ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 13 » «Մետաքսի ճանապարհը»՝ զարգացման ճանապարհ /Պեկինը հետաքրքրված է այն վերականգնելու հարցում/
09:04
«Մետաքսի ճանապարհը»՝ զարգացման ճանապարհ /Պեկինը հետաքրքրված է այն վերականգնելու հարցում/

Չինաստանի հետ համագործակցության հնարավորությունը ոգեւորիչ է հայերի համար։ Ոգեւորությունը տեսանելի էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցի օրերին։ Պարզվում է սակայն, որ նույնպիսի տրամադրվածություն կա նաեւ չինական կողմից։ Պեկինը պակաս հետաքրքրված չէ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու եւ «Մետաքսի ճանապարհը» վերականգնելու հեռանկարով։
Պեկինում ճանաչողական այցով գտնվող Հայաստանի եւ Բելառուսի լրագրողների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինն ասաց, որ Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանի տնտեսության զարգացման գործում. «Հայ եւ չինացի ժողովուրդները միմյանց հետ համագործակցել են դեռեւս հին ժամանակներից, երբ գործում էր Մետաքսի ճանապարհը, եւ թեեւ մեր երկրները միմյանցից հեռու են գտնվում, այժմ էլ այդ համագործակցությունը շարունակվում է։ Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ հատկապես տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտներում»։
 
Հայկական ծիրանը Չինաստանում
Գոպինի խոսքով, Հայաստանի եւ Չինաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Նա ընդգծեց, որ Չինաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների ավելի խորացնելու հարցում։ Փոխնախարարը նաեւ նկատեց, որ Հայաստանին եւ Չինաստանին կապում է ոչ միայն տնտեսական համագործակցությունը։ Չինաստանի երկու նահանգներում հայկական ծիրան են աճեցնում. «Հայկական ծիրանն արդեն աճեցվում է չինական հողում եւ դարձել է հայ—չինական բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ»։
Չինացի դիվանագետը չմոռացավ նշել, որ Հայաստանը հին երկիր է, որն ունի փայլուն մշակույթ եւ հրաշալի պատմություն. «Խելացի եւ աշխատասեր հայ ժողովուրդը այսօր էլ լծված է երկիրը շենացնելու գործին»։
Այն, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի «Մետաքսի ճանապարհի» վերականգնման հարցում, հաստատում են նաեւ չինացիները։ Չինաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ինստիտուտի ղեկավար Յան Ցզինի խոսքով, չինական կողմն ակնկալում է, որ Հայաստանն իր մասնակցությունը կունենա ենթակառուցվածքների շինարարության գործում։ Նա համոզված է, որ «Մետաքսի ճանապարհի» վերականգնման հարցում շատ կարեւոր նշանակություն ունեն նաեւ Հայաստանի եւ Չինաստանի քաղաքական գործիչների շփումները։ Երկու երկրների քաղաքական գործիչները փոխադարձ շփումներով պետք է համաձայնեցնեն իրենց քաղաքականությունն այդ հարցում, որպեսզի փոխադարձ արդյունավետ ներդրումներ եւ ծրագրեր իրականացվեն այդ մեծ նախագիծը կյանքի կոչելու համար։
Սակայն միայն քաղաքական գործիչների շփումը բավարար չէ։ Շփումները պետք է ակտիվացնեն նաեւ երկու ժողովուրդները։ Իսկ Հայաստանն ու Չինաստանը այս հարցում շատ անելիքներ ունեն. «Մետաքսի ճանապարհի» վերականգման համար, բացի ենթակառուցվածքների ստեղծումից, շատ կարեւոր նշանակություն ունի նաեւ այդ ճանապարհն ընդգրկող երկրների ժողովուրդների միջեւ ակտիվ շփումների հաստատումը։ Հասարակ չինացին կարող է պատկերացում չունենալ Հայաստանի մասին։ Այս ոլորտում դեռ շատ անելիք կա»։ 
Յան Ցզինի կարծիքով՝ «Մետաքսի ճանապարհի» վերականգնումը կարող է նպաստել բազմաթիվ երկրների զարգացմանը՝ փորձի փոխանակման, տարբեր քաղաքակրթությունների եւ մշակույթների միաձուլման եղանակով։
Ի դեպ՝ անցյալ տարի Չինաստանը հատուկ հիմնադրամ է ստեղծել «Մետաքսի ճանապարհի» վերականգնման ծրագրի իրականացման համար, իսկ այս տարի չինական կողմի նախաձեռնությամբ ստեղծվել է Ենթակառուցվածքների եւ ներդրումների ասիական բանկը, որը պետք է վարկային միջոցներ տրամադրի այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքների շինարարության համար։ Հայաստանը կարող է այդ միջոցներից օգտվել՝ ենթակառուցվածքների շինարարության համար կարող է հայտով դիմել չինական կողմին, որը կքննարկի այդ հարցում Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը։
Յան Ցզինը հույս հայտնեց, որ Հայաստանն ի վիճակի կլինի իր զարգացման ռազմավարությունը կապել «Մետաքսի ճանապարհի» զարգացման հետ։

ՀՀ—ի ԵՏՄ անդամ  լինելը՝ ներդրումների խթան
Հայաստանից Չինաստան արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը Չինաստան։ Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է. հագուստ, կոշիկ, շինանյութ, սննդամթերք եւ այլն։ Չինական ապրանքները Հայաստանում ամենուր են։
Չինաստանի առեւտրի նախարարության Եվրոպայի եւ Ասիայի հետ կապերի վարչության պետի տեղակալ Չժան Դունը սակայն նշեց, որ առեւտրի ոլորտում որոշակի դժվարություններ կան։ Դրանք պայմանավորված են ենթակառուցվածքների բացակայությամբ։ Հայաստանն ու Չինաստանը միմյանցից շատ հեռու են գտնվում, իսկ Հայաստանը ծովային ճանապարհ չունի, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը. «Հայաստանի նախագահի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցությունը առեւտրի եւ տնտեսության ոլորտներում՝ համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորման, Մետաքսի մեծ ճանապարհի վերականգման եղանակով։ Նաեւ Չինաստանի առեւտրի նախարարությունը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը առեւտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել»։ Չժան Դունի խոսքով՝ այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար կողմերը պետք է ուժեղացնեն ենթակառուցվածքները եւ պայմաններ ստեղծեն համագործակցությունը արդյունավետ դարձնելու համար։ Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակում հնարավոր կլինի լուծել տրանսպորտի խնդիրը, ինչն առավել նպաստավոր կդարձնի տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը։
Իսկ համագործակցությունն արդյունավետ դարձնելու եւ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունները պատշաճ կերպով կյանքի կոչելու նպատակով Երեւանում առաջիկայում տեղի կունենա առեւտրատնտեսական հարցերով հայ—չինական համատեղ հանձնաժողովի նիստը։ «Չինաստանի առեւտրի նախարարությունը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արդեն սկսել են այդ նիստի նախապատրաստական աշխատանքները»,–նշեց Դունը։ Թեեւ նիստի անցկացման ժամկետները դեռեւս հստակ չեն, սակայն նիստը կգումարվի առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Նա նկատեց, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչն ավելի լայն հնարավորություններ է բացում չինացի գործարարների համար Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում։
Չժան Դունն ընդգծեց, որ Հայաստանը նաեւ ավելի ու ավելի գրավիչ է դառնալու չինացի զբոսաշրջիկների համար, ովքեր միշտ ցանկանում են ինչ—որ յուրահատուկ բան տեսնել։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Պեկին—Երեւան
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 478 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024