Կրկին մայիսի վերջին տասնօրյակ, կրկին վերջին զանգի ուրախալի իրարանցում, կրկին ծնողների հոգիներում բռնկված՝ իրենց զավակների համար անկրկնելի այդ օրը հնարավորինս անկրկնելի ճոխությամբ նշելու ոգեւորություն, կրկին խելակորույս մթնոլորտ շրջանավարտների շրջանում, ինչը հղի է նաեւ անցանկալի դիպվածներով, որոնք մթագնում են լույսով ու ջերմությամբ լցված «Վերջին զանգի» իմաստը։ Որպեսզի հնարավորինս կանխվեն անցանկալի դեպքերը, պարտականությունների մեծ բեռ է դրված ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի՝ ճանապարհապարեկային ծառայության բաժնի վրա։ Այդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը երեկ կրկին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հանրությանը տեղեկացնելու այն մասին, թե վերջին զանգի օրը ինչ չի կարելի անել։
Արդեն սովորական է դարձել այդ օրն արգելվող գործողությունների մասին խոսելը, օրենքով սահմանված պատիժներով «սպառնալը», հորդորելը, սակայն...
Հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցներում վերջին զանգը հնչելու է մայիսի 22—ին։ Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի իրենք նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ։ Դրանք կատարվել են ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաքում։ ՃՈ–ն շատ է կարեւորում այդ աշխատանքը, քանի որ խոսքը երեխաների անվտանգությանն է վերաբերում։ «Համայնքային ոստիկանների եւ անչափահասների գործերով տեսուչների ուժերով հանդիպումներ են կազմակերպվել գրեթե բոլոր ավագ դպրոցներում։ Հանդիպումներ են կազմակերպվել շրջանավարտների, ինչպես նաեւ նրանց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվների հետ։ Մի քանի դպրոցներում էլ անձամբ ինքս եմ հանդիպում ունեցել, հորդորել զերծ մնալ մեքենաներ վարելը խրախճանքի միջոց դարձնելուց, փորձել ենք բացատրել օրվա առանձնահատկությունները եւ հույս ունենք, որ մեր հանդիպումները լիովին կծառայեն իրենց իսկ նպատակին»,–ասաց Նորիկ Սարգսյանը։
Այդուհանդերձ, ինչպես նշեց բաժնի պետը, հորդորների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ։ Արձանագրվում են դեպքեր, երբ մեքենան գտնվում է երեխայի ձեռքին կամ թույլ է տրվում, որ իրենց վարած ավտոմեքենաներում գտնվող երեխաները երթեւեկեն պատուհաններից կախված, ինչն անչափ վտանգավոր է քաղաքային հոծ երթեւեկության պայմաններում։ «Նախորդ տարի այդպիսի 86 փաստ ենք հայտնաբերել։ Այդ բոլոր տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք եւ արգելանքի տակ են դրվել։ Բաց են թողնվել միայն հաջորդ օրերին՝ վարչական ներգործության միջոցներ ձեռնարկելուց հետո»,–ասաց գնդապետը։
Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ, ՃՈ բոլոր ուժերն ու միջոցներն այս օրերին կենտրոնացվելու են դպրոցամերձ փողոցներում եւ այն վայրերում, որտեղ կազմակերպվում են վերջին զանգին նվիրված հանդիսություններ եւ միջոցառումներ։ Ասաց նաեւ. «Մեր կողմից արվելու է ամեն ինչ, որ կարողանանք ապահովել շրջանավարտների երթեւեկության անվտանգությունը։ Դժբախտ դեպքերից խուսափելու համար ցանկանում եմ կրկին հորդորել, խնդրել, պահանջել շրջանավարտների ծնողներից ու նրանց հարազատներից՝ թույլ չտալ, որ երեխաները հայտնվեն մեքենաների ղեկին, նրանց քմահաճույքով չշարժվել, հակառակ դեպքում գործ կունենան ճանապարհային ոստիկանության հետ։ Հավաստիացնում եմ. այն երեխան, որը կփորձի ղեկին գտնվել եւ տրանսպորտային միջոց վարել, դա ընդամենը կտեւի մինչեւ առաջին իսկ ճանապարհային ոստիկանին հանդիպելը, որից հետո կատարվելու են օրենքով նախատեսված ամենախիստ գործողությունները։ Ներողամտություն չի լինելու։ Նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ խստությունն է երաշխավորում անվտանգությունը»։
Նորիկ Սարգսյանը ճանապարհային ոստիկանության անունից շնորհավորեց բոլոր շրջանավարտներին նրանց կյանքում բացառիկ եւ անմոռանալի օրվա կապակցությամբ։ Հարցին ի պատասխան նա տեղեկացրեց, որ ՃՈ–ի կողմից հսկողությունը սկսվելու է մայիսի 22—ին եւ տեւելու է մինչեւ դպրոցական քննաշրջանի ավարտը։ Մոտ մեկ ամիս։
Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված սահմանված կարգի խախտման համար։ Վարչական պատասխանատվության ենթակա է 16 տարին լրացած անձը, որը չունի վարորդական իրավունք՝ 20 հազար դրամ, իսկ ղեկը հանձնողին՝ 10 հազար դրամ։ Ասել է թե՝ մեկ անգամ ղեկը անչափահասին հանձնելը ընտանիքի բյուջեի վրա կնստի 30 հազար դրամ տուգանք։
Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցների տնօրենները համակարծիք են ՃՈ–ին եւ ցանկանում են հնարավորինս խստապահանջ լինել, բացառություններ չանել։ Անցյալ տարվա վերջին զանգի օրը չնայած առանց խախտումների չի անցել, սակայն ողբերգական դեպք չի գրանցվել։ Ոչինչ չի խանգարում, որ այս տարվա յուրօրինակ այդ միջոցառումն էլ անցնի առանց լուրջ դեպքերի։ Դա պայմանավորված է ծնողների ուշադրությամբ, հարազատ զավակների կյանքի անվտանգությունը գնահատելու նրանց կարողություններով։ Մեքենան խաղալիք չէ, սիրելի ծնողներ... hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
|