ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Կոռուպցիայի դեմ պայքարում զիջում լինել չի կարող /Հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 97—րդ տարեդարձին/
16:49
Կոռուպցիայի դեմ պայքարում զիջում լինել չի կարող /Հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 97—րդ տարեդարձին/

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 97—րդ տարեդարձին։ Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
«Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության 97—ամյակի կապակցությամբ։
Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջեւ ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ մեր երկիրը ժողովրդավարական եւ իրավական պետություն է։ Դա ձեր գործունեության անկյունաքարն է, ուստի եւ ձեր կառույցին կարեւոր առաքելություն է վերապահված մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսեւորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ եւ աննկուն աշխատանքի։ Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ եւ մասնագիտական պատվախնդրությամբ։ Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջեւ դրված խնդիրները։
Ուրախ եմ, որ դատախազության համակարգը շարունակաբար համալրվում է երիտասարդ, բանիմաց ու գիտակ իրավաբաններով։ Հավատում եմ, որ այս ոլորտում որակյալ մասնագետների լուրջ ներուժ կա, որը կարող է իրագործել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն եւ հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»։
Նիստին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՏԿ եւ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, համակարգի աշխատողներ։  
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ասել է. «Դատախազության համակարգի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ, նախ թույլ տվեք շնորհավորել մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ։
Դատախազությունն անցել է կայացման եւ զարգացման երկար ճանապարհ՝ մշտապես առանձնահատուկ տեղ զբաղեցնելով պետական մարմինների համակարգում։ Մյուս կողմից, այնքան էլ վաղուց չէ, որ անկախ Հայաստանում պաշտոնապես նշվում է Դատախազության աշխատողի օրը, եւ այդ տեսանկյունից սա դեպի հետագա հոբելյաններ տանող ճանապարհի հերթական փուլն է։ Ի պատիվ ձեզ, պետք է ասեմ, որ դուք հաջողությամբ եք անցնում այդ ճանապարհը։
Յուրաքանչյուր իրավական պետություն կայունության եւ օրինականության հուսալի հիմքերի կարիք ունի։ Որպես պետական իշխանության հիմնասյուներից մեկը՝ դատախազությունն անցել է մեր երկրի զարգացման բոլոր փուլերը։ Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները որոշակի սրբագրումներ են մտցնում ցանկացած, այդ թվում եւ՝ դատախազության համակարգի աշխատանքներում։
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում որեւէ կառույցի աշխատանքը գնահատելու համար նրա գործունեության ժամանակահատվածի տեւողությունը ոչ միշտ է ընդունվում որպես գնահատման հիմնական չափանիշ։ Ավելի կարեւոր է ժամանակի ռիթմը զգալը եւ ձեռքբերումներ արձանագրելը։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ դատախազական համակարգն իր կենսագրությամբ կարողանում է վստահորեն քայլել ժամանակին համընթաց։ Այն, որ նրա հասցեին հնչում են նաեւ քննադատություններ, նշանակում է, որ համակարգն աշխատող, գործուն եւ կենդանի օրգանիզմ է, որի պարագայում, բնական է ե՛ւ դրվատանքի, ե՛ւ դժգոհության առկայությունը։
Սա նշանակում է լինել ուշադրության կենտրոնում, արժանանալ վերաբերմունքի, ինչն իր հերթին վկայում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հասարակական կյանքի նկատմամբ անտարբերության պատը՝ անկախ նրանց արձագանքից, իսկ դուք կարողանում եք ձեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կայացման գործում՝ ապահովելով անձի, հասարակության եւ պետության շահերի պատշաճ պաշտպանություն, հատկապես որ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրացման երաշխիքներից մեկը համարվում են դատախազական մարմինները։ Իսկ քաղաքացիների վստահության աճը համակարգի հանդեպ ձեր աշխատանքի գնահատականի գլխավոր չափանիշն է։ Դա, իհարկե, ենթադրում է մեծ պատասխանատվություն դատախազության աշխատակիցների համար, մանավանդ որ մշտապես պետք է հիշել, որ յուրաքանչյուր գործողության հետեւում մարդն է, մարդկային ճակատագիրը։
Հարգելի բարեկամներ, իրավական հարթությունից բացի, շատ կարեւոր է դատախազության ու հասարակության փոխադարձ կապը եւ միմյանց հասկանալի ու լսելի լինելը, ինչը նշանակում է նոր մակարդակի բարձրացնել դատախազություն–քաղաքացի փոխհարաբերությունները։ Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դատախազական համակարգում միտված են ավելի հստակ ու վստահելի դարձնել այդ հարաբերությունները։
Համոզված եմ, որ ձեր փորձն ու գիտելիքները կշարունակեն նպաստել երկրում օրինականության ու կարգուկանոնի ամրապնդմանը եւ ձեր համակարգված ու արհեստավարժ գործունեության շնորհիվ դատախազության առջեւ դրված խնդիրները, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների եւ պետության շահերի պաշտպանությունը, այսուհետեւ եւս հաջողությամբ կլուծվեն։
Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ հաստատակամություն»։
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանին, Շիրակի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանին եւ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ եւ բարձր գնահատել նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքը։ Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ մեր երկրի դատախազական համակարգն իր բազմամյա փորձով, մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներով եւ շարունակական բարեփոխումների միջոցով այսօր եւս շարունակում է հաջողությամբ լուծել իր առջեւ դրված խնդիրները։ «Դատախազությունը տարիներ ի վեր համալրվում է նոր մտածողությամբ, գիտելիքներով հարուստ եւ բանիմաց աշխատակիցներով, ովքեր, ձեռք բերելով նաեւ իրենց ավագ գործընկերների հարուստ փորձը, կարողանում են լավագույնս կյանքի կոչել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները եւ նպաստել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Դուք հաջողությամբ եք շարունակում ՀՀ դատախազության հիմնադիրներից Պետիկ Թորոսյանի եւ համակարգի կայացման գործում իրենց ավանդը ներդրած մյուս նվիրալների սկսած գործը, ուստի ուրախ եմ, որ ի դեմս ձեզ՝ դատախազությունն ունի նրանց արժանի հետեւորդներ»,–նշել է վարչապետը։
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ համակարգը կանգ չի առնում եւ չի սահմանափակվում ձեռքբերումներով ու հաջողություններով։ Դատախազությունը նպատակային քայլերով ընթանում է բարեփոխումների եւ արդիականացման ճանապարհով, ինչի արդյունքները, վարչապետի համոզմամբ, տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն իր հերթին շարունակելու է անհրաժեշտ պայմաններ եւ հնարավորություններ ստեղծել դատախազության աշխատակիցների համար՝ նպաստելու հանցավորությանը դիմակայելու, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մեր առջեւ ծառացած այլ խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կողմից տարվող աշխատանքների հաջող իրականացմանը։ Վարչապետը վստահեցրել է, որ գործադիրի ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ դատախազության աշխատակիցների սոցիալական խնդիրները, եւ կառավարությունը ջանքեր չի խնայելու, որպեսզի նրանց համար ստեղծի բարենպաստ պայմաններ՝ մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար։
«Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ կրկին փաստել, որ նաեւ ձեր գործունեությունից է կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը։ Ուստի, եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ հետագա գործունեության մեջ, աշխատանքային անսպառ եռանդ եւ ընտանեկան ջերմություն»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի Հանրապետության օրինականության ամրապնդման եւ պետականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին պարգեւատրել է անվանական զենքով։
Ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար եւ ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել Երեւան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին եւ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, երրորդ դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մաղթել է, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշելիս դատախազական համակարգի յուրաքանչյուր աշխատող իր մեջ հպարտանալու առիթ ունենա՝ թե՛ իր կատարած աշխատանքի, թե՛ իր գործընկերոջ կատարած աշխատանքի համար։
Գլխավոր դատախազը ընդգծել է, որ յուրաքանչյուր դատախազի պատասխանատու, ազնիվ եւ արդյունավետ աշխատանքը մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությանը։
ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ դատախազության համակարգում ներդրված ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հատուկ հուշանվերներով են պարգեւատրվել ՀՀ նախկին գլխավոր դատախազներ Արտավազդ Գեւորգյանը, Սուրեն Օսիպյանը, Բորիս Նազարյանը, Արամ Թամազյանը եւ Աղվան Հովսեփյանը։ Ի դեպ, առաջին անգամ դատախազության աշխատակցի օրվա պաշտոնական միջոցառմանը ներկա են ՀՀ նախկին գլխավոր դատախազները։
Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգեւների, շնորհակալագրերի, հուշանվերների արժանացել են ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ։ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել են նաեւ արտահերթ դասային աստիճաններ, մեդալներ եւ կրծքանշաններ։
Իր ելույթում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նախարարության անձնակազմի եւ իր անունից շնորհավորել է դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի եւ համակարգի ձեւավորման 97—րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ հանրապետությունում օրենքի գերակայության ամրապնդման դժվարին աշխատանքում. «Ողջունում եմ դատախազության բոլոր աշխատակիցների բարեխիղճ եւ նվիրված աշխատանքը։ Մեր գերատեսչությունների միջեւ ձեւավորված համագործակցությունը հասել է բարձր մակարդակի, եւ կարծում եմ՝ այն միտում ունի էլ ավելի խորանալու»։
ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը դատախազության չորս աշխատակիցների պարգեւատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել պետական այրերին՝ մասնավորապես ասելով. «Շնորհակալ եմ բոլոր դատախազներից եւ դատախազական անձնակազմից ամբողջ ներուժով աշխատելու համար։ Վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում կարձանագրենք նոր ձեռքբերումներ։ Մեզանից յուրաքանչյուրի խրախուսումը նշանակում է, որ համակարգը լավ է աշխատում, իսկ մեզանից մեկի բացասական աշխատանքը մեխանիկորեն անդրադառնում է ողջ համակարգի վրա։ Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու արդարությունը, եւ դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024