Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երեւանում է գտնվում խորհրդի 47—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ կարեւորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երեւանյան նիստը, որը, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ—ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարեւոր բաղկացուցիչներից է։
Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարեւորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ եւ այլն։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ—ռուսական համագործակցության ներկայիս ընթացքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|