ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած ու ընդունված բանաձեւին։ «Դա ի սկզբանե հերյուրանք էր, որն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում է։ Այդ բանաձեւը քվեարկության է դրվել հուլիսի 9—ին, որից առաջ ես խոսք ուզեցի, հիմնավորեցի՝ ինչու ենք մենք դեմ քվեարկելու եւ կարծում եմ, որ հիմնավորումս շատ համոզիչ էր, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը։ Եվ ոչ միայն ես, այլ նաեւ պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Ստեփան Մարգարյանը դեմ ենք քվեարկել այդ բանաձեւին»,–«Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Գեղամյանը։
Պատգամավորը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հալած յուղի տեղ են ընդունում ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքները։ «Սա մտահոգիչ է, սակայն հատկանշական է, որ հարկ էլ չեն համարում հղում տալ, որովհետեւ գիտեն, որ դա ակնհայտ սուտ է։ Բարեբախտաբար, այդ ամենը տեսագրվել է, եւ այն կտեղադրվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում, եւ այդ լրատվամիջոցները հերթական անգամ կխայտառակվեն, որ աշխատում են ադրբեջանական քարոզչության օգտին»,–նշել է Գեղամյանը։
Մանրամասնելով ասվածը՝ Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել հելսինկյան հռչակագիրը, որի 4—րդ կետն ադրբեջանական պատվիրակության ներկայացրած այդ չարաբաստիկ բանաձեւն է։ «Այդ կետը մենք չպետք է արհեստականորեն վերցնենք եւ տարածենք Լեռնային Ղարաբաղի վրա, որովհետեւ քանիցս ամենաբարձր իշխանությունները եւ քաղաքական բոլոր ուժերը իրենց հրապարակային դիրքորոշումն արտահայտել են առ այն, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է ԽՍՀՄ օրենքների համաձայն։ Հայաստանի Հանրապետության նախագահն էլ մշտապես ասել է՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղը մինչեւ Ադրբեջանի Հանրապետության հռչակվելն արդեն ինքնորոշվել էր»,–ասել է Գեղամյանը։
Գեղամյանը մանրամասնել է, որ ադրբեջանցիների ներկայացրած բանաձեւում ընդամենը ընդհանուր դատողություններ են եղել, սակայն Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չի եղել։ Նրա խոսքով՝ քանի որ երկրների մեծամասնության մոտ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում կա, ադրբեջանցիներն այդ բանաձեւը ներկայացրել են Ուկրաինայի զարգացումների քողի ներքո՝ մտածելով, որ կանցնի իրենց խորամանկությունը։ «Ասեմ ավելին, երբ ես հակառակ փաստարկներով ելույթ ունեցա, անմիջապես ինձանից հետո ելույթ ունեցավ ուկրաինական պատվիրակության ղեկավարը, ով ասաց, որ այս հարցը բացարձակ ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»,–ընդգծել է Արտաշես Գեղամյանը։
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, որ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած բանաձեւին ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը տարածել են նաեւ մի շարք հայկական լրատվամիջոցներ։ hhpress.am
|