ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 18:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Լիարժեք ճանաչման հարցը ժամանակի խնդիր է /Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք/
09:39
Լիարժեք ճանաչման հարցը ժամանակի խնդիր է /Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք/

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ նախօրեին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։ Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ՄԱԿ—ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս եւ Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգեւորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի մայր տաճարում
 

Հարգելի՛ փոխնախագահ Բայդեն,
Վերապատվելի՛ դոկտոր Քեթրին Սքորի,
Պատվելի՛ դոկտոր Օլավ Ֆիքսե Թվեյթ,
Ձե՛րդ Սրբություն կաթողիկոս Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Վաշինգտոնի մայր տաճարում. տաճար, որի հիմքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմից բերված քարն է՝ «Խոսքը մարմին էր եւ բնակվեց մեր մեջ» փորագրությամբ։
Այս տաճարում իր վերջին քարոզը հնչեցրեց իրավահավասարության ականավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգը, ով կյանքում մի երազանք ուներ միայն՝ «արդարության եւ խաղաղության հաստատումը»։
Այս տաճարում իր վերջին հանգրվանն է գտել Ամերիկայի Միացյալ Նահանգների 28—րդ նախագահ Վուդրո Վիլսոնը, ով բացառիկ դերակատարում է ունեցել միջազգային հարաբերություններում ազատական, ավելին՝ իդեալիստական գաղափարախոսության ամրագրման գործում։ Եվ որքան էլ նրան համարեն իդեալիստ, հենց այդ գաղափարախոսության ծնունդ էին միջազգային կազմակերպությունների համակարգի հիմնադրումը, մարդու եւ քաղաքացու իրավունքների միջազգային պաշտպանության առաջին դրսեւորումները, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքների ամրագրումը։ Հայ ժողովրդի հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մեզ ձեռք մեկնած միջազգային առաջնորդ, ով ուներ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման արդար տեսլական։
Հետեւաբար խորհրանշական է, որ այսօր այս տաճարում տեղի է ունենում միջկրոնական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, եւ կհնչեն Սաղմոսի խոսքերը առ այն, որ «բարությունն ու ճշմարտությունը հանդիպեն միմյանց, եւ արդարությունն ու խաղաղությունը տարածվեն»։
Մի՞թե բարության ու մարդասիրության պակասի պատճառով չէր, որ հարյուր տարի առաջ մեկուկես միլիոն հայ զոհ գնաց «սպանել, քանի որ տարբեր է» կարգախոսին։ Մի՞թե արդարության եւ խաղաղության բացակայությունը չդարձավ 6 միլիոն հրեաների սպանության պատճառ, մի՞թե անհամերաշխության հետեւանք չեն մարդկության պատմության մատյանում այսօր գրված Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների էջերը։ Արդյո՞ք համախմբվածության պակասի եւ ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով չէ, որ այսօր էլ Մերձավոր Արեւելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները, թութսիներն ու սուդանցիները։
Ցավալիորեն՝ այո՛։ Եվ, ցավոք, բոլորս ստիպված ենք խոստովանել, որ որպես միջազգային հանրություն՝ չունենք նման երեւույթները կանխելու հուսալի մեխանիզմներ։ Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի մեջ եւ ցինիզմ՝ մեկնաբանություններում։
Հարգելի՛ ներկաներ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ բազմազանության եւ բազմակարծության, ժողովրդավարության եւ ազատության բնօրրանում, գոհունակության խոսք եմ հղում ձեզ առ այն, որ այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին, աշխարհի տարբեր երկրներն ու ժողովուրդները նորովի համախմբվեցին ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ՝ հայտարարելով, որ միասնական են արդարության վերականգնման եւ ճշմարտության հաղթանակի հարցերում։ Նման համախմբման վառ օրինակ է նաեւ այս պահը՝ համերաշխությանն ուղղված միջկրոնական աղոթքով։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Արդարության եւ ճշմարտության համար մղվող մեր հարյուրամյա պայքարի ընթացքում մենք մշտապես զգացել ենք նաեւ ԱՄՆ—ի աջակցությունը։ Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը՝ շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլյամ Սարոյանը՝ «այստեղ հանդիպեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով՝ ստեղծելով մի նոր Հայաստան»։
Ամերիկյան առաջադեմ հասարակական—քաղաքական գործիչները դեռեւս 19—րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը եւ օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին։ Հիշենք ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունը՝ օվկիանոսից այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար։ Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաեւ 1915—1923 թվականներին՝ հայերի զանգվածային կոտորածների եւ տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես ցեղասպանություն։ Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ—ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում։ Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը։ Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաեւ հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով եւ խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի։
Մեր օրերում էլ ԱՄՆ—ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձեր են կատարվում։ Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել եւ դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է։ Հուսով եմ, որ ԱՄՆ—ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»—ի, այլ «երբ»—ի հարց է։
Հարգելի՛ ներկաներ,
Ինչպես իր հուշերում գրում է Հենրի Մորգենթաուն, թուրքական յաթաղանի վտանգի ներքո հեռանալով օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռեւս 2500 տարի առաջ, հայերն ասում էին. «Աղոթե՛ք մեզ համար»։ Օրերս Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ մեկուկես միլիոն նահատակներն արդեն սրբեր են։ Ուստի նրանց համար աղոթելու հետ մեկտեղ, եկեք աղոթենք, որ ճշմարտության եւ արդարության պահանջը լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ, ինչպես 100—րդ տարելիցի նախօրեին ամբողջ աշխարհով հնչող եկեղեցիների հարյուր զանգերը։ Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը՝ հասնելու համար արդարության եւ խաղաղության մեզանում եւ ամբողջ աշխարհում։

Շնորհակալություն

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024