Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է խորհրդարանականներին եւ հույս հայտնել, որ ակտիվ փոխայցելությունների միջոցով երկկողմ խորհրդարանական համագործակցությունը որակական նոր մակարդակի կբարձրանա՝ նպաստելով նաեւ հայ—նիդերլանդական միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Նշելով, որ չնայած երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 23 տարվա պատմություն ունեն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ եւ նիդերլանդացի ժողովուրդների բարեկամությունը պատմական խորը արմատներ ունի։
Հանրապետության նախագահը նշել է, որ Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում նաեւ՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից, ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել, եւ Հայաստանը շահագրգռված է Նիդերլանդների հետ բարեկամությունը խորացնել եւ ամրապնդել։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրին Նիդերլանդների ցուցաբերած տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում անցկացվող հիշատակի միջոցառումներին, դրանց խորհրդին ու կարեւորությանը։ Նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի կողմից 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, միաժամանակ մեծապես գնահատելի համարելով ս.թ. ապրիլի 9—ին ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, որը, նախագահի խոսքով, իր տեսակի մեջ բացառիկ է։ Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա եւ այդ որոշման հեղինակ պատգամավորներին, ինչպես նաեւ բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր իրենց աջակցությունն են բերել որոշման ընդունման գործին։
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ այդ փոփոխությունների կարեւորությանը, Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ Եվրամիության հետ մեր երկրի փոխգործակցության ամրապնդման հեռանկարի վերաբերյալ Հայաստանի ակնկալիքներին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|