ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » Մայիսի 28—ը եւ անկախության խորհուրդը
09:17
Մայիսի 28—ը եւ անկախության խորհուրդը

Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում

1918 թ. մայիսի 28—ին Հայոց Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն՝ բանակցելու եւ հաշտություն կնքելու՝ հանուն անկախ Հայաստանի։ Եվս երկու օր անց՝ մայիսի 30—ին տարածվեց հայտարարություն, որով Հայոց ազգային խորհուրդն «իրեն հայտարարում էր հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»։ Չնայած սրան՝ խորհրդանշական առումով անկախության օր ընտրվեց ոչ թե մայիսի 30—ը՝ հայտարարության օրը, այլ մայիսի 28—ը՝ հաշվի առնելով, որ թուրքերի հետ բանակցելու պայմանն ընդունելն անուղղակիորեն նշանակում էր անկախության հռչակում։
Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում։ Ֆինանսատնտեսական համակարգի փլուզումը, ենթակառուցվածքների խաթարումը, Ռուսաստանի հետ ավանդական կապերի քայքայումը, սահմանային եւ այլեւայլ վեճերը հարեւանների հետ, գաղթականների խնդիրը, երկրի ներսում թյուրքական էլեմենտների խափանարարական եւ բացահայտ թշնամական քաղաքականությունը եւ ի վերջո՝ պետության սահմանների խիստ նեղությունը ապագա զարգացման համար քիչ հնարավորություն էին թողնում։ Հայաստանի անկախության վերաբերյալ այդ օրերին առկա վերաբերմունքը այլաբանորեն խիստ դիպուկ է նկարագրում վարչապետ Սիմոն Վրացյանը. «…հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր՝ շշնջալով՝ «դու իմ եւ ուրախությունն ես… եւ դժբախտությունը…»։ Եվ այդուամենայնիվ, գործող իշխանություններն անկախության առաջին ամիսներին կարողացան տքնաջան աշխատանքի շնորհիվ համախմբել հայ ազգի պահպանված հատվածին եւ լծվել պետականաշինության գործին։ Ըստ որում, մինչեւ 1918 թ. նոյեմբերը՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության անձնատվությունը, պետականաստեղծման աշխատանքը գերմարդկային ճիգեր էին պահանջում։ Ի պատիվ Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Մովսես Սիլիկյանի, Դրաստամատ Կանայանի՝ պետք է նշենք, որ անգամ օսմանյան փաստացի ռազմակալման եւ համատարած սովի ու կոլապսի պայմաններում՝ պետության հիմքերը դրվեցին։
Ինչպե՞ս հնարավոր դարձավ դարավոր ընդմիջումից հետո Հայաստանի անկախ պետականության վերականգնումը։ Ռուսական կայսրության, ապա եւ Անդրկովկասյան Համադաշնության փլուզմամբ, փաստացիորեն Հայաստանի հայաբնակ շրջանները հայտնվեցին վարչաքաղաքական վակուումի սպառնալիքի առջեւ։ Մյուս կողմից՝ Երզնկայի զինադադարից եւ ցարական զորքերի անկանոն նահանջից հետո՝ ռազմաճակատը նույնպես զգալապես քայքայվեց, եւ օսմանյան թուրքական բանակին դիմակայող միակ ուժը հայկական զինված խմբավորումներն էին։ Այսինքն՝ Հայաստանում ապրող հայության բոլոր տեսակի կոլեկտիվ պահանջմունքները սպասարկող ազգային կազմավորման՝ պետականության, առկայությունը օբյեկտիվ հրամայական էր՝ անկախ այդ իրողության գիտակցման առկայությունից կամ բացակայությունից։ Մայիսյան ճակատամարտերը իրական ապացույց էին, որ առանց միասնական ու կենտրոնացված կազմակերպման՝ Հայաստանում հայերին սպասում էր վերացում։ Եվ պատահական չէ, որ հենց մայիսյան ճակատամարտերի հաջող ելքը հնարավոր դարձրեց անկախության հռչակումը։ Որքան էլ «ռեւիզիոնիստական» պատմագրության կողմից փորձ արվի նսեմացնելու Սարդարապատի ու Բաշ—Ապարանի հաղթանակների դերը եւ Հայաստանի Հանրապետության ստեղծումը ներկայացնելու՝ որպես «թուրքական ընծա»՝ անժխտելի է, որ թուրքերի կողմից Հայաստանի հետ բանակցությունների սեղանի մոտ նստելը եւ Հայաստան պետության գոյության հետ հաշտվելն արդյունք էին բացառապես հայկական զորքի հաջողության, առանց որի Հայաստանը վերջնականապես կգրավվեր։
Փաստորեն, մի կողմից արտաքին պայմանները հնարավորություն էին ստեղծում անկախանալու, մյուս կողմից՝ լրջագույն սպառնալիք էին։ Դիցուք՝ մի կողմից Ռուսական կայսրության փլուզումն ազգային—քաղաքական ինքնուրույնացման հնարավորություն էր ստեղծում, մյուս կողմից՝ կասկածի տակ դնում պետության տնտեսական գոյությունը։ Նմանապես եւ օսմանյան թուրքական արշավանքը զուտ տեսականորեն ազգային—քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի խթան էր, բայց եւ միեւնույն ժամանակ՝ ահռելի բեռ։ Հայությանը, սակայն, հաջողվեց ներքին ընդհանուր ինքնակազմակերպման եւ հնարավորինս արդյունավետ կառավարման շնորհիվ՝ գոյատեւել։ Անշուշտ, դրա համար պարարտ հող նախապատրաստեցին նաեւ արտաքին նպաստավոր պայմանները՝ սկզբում երկու դաշնակիցների՝ Գերմանիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ հակասությունը, ապա եւ՝ Օսմանյան կայսրության նոյեմբերյան անձնատվությունը։ Առհասարակ, պետության գոյության առաջին շրջանում ղեկավարությանը հաջողվում էր առավելագույնս օգտվել արտաքին իրավիճակից։ Ցավալի փոփոխությունն այս հարցում վրա հասավ 1920–ից, երբ ապրիլին Ադրբեջանում իշխանությունն անցավ բոլշեւիկներին եւ զուգահեռաբար ծավալվեցին հայ—ռուսական եւ խաղաղության վեհաժողովի՝ Օսմանյան կայսրության հետ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները։ Կարելի է ասել, որ այդ շրջանից արդեն երկրի իշխանությունները չկարողացան ճիշտ կողմնորոշվել միջազգային, բայց առավել կոնկրետ՝ տարածաշրջանային իրադարձությունների հարցում, ինչն ի վերջո հանգեցրեց պետականության կորստյան։
Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման եւ կործանման պատմությունից։ 
Նախեւառաջ, մեկընդմիշտ ուսանելի է այն պարագան, որ Հայաստանում հայ ազգի գոյապահպանման եւ առաջընթացի առաջնային գրավականը սեփական անկախ պետությունն է։ Միայն պետականության ներքո կարող են կազմակերպված եւ ինքնուրույն ի հայտ գալ զարգացման ենթակառուցվածքներն ու նախադրյալները։ Դիպուկ օրինակ է ներգաղթի պատմությունը։ Գաղտնիք չէ, որ գաղթականական զանգվածներից զատ՝ առաջին հանրապետության գոյության երկուսուկես տարիներին մշտապես նկատվում էր նաեւ վերաբնակիչների կամ նման ցանկություն հայտնողների մեծ թիվ։ Ըստ որում, հաշվի առնելով Հայաստանի այդ ժամանակվա ծանրագույն կացությունը՝ դժվար է ռացիոնալ փաստարկման ենթարկել ներգաղթողների մոտիվացիան։ Պատկերը փոխվեց Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Բանն այն է, որ թեպետ հայերի ներգաղթը դեպի Խորհրդային Հայաստան շարունակվեց, սակայն գործընթացի կառավարիչն արդեն Կենտրոնն էր, եւ պատահական չէ, որ 1927 թ. ՍՍՀՄ—ում ներքաղաքական սուր ճգնաժամից եւ բռնադատությունների ալիքի սկզբնավորումից հետո ներգաղթն արհեստականորեն դադարեցվեց՝ թեեւ չյուրացված հողեր եւ վերաբնակվել պատրաստվողներ տակավին կային։ Ազգահավաքին առնչվող այս մեկ դինամիկ օրինակով անգամ պարզ է անկախության բացառիկ արժեքը, երբ հնարավոր է սեփական շահերին համահունչ գծել երկրի զարգացման ուղեգիծը։
Առաջին հանրապետության օրինակով կարեւոր է նաեւ սթափ դատել եւ եզրակացնել, որ տարածքի հանդեպ իրավապահանջության առաջնահերթ միջոցը վերջինս արդյունավետ կերպով պաշտպանելն է, ինչը կարեւորագույն հենարան է ցանկացած բանակցային սեղանին։ 
Այդպես մայիսյան հաղթանակները ճամփա բացեցին անկախության առաջ, Նժդեհի գլխավորությամբ հայության պայքարը Զանգեզուրում երկրամասը թողեց Խորհրդային Հայաստանի կազմում, բայց եւ այդ նույն տրամաբանությամբ՝ 1920 թ. աշնանը կորցնելով Կարսը՝ այլեւս անկարելի եղավ այն «թղթով» վերադարձնել։ Իսկ Կարսի անկման պատճառներն ամբողջությամբ կազմակերպչական էին։ Ակադեմիական գրականության մեջ բավականին տարածված է Ռուբեն Տեր—Մինասյանի այն բացատրությունը, որ պարտության հիմնական պատճառը բոլշեւիկյան ուժերի պառակտչական եւ բարոյալքիչ գործողություններն էին բանակի շարքերում։ Անշուշտ, պարտավոր ենք ընդունել, որ այդ գործոնը դեր խաղացել է, սակայն բացարձականացնել այն չի կարելի. ի վերջո բարոյալքման ավելի մեծ վտանգ կար նաեւ 1918 թ. մայիսին, բոլշեւիկյան պրոպագանդան աշխատում էր նաեւ Զանգեզուրի դեմ, սակայն այդ երկու դեպքերում էլ հնարավոր եղավ հաղթել։ Համոզված ենք, որ Կարսի անկման բոլոր պատճառների խորքային քննությունը՝ որպես ներկա եւ գալիք սերունդների համար ուղեցույց, դեռեւս կարոտ է պատմագիտական համակողմանի քննության։
Որպես ամփոփիչ եզրակացություն՝ կարող ենք նշել, որ մայիսյան հաղթանակները եւ առաջին հանրապետությունը պետականության հաջորդական զարգացման կենդանի ապացույց էին։ 
Այսպես, եթե չլիներ Առաջին աշխարհամարտի տարիներին հայության զինված կամավորական շարժումը, չէր ձեւավորվի նաեւ ապագա բանակը, ասել է թե՝ պետությունը, եւ եթե չլիներ վերջինս, ապա մեծ կասկածի տակ կլիներ Խորհրդային Հայաստանի ապագա գոյությունը՝ որպես առանձին միութենական հանրապետություն։ Այսինքն՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. մայիսյան հաղթանակներով ստեղծված պետության օրգանական շարունակությունն է։ Ուստի շատ կարեւոր է ապագայում նույնպես ամրապնդել այն գիտակցումը, որ պետության հզորացումը սերունդների հերթագայող աշխատանքի ամենաուղղակի հետեւանքն է։ Հակառակ պարագայում պետությունները դատապարտվում են կործանման։ hhpress.am

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 424 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024