ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 09:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 16 » Կրթությունն ընդդեմ արդի մարտահրավերների /Երեւանում ընդունվել են համապատասխան փաստաթղթեր. էստաֆետը հանձնվել է Ֆրանսիային/
09:09
Կրթությունն ընդդեմ արդի մարտահրավերների /Երեւանում ընդունվել են համապատասխան փաստաթղթեր. էստաֆետը հանձնվել է Ֆրանսիային/

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ շարունակվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4—րդ քաղաքական ֆորումը։
Համաժողովը մեկնարկել է երեւանյան կոմյունիկեի քննարկումով։ Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարված է պրոֆեսիանալ թիմի կողմից եւ բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար։ Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման է ներկայացվել եզրափակիչ նիստում։
Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ զուգահեռ նիստեր են ընթացել «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ եւ շարժունություն», «Էրազմուս+ծրագիր (2014—2020). միջազգային ուղղվածություն—աջակցություն արդիականացմանը եւ միջազգայնացմանը», «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները եւ առաջնահերթությունները» եւ «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանակից երկներում «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ—ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով։ 
Ամփոփիչ նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտի նման ներկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երեւանյան ֆորումին։
Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները որոշիչ են եղել եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման համար։ Այս երկօրյա համաժողովը Բոլոնիայի գործընթացի տեւական եւ շարունակական հանգրվաններից մեկն է՝ քաղաքամայր Երեւանում։ Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն, որը, կարծում եմ, նոր ձեւակերպումներով եւ գերակայություններով առաջ կմղի բարձրագույն կրթության զարգացման տեսլականը։
Հասարակություններն այսօր զարգանում են սրընթաց արագությամբ, եւ կրթության անփոխարինելի դերը մնում է կիզակետում։ Սա մի բնագավառ է, որը չունի էթնիկ, կրոնական կամ քաղաքական սահմաններ եւ լայն հնարավորություններ է ընձեռում գիտության, նորարարության, ինչպես նաեւ մշակութային ու տնտեսական զարգացման համար։
Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է։ Այն որոշիչ դերակատարություն է ունեցել եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռել տարբեր մշակութային եւ կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր։ Սա նաեւ միջոց է զարգացող երկրների համար կիսելու Բոլոնիայի կրթական համակարգի ձեռքբերումների դրական փորձը, նպաստելու կրթական ծրագրերի փոխանակմանը եւ ուսանողների փոխշփմանը։
Այս համատեքստում մեր երկրների համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության եւ ակտիվ երկխոսության վրա, ինչը կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ քաղաքական եւ տնտեսական հնարավորությունների զարգացման համար։ Միայն որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող հասարակություններ՝ խթանելով առավել ճկուն քաղաքական եւ տնտեսական դիրքորոշումների ձեւավորումը։
Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ Երեւանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր ձեռքբերումների եւ վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները եւ առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվեցին երեւանյան հռչակագրում, մեր կողմից կյանքի կկոչվեն նույն հետեւողականությամբ եւ ներգրավվածությամբ»։
Ներկաները միաձայն հաստատել են երեւանյան կոմյունիկեն եւ Բոլոնիայի գործընթացի 4—րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը։
ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում առաջին անգամ ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության եւ կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում։ Դրանում նշվում է, որ մինչեւ 2020 թվականը նախատեսվում է նվաճել այնպիսի ԵԲԿՏ, որտեղ համընդհանուր նպատակները կիրառվում են բոլոր անդամ երկրներում՝ «ապահովելով փոխադարձ վստահություն միմյանց բարձրագույն կրթական համակարգերում, որտեղ որակավորումների ավտոմատ ճանաչումը իրականություն է՝ թույլ տալով ուսանողներին եւ շրջանավարտներին ազատ տեղաշարժվել, որտեղ բարձրագույն կրթությունը նպաստում է կառուցել ընդգրկուն հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ մարդկային իրավունքների վրա, եւ որտեղ կրթական հնարավորությունները տրամադրում են եվրոպական քաղաքացիության, նորարարության եւ աշխատանքի հնարավորության համար անհրաժեշտ կարողություններ եւ հմտություններ»։ «Մենք խթանելու ենք բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածությունը եւ բարելավելու ենք կրթության հասանելիության եւ ավարտելու հնարավորությունները՝ ներառյալ միջազգային շարժունությունը անապահով խավի ուսանողների համար։ Հակամարտությունների գոտիներում բնակվող ուսանողներին եւ աշխատակազմին մենք կտրամադրենք ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ ապահովելով նրանց տունդարձը համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Մենք նաեւ ցանկանում ենք խթանել դասավանդող ուսանողների ազատ տեղաշարժը՝ հաշվի առնելով նրանց ունեցած կարեւոր դերակատարումը եվրոպական ազգերի գալիք սերունդների ուսուցանման գործում»,–ասվում է կոմյունիկեի տեքստում։
Հռչակագրի մեջ նշվում է, որ Բոլոնիայի 4—րդ քաղաքական ֆորումի անկյունաքարը ԵԲԿՏ—ի, ՄԱՀԱԱՍ—ի (Մերձավոր Արեւելք, Հյուսիսային Աֆրիկա, Ասիա) եւ սահմանակից երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն է։ «Կարեւոր է այն վստահության ամրագրումը, որ բարձրագույն կրթությունը պատրաստ է առերեսվել արդի մարտահրավերներին։ Բարձրագույն կրթության բարեփոխումները կբարելավեն բարձրագույն կրթության որակը եւ կնպաստեն գործազրկության կրճատմանը երիտասարդների՝ հատկապես կանանց շրջանում»,–ասվում է հռչակագրի տեքստում։
Նիստի ավարտին Ա. Աշոտյանը հայտարարել է, որ երեւանյան գագաթնաժողովում Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային, որտեղ էլ կկայանա 2018 թվականի նախարարական գագաթնաժողովը։


Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է
 

ԵԿԲՏ նախարարական գագաթնաժողովի ու քաղաքական ֆորումի շրջանակում անցկացված «Բարձրագույն կրթության եւ Բոլոնիայի գործընթացի հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել զեկույցով։ ԿԳ նախարարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը ժողովրդավարության զարգացման համար։ «Բարձրագույն կրթության համակարգում ժողովրդավարական սկզբունքների կիրառումը կնպաստի նաեւ կոնֆլիկտների լուծմանը եւ կօգնի գտնել փոխզիջումներ, ինչպես նաեւ հասնել նրան, որ մեծամասնությունը հաշվի նստի փոքրամասնության իրավունքների եւ տեսակետների հետ,–շեշտել է Ա. Աշոտյանը եւ հավելել։–Կրթությունը հիմնարար մոտեցում է ժողովրդավարական մշակույթի զարգացման համար։ Ժողովրդավարությունը նոր լեզու սովորելու պես մի բան է՝ եթե տեւական ժամանակ այն չես կիրառում, ժամանակի ընթացքում մոռանում ես»։
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի հեռանկարներին եւ մարտահրավերներին՝ Արմեն Աշոտյանը շեշտել է ուսանողների շարժունության իրավունքի, ուսանողակենտրոն կրթության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների, համալսարանների դերի բարձրացման եւ աշխատաշուկային միտված բարձրագույն կրթության կազմակերպման եւ համալսարանների հանրայնացման խնդիրը։ Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵԿԲՏ բոլոր երկրների համալսարաններում ակադեմիական ազատությունը պետք է լինի հիմնարար սկզբունք, հասարակություններում պետք է բարձրացվի համալսարանների դերը՝ դրանք հանրային բաց ու հաշվետվողական կառույցների վերածելու ճանապարհով։ «Այդ նպատակով շատ կարեւոր է համալսարաններում մոնիթորինգային կենտրոնների ստեղծումն ու երիտասարդ գիտաշխատողների համար աշխատանքային ավելի լավ պայմանների ստեղծումը։ Մյուս կարեւոր խնդիրն աշխատաշուկայի կարիքների բավարարմանը միտված կրթության բովանդակության ստեղծումն է։ Այս իմաստով պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել այդ խնդիրն ունեցող բոլոր երկրների համալսարաններին»,– նշել է ԿԳ նախարարը եւ շեշտել, որ ապագայի մարտահրավերներից կարեւոր նշանակություն ունի նաեւ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահության բարձրացումը ԵԿԲՏ անդամ երկրների հասարակություններում։ «Կարծում եմ՝ որպեսզի գտնենք ինչ տեսակի կրթության կարիք ունենք հարցի պատասխանը, նախ պետք է հստակեցնենք՝ ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ հարցի պատասխանը»,–նշել է Ա. Աշոտյանը։ Քննարկման ընթացքում ԵԿԲՏ ներկայացուցիչներ, եւս անդրադարձել են ԵԿԲՏ տարածքում ուսանողների ֆինանսական վիճակի բարելավմանը՝ որպես համընդհանուր խնդիր։ Նշվել է, որ ըստ վերջին ուսումնասիրությունների՝ ուսանողների ֆինանսական վիճակը համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո վատթարացել է բոլոր երկրներում։ Ասվել է, որ այս խնդրի կարգավորման ուղղությամբ կարեւոր է ուսանողների ներգրավումը բարձրագույն կրթության քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաեւ ուսանողների մոտ արմատավորել սովորելուն զուգահեռ աշխատելու եւ ամբողջ կյանքի ընթացքում սովորելու սկզբունքը։ Անդրադարձ է արվել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական վերապատրաստումների խնդիրներին։ Ելույթների ընթացքում դրական գնահատականներ են հնչել նաեւ երեւանյան կոմյունիկեի մշակման աշխատանքների վերաբերյալ՝ շեշտելով, որ կատարվել է բարձրակարգ աշխատանք։


Կարեւորվում է նոր տեխնոլոգիաների ներդրումը
 

Նիստերի ընթացքում եղել են նաեւ ելույթներ։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադամ Թայսոնը մասնավորապես նշել է. «Բարձրագույն կրթության ռազմավարություններից մեկը նոր տեխնոլոգիաներ ներդնելն է։ Մենք պետք է նկատենք, թե դրանք որքանով են արդյունավետ կրթության համար։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կապերն ավելի սերտ ձեւավորել տարբեր համալսարանների միջեւ»։
Նա ընդգծել է, որ առցանց ուսուցումը էժան չէ, սակայն պետությունները պետք է խթանեն դրա զարգացումը. «Այսօր կան շատ բացեր, համալսարանները, քոլեջները դեռ ամբողջությամբ չեն կարողանում օգտվել նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից»։
Նա հավելել է, որ այս զարգացումները պետք կատարվեն համալսարանների, ուսանողների եւ ղեկավար կազմի համագործակցությամբ, եւ որ Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. «Պետք է կարողանանք ուսանողների համար շարժունակություն ապահովել նաեւ առանց թղթի եւ երաշխավորենք, որպեսզի այս զարգացումներից կարողանան օգտվել նրանք»։
Գերմանիայի կրթության եւ գիտության դաշնային նախարարության տնօրեն Պիտեր Գրայսլերը ցանկություն է հայտնել ամրապնդել համագործակցությունն ու նոր կամուրջներ կառուցել։ «Մենք չգիտեինք, որ պետք է պարել սովորենք եւ կամուրջներ կառուցենք պարի միջոցով։ Կամուրջներ կառուցելու համար պետք է բռնել մեկ ուրիշի ձեռքը եւ աջ կամ ձախ գնալ»,–նշել է Գերմանիայի ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, պետք է կամուրջներ կառուցել նաեւ Բոլոնիայի գործընթացում, «ինչպես նախօրեին Բելառուսի հետ կամուրջ կապեցինք՝ նրանց Բոլոնիայի գործընթացում անդամագրելով»։
Կրթության ոլորտում առկա խնդիրներից նա առանձնացրել է այն, որ կան տաղանդներ եւ չօգտագործված աշխատուժ, սակայն մյուս կողմից էլ առկա է հմուտ մասնագետների կարիք։
Ըստ նրա՝ պետք է փոխել ուսումնական ծրագրերը, որպեսզի բավարարվեն աշխատաշուկայի կարիքները. «Պետք է նաեւ ապահովել համալսարանների ինքնավարությունը»։
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵՊԼՀ–ն իր ներսում արդեն վաղուց կիրառում է Բոլոնիայի սկզբունքները։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն գնահատման չափանիշներին եւ ուսանողների ազատություններին, այլեւ կրթական ծրագրերի իրականացմանը»,–նշել է ռեկտորը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում այսօր իսկապես շատ մեծ իրադարձություն է, նման գագաթնաժողովներ ամեն տեղ չէ, որ լինում են, եւ Հայաստանն արժանացավ այդ պատվին։
«Նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու տարբեր երկրների կրթական համակարգերի։ Կրթական այս որոշումները նպաստում են եվրոպական երկրների ինտեգրմանը կրթական դաշտում։ Ինչքան ավելի բարձր մակարդակով կարողանանք ինտեգրվել, այնքան մենք ավելի լավ կճանաչվենք Եվրոպայում»,–ավելացրել է Գ. Գասպարյանը։


Ամփոփիչ ասուլիս
 

Բոլոնիայի գործընթացի 4—րդ քաղաքական ֆորումի եւ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի ավարտից հետո նիստին ներկա նախարարներն ու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պատասխանտու մի քանի պաշտոնյաներ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են համաժողովի արդյունքները։ Բոլոր բանախոսները շնորհակալություն են հայտնել Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած Հայաստանին՝ արդյունավետ եւ կազմակերպված աշխատանքի, ինչպես նաեւ ջերմ հյուրընկալության համար։
Լատվիայի կրթության եւ գիտության նախարար Մարիտե Սեյլեն ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացը ապացուցել է իր մրցունակությունն ու կարեւորությունը Եվրոպայի կրթության համակարգի համար։ «Երեւանյան կոմյունիկեն մի շարք կարեւոր խնդիրներ է վերհանել եւ մեզ հասցրել է մի շատ կարեւոր հանգրվանի, որ մենք կարող ենք ունենալ արդյունվետ համագործակցություն բարձրագույն կրթության խնդիրների լուծման հարցում»,–շեշտել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ելույթում հնչեցված խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ տեսակի կրթության կարիք ունենք մենք, ապա պետք է իմանանք, թե ինչ տեսակի հասարակություն ենք ուզում ունենալ»։
Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը եւս շնորհակալություն հայտնելով Հայաստանին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար, նշել է. «Այս օրերին կարեւոր առաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների վերաբերյալ, որոնք ապացուցեցին մի պարզ ճշմարտություն, որ բարձրագույն կրթությունը նպատակ ունի ոչ միայն բարելավել զբաղվածությունը, այլեւ ապահովել ժողովրդավարություն»։ 
Իսլանդիայի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծել է, որ այս օրերին Եվրոպայի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. «Այդ խնդիրների լուծման լավագույն ուղին ներդրումներն են կրթության ոլորտում։ Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են իրար հետ համագործակցել եվրոպական պետությունները։ Ես շատ փոքր պետությունից եմ, որի բնակչությունը սահմանափակ է, հենց այդ պատճառով էլ մեր երկրում շատ ենք կարեւորում համագործակցությունը Բոլոնիայի 47 երկրների միջեւ, երբ փոքր, միջին ու մեծ երկրները կարող են հավասար հնարավորություններ ունենալ կրթության խնդիրների լուծման եւ որոշումների կայացման հարցում»։
Եվրոպայի ուսանողների միության նախագահ Ելիզաբեթ Կերկինն էլ ընդգծել է, որ երեւանյան գագաթնաժողովում շատ կարեւոր քննարկումներ են եղել ուսանողների սոցիալական իրավունքների եւ աշխատանքային ներառականության վերաբերյալ, որը թույլ է տալիս հուսալ, որ ԵԿԲՏ տարածքում ուսանողների խնդիրների լուծումներն անիրատեսական չեն։
Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բոլոնիայի քարտուղարությունը արժանապատվորեն Ֆրանսիային փոխանցելու համար։
Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ երեւանյան նախարարական գագաթնաժողովը կայացել է ոչ միայն որպես կազմակերպված միջոցառում, այլ նախ եւ առաջ բովանդակություն. «Երեւանյան գագաթնաժողովը փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի մաս է, եւ Բոլոնիայի գործընթացը պատկանում է բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը եւ փորձում են այդ արժեքները ներդնել եւ վերարտադրել բարձրագույն կրթական հաստատություններում»։ ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով լրագրողի՝ երեւանյան կոմյունիկեում ամրագրված կոնֆլիկտային տարածքների ուսանողների շարժունության իրավունքի վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք կարող ենք ասել, որ երեւանյան կոմյունիկեում ամրագրվել է, որ Եվրոպական կրթական տարածքը պետք է լինի մաքսիմալ ներառական տարբեր կրթական կարիքներ ունեցող, քաղաքական ու աշխարհագրական իրավիճակներում գտնվող մարդկանց համար։ Հիմնական սկզբունքը եղել է կրթություն առանց խտրականության գաղափարի ամրագրումը։ Սա նշանակում է, որ Եվրոպայի կրթության նախարարներն իրենց համաձայնությունն են տալիս, որ Բոլոնիայի շարժունության ծրագրերում պետք է հնարավորություն ունենան ներգրավվել նաեւ կոնֆլիկտային տարածքների ուսանողներն ու դասախոսները»։
Ա. Աշոտյանը նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին գագաթնաժողովն ու ֆորումը ակտիվ լուսաբանելու համար։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 420 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024