Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ավելի ստույգ՝ թանկացման համար արտադրող ընկերությունները հայտ են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում այդ հայտը մի քանի գործոնով պայմանավորեց։
Ըստ այդմ, նախարարն այն տեսակետն ունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ—ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել, եւ «իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով»։
«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ, եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ—ը լուրջ կորուստներ է ունեցել։ Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ—ը պատասխանատու չէ»,—ասաց Երվանդ Զախարյանը։ Սակայն նա նաեւ չհերքեց, որ «այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման հետեւանքով, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ—ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»։
Տեղեկացնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման եւ հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (իմա՝ սպառողների կողմից արվող վճարների) վերանայման հայտերով։ Իսկ ՀԷՑ—ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ—ի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի։ Հիմա՝ թե ինչքան կթանկանա սակագինը, առայժմ պարզ չէ։ «Թե որքանով վերջնական արդյունքում կթանկանա էլեկտրաէներգիան, կորոշի հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց եւ հիմնավորումները քննարկելուց հետո»,–նշեց նախարարը։
Բայց չէ՞ որ կառավարությունը խոստացել էր, որ էլէներգիան գոնե այս տարի չի թանկանա։ Ի պատասխան լրագրողների հիշեցումների, նախարարը նշեց, թե «կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից»։
Համապատկերում նախարարը հայտնեց նաեւ, որ բոլոր երկրներում էլ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար վերանայվում են, եւ դա բնականոն գործընթաց է։ Նրա գնահատմամբ՝ սակագները Հայաստանում եւս պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ վերանայվեն։
Գանք ՀԷՑ—ի պարտքերին. նախարարի խոսքերով՝ ուսումնասիրությունները պարզել են, որ 2012—2014թթ. ոչ իրատեսական էներգաարժեկշիռների, ատոմակայանի չնախատեսված կանգի եւ ջրի սակավության պայմաններում հիդրոէլեկտրակայաններում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետեւանքով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ընկերությունում առաջացել է շուրջ 27,6 մլրդ դրամի ճեղքված։ Ե. Զախարյանը շեշտեց, որ այս մարժային տարում էլ արդեն ձեւավորվել է 9.2 մլրդ դրամի ճեղքվածք։ Այսինքն՝ վերջին երեք տարիների ընթացքում, ՀԷՑ—ում առաջացել է 37,6 մլրդ դրամի վնաս։ Սրա հիմնավորված պատճառները մի կողմ թողած (ԱԷԿ—ի կանգ, սակավաջուր տարի), կա նաեւ վատ կառավարման գործոնը, որը նույնպես պարտքերի գոյացման պատճառ է դարձել։ «Վատ կառավարումը ընթացիկ աշխատանքներ են, որոնց համար պատասխանատուները հավանաբար կպատժվեն»,–ասաց նախարարը»։
Բացի այս ամենը, ըստ նախարարի, սակագների վերանայման մի պատճառ է կա. ռուբլի—դոլար փոխարժեքի տատանումները. «Ես համոզված եմ, որ այսօրվա սակագների վերանայման՝ ներկայացված առաջարկները բոլորը հիմնավոր են»։
Երվանդ Զախարյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասաց, թե սակագների բարձրացումը ՀՀ—ից կախված չէ, քանի որ սեփական էներգակիրներ չկան։ Իսկ այն դիտարկմանը, թե ԵՏՄ անդամ երկրների համեմատ էլեկտրաէներգիայի սակագինը ավելի թանկ է, Ե. Զախարյանը պատասխանեց՝ մեջբերելով միայն ՌԴ—ի օրինակը, այն, որ Ռուսաստանն ունի սեփական գազ, նավթ, ենթակառուցվածքներ՝ գազ եւ նավթ տեղափոխոխելու համար. «Իսկ Հայաստանը տարանցիկ երկիր չէ ոչ նավթի, ոչ գազի համար, չունի սեփական էներգառեսուրսներ։ Դուք ուզում եք սակագներով համեմատվել Ռուսաստանի հե՞տ»։
Ճի՞շտ են այն լուրերը, թե ՀԷՑ—ը վաճառվում է։ Երվանդ Զախարյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այս լուրը. «Ես ռեալ որեւէ ինֆորմացիա, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հարյուր տոկոսով վաճառվում է, չունեմ։ ՀԷՑ—ը առանձին ընկերություն է եւ կարող է տարբեր ընկերությունների հետո վաճառքի հետ կապված բանակցություններ վարել։ Բայց եթե վաճառքի որոշում կայացվի, ես առաջինը կլինեմ, որ կտեղեկանամ վաճառքի մասին»։
Գազն էժանացել է սահմանին
Հայաստանի ներսում բոլոր սպառողների համար գազի սակագինը չի փոփոխվելու։
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում սահմանի վրա գազի գինը Հայաստանի համար նվազեցվել է 25 դոլարով, բայց դրա արդյունքում ներքին սպառողների համար գազի սակագինը չի փոխվելու. «Այդ գումարներն ուղղվելու են գազի համակարգում վերջին շրջանում փոխարժեքի տատանումների հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, ինչպես նաեւ համակարգում որոշակի ներդրումների իրականացմանը։ ՀՀ նախագահի ջանքերով Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ Հայաստանում գազի սակագինը չթանկանա»։
«Նաիրիտի» ճակատագիրը դեռ որոշված չէ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն անդրադարձավ նաեւ «Նաիրիտի» խնդրին։
2009թ. մարտից գործարանը չի աշխատել եւ կուտակել է մեծ պարտքեր, այդ թվում՝ շուրջ 5,5 մլրդ դրամ գործարանի չաշխատած տարիների համար ավելի քան 2400 աշխատողների (որոնց մի մասը գտնվել են հարկադիր պարապուրդի մեջ) աշխատավարձերը, շուրջ 6 մլրդ դրամ օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարները (հարկային պարտավորություններ, սոց վճարներ եւն), իսկ գոյացած պարտքի զգալի մասը Միջպետական բանկինն է։ Գործարանի չաշխատած տարիների համար աշխատակիցների կուտակված աշխատավարձերի մի մասը՝ ՀՀ կառավարության հանձնարարությամբ, վճարվել է էներգետիկայի բնագավառի ընկերությունների կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ—ին տրամադրած փոխառությունների հաշվին։ Պարտքի կուտակումը կանխելու նպատակով 2014թ. նոյեմբերից չաշխատող աշխատակիցների 1900—ը կրճատվել է։ Մնացել է 480 աշխատող, ովքեր կիրականացնեն գործարանի պահպանությունն ու անվտանգությունը։
«Նաիրիտի» գույքն ամբողջությամբ գրավադրված է Միջպետական բանկում, եւ նրա ղեկավարության հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գույքը գրավից հնարավորինս շուտ հանեն։ Խնդիրը կարծես լուծվում է. «Երկու—երեք օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի, իսկ երբ գույքը գրավից հանվի, այն կհանձնվի ՀՀ կառավարությանը»։
Ի դեպ, այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի գործարանի աշխատակիցների աշխատավարձերը ամբողջությամբ վճարեն։ Ե. Զախարյանը դժվարացավ հստակ նշել, թե որքան ժամանակ հետո հնարավոր կլինի ամբողջությամբ մարել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի պարտքը, որը կազմում է 5.7 միլիարդ դրամ. «Չեմ կարող ժամկետներ նշել, թե երբ կվճարենք, բայց հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ ամբողջ աշխատավարձը մարելու հնարավորություն կստեղծենք»։
Տեղեկացրել էինք, որ Համաշխարհային բանկն ուսումնասիրություններ է անում՝ գնահատելու քիմգործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը։ Նախնական արդյունքներն արդեն կան։ «Մենք արդեն ստացել ենք նախնական եզրակացությունը, եւ ես կարող եմ հայտարարել, որ Համաշխարհային բանկը ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ «Նաիրիտի» հետագա շահագործումը նպատակահարմար չէ»,— նշեց Զախարյանը։
«Այնուամենայնիվ, ի՞նչ են ասում այդ նախնական ուսումնասիրությունները, եւ ի՞նչ պատճառներ է նշում ՀԲ—ն, ըստ որոնց «Նաիրիտի» հետագա շահագործումը նպատակահարմար չէ». «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Ե. Զախարյանը համառոտեց, թե վերագործարկման համար, նախնական տվյալներով, անհրաժեշտ կլինի 250—350 մլն դոլար, եւ դրանից հետո էլ պարզ չէ, թե արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ կլինի, թե ոչ, եւ արդյոք այդ շուկան կունենանք, թե ոչ։
Նախարարը միաժամանակ հավելեց, որ սա չի նշանակում, թե կառավարությունն այլեւս չի զբաղվելու գործարանի հետագա շահագործման խնդիրներով. «Գործարանի հետագա ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, եւ եզրակացությունների վերջնական տարբերակները ստանալուց հետո կկայանան քննարկումներ կառավարությունում, որոնք կլինեն բաց եւ թափանցիկ հանրության համար։ «Նաիրիտ» գործարանը բոլոր տարիներին Հայաստանի համար եղել է առաջին արտադրական կարեւորագույն ձեռնարկություններից մեկը, ուստի գործարանի հետ կապված ցանկացած քայլ կներկայացվի հանրությանը՝ հանդիպումների, քննարկումների, տարբեր կարծիքներ լսելու եղանակով։ «Նաիրիտի» հետ կապված որեւէ հարցի լուծում փակ չի լինելու»։
Առաջիկա օրերին Հայաստանի կառավարությունը կստանա Համաշխարհային բանկի վերջնական եզրակացությունը «Նաիրիտի» հետագա շահագործման նպատակահարմարության վերաբերյալ։
Երկարաժամկետ զարգացման ծրագիրը պատրաստ է
Նախարարը շատ հարցերի շուրջ ասուլիսում խոսեց, ներկայացրեց այն բոլոր քայլերը, որոնք միտված են համակարգը կայունացնելուն եւ կայուն զարգացնելուն (վերակառուցվելիք ենթակայաններ, հայկական ԱԷԿ—ի շահագործման երկարացման նպատակով աշխատանքներ, ընդերքօգտագործման արդյունավետության խնդիրներ եւն), բայց քանի որ մենք դրանց մանրամասն անդրադարձել ենք, այսօր չենք խոսի։
Ասենք միայն, որ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով արդեն իսկ վավերացվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համաձայնագրերը, որոնց համաձայն ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3% տոկոսադրույք) եւ 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Երվանդ Զախարյանը կարեւորեց նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը եւ տեղեկացրեց, որ շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների՝ այդ թվում նաեւ Չինաստանի ազգային ատոմային կորպորացիայի հետ։
Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ։
Իբրեւ ամփոփում կարեւորենք հետեւյալը. հաշվի առնելով վերջին տարիներին վառելիքաէներգետիկ շուկայում եւ էներգահամակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման շարժը, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման ընդլայնման միտումները, անհրաժեշտություն է առաջացել մեկտեղել էներգահամակարգի ռազմավարական նշանակության նախագծերը, որի արդյունքում էլ մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղիները» փաստաթուղթը։ Այն, բանախոսի համոզմամբ, կարեւոր նշանակություն ունի ոլորտի համար եւ արդեն իսկ քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ ու շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։
Փաստաթղթի բոլոր ծրագրերն ու միջոցառումները նպատակաուղղված են ապահովել Հայաստանի էներգահամակարգի անխափան, անվտանգ ու հուսալի գործունեությունը, ինչպես նաեւ պետության կարիքների համար մատչելի գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարումը՝ ամենօրյա պայմաններում ու արտակարգ իրավիճակներում։ Դրանից բացի, էներգահամակարգի զարգացման ծրագրերը կնպաստեն Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային էներգետիկ համակարգերին եւ հնարավորություն կտան հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի տարանցման երկիր։
Այլ կերպ՝ նախարարի խոսքերով, ծրագրի իրականացմամբ կունենանք կայուն ու կանխատեսելի համակարգ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|