Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։ Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ, եւ հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ։
Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
Միաժամանակ վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից, եւ քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում։
|