբյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններից։
Նկատի առնելով թավջութակահար Նարեկ Հախնազարյանի միջազգային ճանաչումը եւ ծավալած մշակութային գործունեությունը, գործադիրը նրան ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Քոլեջների համաշխարհային ցանցի ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներ Արգիշտի Զուրաբյանին, Ռոբերտ Պետորսյանին, Ալեքսեյ Գասպարյանին եւ Մարգար Հարությունյանին։ Նրանք սովորում են համապատասխանաբար Միացյալ Թագավորության, Իտալիայի եւ Չինաստանի քոլեջների միջազգային բակալավրիատում։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի կիբեռնետիկայի եւ տեղեկատվական անվտանգության ֆակուլտետի ուսանողներ Արթուր Կարապետյանին եւ Վահան Մուրադյանին։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019